«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|
15:19 - 06 հունիսի, 2022

«Այդ դեսպանները մեր լավագույններից են». Արարատ Միրզոյանը` վերջին քաղաքական նշանակումների մասին |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` քաղաքական նշանակումներն ԱԳ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է, և ամենևին ոչ բոլոր նախարարներն են կարիերային դիվանագետներ:

Խորհրդարանում ասաց ԱԳ նախարարը՝ պատասխանելով պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե նախարարն ինչ դիրքորոշում ունի այն հարցում, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումներ են արվում:

Արարատ Միրզոյանն արձագանքեց` մի շարք երկրներում նմանատիպ պրակտիկա է գործում նաև դեսպաններ նշանակելու հարցում:

«Դա եղել է մինչև 2018-ի հեղափոխությունը, նաև հեղափոխությունից հետո, պատերազմից առաջ, պատերազմից հետո, կլինի նաև ապագայում: Եթե վերջին մի քանի քաղաքական նշանակումներից եք հարցնում, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դիվանագիտական կորպուսում քաղաքական նշանակումների շարքին են դասվում նախկին պատգամավոր Լիլիթ Մակունցի` Միացյալ Նահանգներում, նախկին պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի` Գերմանիայում, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի` Իսպանիայում, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի` ՌԴ-ում նշանակումները:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն էլ հիշեցրեց, որ մի շարք երկրներում Հայաստանը դեսպանատան գործունեության համար տարածքներ է վարձակալում, նա հետաքրքրվեց, թե կան արդյոք հաշվարկներ` տարածքներ ձեռք բերելն արդյոք ավելի շահեկան չի լինի:

«Շատ լուրջ ֆինանսիստ պետք չէ լինել հասկանալու համար, որ եթե տնօրինում ես քո գույքը, շատ ավելի շահավետ է, քան վարձակալությունը: Մենք որդեգրել ենք քաղաքականություն, աստիճանաբար, ըստ առաջնահերթությունների քիչ-քիչ փորձենք անցնել դրան, հիմա էլ կա, մինչև մեզ էլ արվել է»,- ասաց Միրզոյանը:

Գլխավոր նկարը՝ «Ֆոտոլուր» գործակալության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել