Ստեփանակերտում երթ և հանրահավաք իրականացվեց
22:05 - 28 մայիսի, 2022

Ստեփանակերտում երթ և հանրահավաք իրականացվեց

Այսօր «Դիմադրություն» շարժումը հանրահավաք էր իրականացնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում։ ՍիվիլՆեթը շրջել է Ստեփանակերտում և զրուցել երթին եւ հանրահավաքին մասնակցող պատգամավորների, ինչպես նաև քաղաքացիների հետ։

Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը նշում է, որ Ստեփանակերտում ժողովուրդը դուրս է եկել իր մտահոգությունները հայտնելու․

«Արցախը չի կարող անտարբեր մնալ, եւ այսօր ինչպես Հանրապետության տարբեր բնակավայրերում, այնպես էլ քաղաքամայր Ստեփանակերտում ժողովուրդը դուրս է եկել իր մտահոգությունները ներկայացնելու, միաժամանակ նաեւ իր աջակցությունը հայտնելու Ֆրանսիայի հրապարակի մեր հայրենակիցներին։ Ընդհանուր առմամբ, մենք միշտ ձեռնպահ ենք մնացել ու փորձել ենք ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին ընդհանրապես չմասնակցել, բայց սա այլ հարց է․ խոսքը վերաբերում է Արցախի ճակատագրին, Արցախում ապրող հայ մարդկանց։ Սա, ըստ էության, ոչ թե ներքաղաքական հարցերի լուծման հարթակ է, այլ մեր ապագայի վերաբերյալ հարցերի պատասխանը տալու»։ 

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ ասում է․

«Ժողովուրդը ոտքի է կանգնել եւ փորձում է ցույց տալ, որ ինչ-որ անձ չի կարող մի ամբողջ ժողովրդի ճակատագիր վճռել։ Ժողովուրդը ոտքի է կանգնել՝ ասելու, որ մենք ենք տերը մեր երկրի, ու ոչ մեկն իրավունք չունի ո՜չ մեր թիկունքում, ո՜չ մեր անունից այլ հարթակներում հանդես գալու՝ բացառությամբ մեր ինքնորոշման իրավունքը առաջ տանելուց։

Երթին մասնակցող քաղաքացիներից մեկն էլ նշում է՝ իրենց կյանքը Ադրբեջանի կազմում չեն պատկերացնում։

«Այս 94 տարին բավական էր, որ աշխարհին ապացուցենք, որ Ադրբեջանի կազմում ապրել, գոյատեւել հնարավոր չէ։ Արցախը լոկ տարածք է Ադրբեջանի համար, իսկ արցախահայությունը նրա համար ոչինչ է։ Դրա համար մենք չպետք է երկնչենք, եւ պայքարի ենք դուրս եկել, մենք երբեք մեր կյանքը Ադրբեջանի կազմում չենք պատկերացնում»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել