Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժումը, ինչպես ավելի վաղ հայտնել էին, հանրահավաք էր իրականացնում։ Նրանք երթ սկսեցին։ Ինչպես հայտնեց Իշխան Սաղաթելայնը, գնում են դեպի կառավարական ամառանոց։
Բայց մինչ երթ սկսելը ընդդիմադիր պատգամավոր, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ելույթ ունեցավ ու անդրադարձավ հարցադրմանը, թե ով է պատասխանատվություն կրում, երբ տեղի են ունենում բախումներ․ «Մենք, ես այս շարժման բոլոր պրոցեսների համար անձամբ պատասխանատվություն կրում եմ»։
Նա նշեց, որ երեկվանից անձնավորում են, դրա համար ցանկանում է ասել, ինքը պատասխանատվություն է կրում այն քաղաքացիների համար, որոնք երեկ վնասվել են, այն ոստիկանի համար, որը երեկ կրակում էր մյուս ոստիկանի վրա։ Սաղաթելյանը այս համատեքստում ընդգծեց, թե ինչի համար է պատասխանատու իշխանությունը, այդ թվում հիշեցնելով 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի մշակույթի տանը զոհված տասնյակ ոստիկանների մասին։
Նա նաև խոսեց այն մասին, թե իրենց վախեցնում են մանդատից, անձեռնմխելիությունից զրկելով․ «Եթե ձեզ թվում է՝ էդ մանդատն է մեզ պահում կամ էդ մանդատով պետք է խեղճացնեք էս հարթակի մարդկանց, դուք ձեր արշինով մի չափեք։ Մենք շատ ավելի կարևոր մանդատ ունենք․ մենք ունենք ժողովրդի մանդատը ու էս պայքարն առաջնորդելու մանդատը»։
Սաղաթելյանը նաև ներկայացրեց այն ամենը, ինչը, ըստ իրեն, արել է իշխանությունը պայքարը կանգնեցնելու համար։ Առաջինը նա նշեց այն, որ լուրեր էին տարածում, թե հանրահավաք մարդկանց փողով են բերում․ «Դա չանցավ»։ Հաջորդը, ըստ նրա, այն էր, թե ուզում էին վարկաբեկել նրանով, թե վրաններում թմրամոլությամբ են զբաղվում․ «Դա էլ չստացվեց։ Հիմա էլ ասում են, որ էստեղ կազմակերպված խուլիգաններ են, որոնք գնում են սադրանքի։ Այս երկրում կա մի խուլիգան, որ գտնվում է կառավարության շենքում, որին մենք ճանապարհելու ենք գրողի ծոցը»։
Ըստ պատգամավորի՝ իշխանության գործողությունները ցուցիչ են, որ իրենք ճիշտ ընթացքի մեջ են։
Իշխան Սաղաթելյանի խոսքով երթից հետո վերադառնալու են Ֆրանսիայի հրապարակ։ Կլինեն ելույթներ։
Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջին
comment.count (0)