Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ
19:53 - 02 հունիսի, 2022

Ըստ պաշտպանների՝ Հրայր Թովմասյանի գործում առկա գաղտնալսումները չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքի խախտմամբ

#Կարճասած

  • Դատարանն ավարտեց Հրայր Թովմասյանի գործով փաստաթղթերի հետազոտումը, հերթը հասավ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռքբերված գաղտնալսումներին
  • Ըստ պաշտպանական կողմի՝ այդ գաղտնալսումները ի սկզբանե չպետք է հետազոտվեն, քանի որ ձեռք են բերվել իրավունքների խախտմամբ, դատախազները, սակայն, հակառակ կարծիքին են
  • Այնուհանդերձ, դրանք այսօր հետազոտվեցին մասամբ․ պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն ներկայացնելու համար։

#Ավելիմանրամասն

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր շարունակվեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով ապացույցների հետազոտումը։

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հրապարակեց գործում առկա փաստաթղթերը, որից հետո անցավ գաղտնալսումների հրապարակմանը։ Նախքան դա Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հարց հնչեցրեց՝ ճի՞շտ է հասկանում, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Թովմասյանի բնակարանի անձեռնմխելիության խախտման փաստը հաստատելու մասին, գործի նյութերում առկա չէ։ Ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե առկա լիներ, ինքը դա կհրապարակեր։ Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին չհետազոտել Թովմասյանի բնակարանի խուզարկության արձանագրությունը՝ պատճառաբանությամբ, որ այն, թեեւ ի սկզբանե դատարանի որոշման հիման վրա է իրականացվել, սակայն հետագայում դրա դեմ բողոք է ներկայացվել, եւ Վերաքննիչ դատարանը բեկանել է խուզարկության թույլտվության որոշումը՝ այն որակելով անօրինական։ Դատարանը, այնուհանդերձ, հետազոտել էր այն՝ նշելով, որ այս փուլում չի կարող գնահատական տալ ապացույցների թույլատրելիությանը եւ դրանց անդրադառնալու է խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս։

Այդ հարցը այսօր եւս քննարկման առարկա դարձավ։ Երբ դատարանը սկսեց հետազոտել Էդուարդ Այվազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ գաղտնալսման այդ գործընթացը առնվազն գործի նյութերում առկա ապացույցներով հիմնավոր չէ, քանի որ, ըստ նրա, անձի հեռախոսի գաղտալսումը թույլ տալու համար պարտադիր պահանջ է նրա՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու պայմաններից մեկը․ «Մնացած դետալները չասեմ, ինքնին ձայնագրությունը սույն գործի շրջանակում ապօրինի է եւ չի կարող քննարկման առարկա դառնալ, հետեւաբար չի կարող նաեւ ուսումնասիրվել, որպեսզի դատարանի ներքին համոզման վրա ազդեցություն չթողնի»։ Պաշտպանի համոզմամբ՝ նախագահողը չպետք է թույլ տա ապօրինի որեւէ նյութի ուսումնասիրությունը դատական նիստում, եթե այդ նյութի ապօրինիությունը հնարավոր է արձանագրել առանց դրա բուն պարունակությունը ուսումնասիրելու։

Նշենք, որ Էդուարդ Այվազյանը այն անձն է, ով ի սկզբանե գնել է Բաղրամյան պողոտայում գտնվող  անշարժ գույքը, որի մասին խոսվում է մեղադրանքում։ Ըստ դրա՝ Թովմասյանն ու Փանոսյանը խոչընդոտել են նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Գաղտնալսումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ մեղադրական եզրակացությունում մեջբերված են հիշյալ հեռախոսային խոսակցություններից երկուսը, իսկ սկավառակի մեջ առկա է վեց ձայնագրություն․ «Ուստի եթե, այնուամենայնիվ, լսում ենք, լսենք նրանք, որոնք ներառված են մեղադրական եզրակացության մեջ»,- ասաց նա։ Դատախազ Արսեն Մարգարյանը, սակայն, հակադարձեց՝ սկավառակում առկա բոլոր ձայնագրությունները գործում ապացույց են, ուրեմն՝ պետք է հետազոտվեն․ «Իսկ թե քանի խոսակցություն է մեղադրական եզրակացության մեջ քննիչը արձանագրել, չի կարող կանխորոշիչ լինել սկավառակի պարունակությունը մասամբ լսելու համար»,- ասաց դատախազը։

Դատարանը, ամեն դեպքում, շարունակեց գաղտնալսումների հետազոտումը, որոնց պարունակությունը լիարժեք լսելի չէր, այնուհանդերձ, հասկանալի եղավ, որ կողմերը խոսում են անշարժ գույքի վաճառքի, քննչական մարմնում բացատրություններ չտալու մասին, եւ մի քանի անգամ հնչում էին «հեռախոսով ի՞նչ ասեմ»,  «հեռախոսով չխոսենք» արտահայտություններ։

Գաղտնալսումների հետազոտումը դարձյալ ընդհատվեց, երբ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը խնդրեց՝ դատախազները բացատրեն, թե այդ հեռախոսազրույցները ինչ կապ ունեն մեղադրանքի հետ կամ մեղադրանքի կոնկրետ որ հանգամանքին են առնչվում։ Դատախազները արձագանքի անհրաժեշտություն չտեսան, եւ դատարանը ցանկացավ շարունակել գաղտնալսման հետազոտումը։ Սարգսյանը, սակայն առարկեց՝ ասելով, որ իր հարցը մնաց անպատասխան․ «Ես կարող եմ բազմաթիվ հայտարարություններ անել, ծանրաբեռնել դատական նիստը, ինչպես այս գործն է ծանրաբեռնված, բայց մենք պաշտպանական իրավունք ենք իրացնում, մեկ-երկու բառով կարելի  է ասել՝ մեղադրանքի այս հատվածին է վերաբերում, որ մենք էլ իմանանք՝ ինչից ենք պաշտպանվում»։

Մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը ավելի ուշ պարզաբանեց՝ այնպես չէ, որ իրենք իրենց մեջ այդ բացատրությունները չունեն, դրա համար չեն արձագանքում, խնդիրը պարզապես այն է, որ նման օրենսդրական պահանջ չկա․ «Այսինքն՝ դատախազը որեւէ պարտավորություն չունի  բացատրություններ տալու, հիմնավորումներ ներկայացնելու, թե այս ապացույցը առանձին ինչին է վերաբերում, մենք բերել ենք գործը, բերել ենք ապացույցները, ասում ենք՝ սա է, արդեն հանձնել ենք դատարանի դատին»,- ասաց նա։

Այնուհետեւ Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց հրապարակել ամեն ձայնագրության ձեռքբերման աղբյուրը, այսինքն՝ դրա հիմք հանդիսացող փաստաթուղթը, որով, ըստ պաշտպանի, հասկանալի կդառնա, թե տվյալ սկավառակը որտեղ է ստեղծվել, որտեղից որտեղ ուղարկվել։ Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտնեց՝ գործում առկա բոլոր փաստաթղթերը դատարանը արդեն իսկ հրապարակել է։ «Այսինքն՝ չկա՞ ձեռքբերման աղբյուրը»,- հարցրեց պաշտպանը, ինչին ի պատասխան՝ դատավորն ասաց, որ եթե եղել է, ուրեմն՝ հրապարակվել է։ «Եթե-ով չէ, մենք ապացույց ենք հետազոտում, հրապարակվե՞լ է արդյոք ձեռքբերման աղբյուրը թե՞ ոչ»։

Պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ շարունակեց․ «Դատարանը ոչ թե պետք է առաջարկի դատախազներին ցանկության դեպքում արձագանքել, այլ եթե նրանք շատ հստակ չեն բերում բավարար հիմնավորումներ, որ դատարանի մոտ ձեւավորվի համոզմունք, որ սա ունի ծագում, եւ այն օրինական է, ապա պետք է հանի գործի նյութերից եւ վերադարձնի Դատախազությանը»։ Դատավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացակարգով է պաշտպանը դա պատկերացնում․ «Ընթացակարգը հետեւյալն է․ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք, որի բաղադրատարր է, որ ապօրինի ձեռքբերված ապացույցը չի կարող օգտագործվել, անմիջականորեն կիրառեք Սահմանադրության նորմերը»,- ասաց նա՝ հավելելով․ «Կա ձայնագություն, լսեցինք, հասկացանք, բայց այդ ձայնագրությունը որտեղի՞ց է հայտնվել, այսինքն՝ ո՞վ է ձայնագրել, որտե՞ղ է ձայնագրել, ինչի՞ հիման վրա է ձայնագրել, եթե դրանք չկան, դուք ինչպե՞ս եք գնահատելու այն»։ Պաշտպանն ընդգծեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը» եւս ուղղակիորեն նախատեսում են, որ ապօրինի ապացույցը չի կարող հետազոտել։  

Դատախազ Արսեն Մարգարյանն ի վերջո արձագանքեց՝ ասելով, որ պաշտպանների պնդումը, թե հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման իրավական հիմք գործում չկա, իրականությանը չի համապատասխանում․ «Քիչ առաջ եւ նախորդ դատական նիստին էլ հետազոտված փաստաթղթերը առնվազն դրա իրավական հիմքը պարունակում են, այդ ապացույցը ապօրինի ձեռք չի բերվել, առկա են դատարանի որոշումներ, դրանց գաղտազերծման որոշումներ, համապատասխան մարմնի միջնորդությունը, եւ հիմքը, թե ինչ կասկածանքով է տրվել այդ միջնորդությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենեւին անհրաժեշտ չէ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում մարդ ներգրավված լինի, որպեսզի հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացվի։ Անդրադառնալով պաշտպան Հովսեփ Սարգսյանի այն խոսքին, թե կարող են հայտարարություններով ծանրաբեռնել նիստը՝ դատախազն ասաց, որ ըստ էության, դա էլ արվում է, քանի որ նույնաբովանդակ միջնորդություն ներկայացվել է ե՛ւ նախորդ դատական նիստին, ե՛ւ դրանից առաջ։

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս պաշտպաններին հիշեցրեց՝ այս փուլում գործից ապացույց հեռացնելու վերաբերյալ նախորդ նիստին արդեն իսկ դիրքորոշում արտահայտել է, ուստի միջնորդությունը չի քննարկվում, թողնվում է առանց քննության։ Հրայր Թովմասյանը խնդրեց ընդմիջել նիստը, որպեսզի իր պաշտպանների հետ քննարկի տվյալ իրավիճակում իրենց հետագա գործողությունները։

Ընդիջումից հետո պաշտպան Արամ Օրբելյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ նախորդ Սահմանադրությամբ խոսվում էր ապօրինի ձեռքբերված ապացույցները դատավճռի հիմքում դնելու արգելքի մասին, մինչդեռ գործող Սահմանադրությունը ամրագրում է, որ այդպիսի ապացույցների օգտագործումն է արգելվում․ «Սրանով երկու հիմնական խնդիր է բարձրացվել․ նախ, ընդլայնվել է սուբյեկտների շրջանակը, ում արգելվում է ապօրինի ձեռքբերված ապացույցը օգտագործել՝ դատարանից բացի ներառելով դատավարության մյուս մասնակիցներին, այդ թվում՝ դատախազությանը,  եւ երկրորդը, «մեղադրական դատավճռում դնելու» փոխարեն տրվել է «օտագործվել» ձեւակերպումը՝ իր սահմանադրաիրավական առանձին բովանդակությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հետազոտումն ինքնին օգտագործման եղանակ է։

Օրբելյանը նշեց, որ իրենց համոզմամբ այդ ձայնագրությունները ձեռք են բերվել հիմնական իրավունքների խախտմամբ եւ խաթարել են արդար դատաքննության իրավունքը, սակայն քրեադատավարական օրենսգրքի հետազոտումից պարզ է դարձել, որ դատարանը չունի գործիքակազմ՝ ասելու, որ տվյալ դեպքում տվյալ ապացույցը տվյալ պարամետրերով խաթարող է կամ խաթարող չէ, ի տարբերություն, օրինակ, Քաղաքացիական օրենսգրքի, որը նման հնարավորություն տալիս է։ Այս իրավիճակը, ըստ պաշտպանի, հանգեցնում է հակասահմանադրական արդյունքի, ինչով պայմանավորված՝ նա ժամանակ խնդրեց գրավոր միջնորդություն պատրաստելու համար։ Ըստ ամենայնի, խոսքը գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդության մասին է։ Նորայր Փանոսյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը միացավ խնդրանքին՝ հայտնելով, որ կախված Օրբելյանի կողմից ներկայացվող միջնորդության արդյունքներից՝ հնարավոր է՝ ինքն էլ միջնորդությամբ հանդես գա։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել