Դանիայում այսօր՝ հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվում ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիայի շուրջ 4,3 մլն քաղաքացի որոշում է այն բացառություններից հրաժարվելու հարցը, որոնք երկրին թույլ են տալիս չմասնակցել ԵՄ Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը (CSDP), հայտնում է DW-ն։
Այս բացառությունների չեղարկմանը կողմ է արտահայտվել 14 քաղաքական կուսակցություններից 11-ն, այդ թվում՝ իշխող սոցիալ-դեմոկրատները։ Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան ուշ երեկոյան։
Հանրաքվե անցկացնելու որոշման մասին մարտի սկզբին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 10 օր անց, հայտարարել էր երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այն բանից հետո, երբ հինգ առաջատար քաղաքական կուսակցություններ պայմանավորվել էին երկրի անվտանգության քաղաքականության փոփոխման մասին։ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԵՄ միակ պետությունն է, որը չի մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։
Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում է 1993 թ-ից, այն ընդունվել է, երբ դանիացիները հանրաքվեին մերժել են ԵՄ հիմնադրման մասին Մաաստրիխտի պայմանագիրը։ Այս բացառությունը նշանակում է, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չի մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։
Նորա Վանյան
comment.count (0)