#Կարճասած
#Ավելիմանրամասն
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր ավարտվեց «Ռեստարտ» նախաձեռնության անդամների գործով դատաքննությունը, դատարանն անցավ վիճաբանությունների փուլին, որի ժամանակ մեղադրող դատախազ Սեւակ Պողոսյանը հանդես եկավ մեղադրական ճառով։
Հիշեցնենք՝ գործով ամբաստանյալի կարգավիճակում են «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը եւ Արամայիս Պետրոսյանը։ Նրանց եւ Նարեկ Մալյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել դեռ 2019 թ․ մարտի 4-ին։ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների կողմից ենթարկվել է հարձակման: Միջադեպից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում դեպքին անդրադարձել էին նաեւ «Ռեստարտ»-ի անդամները՝ պատմելով, որ ի պատասխան Մալյանի՝ իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքների՝ փորձել են նրան գցել աղբամանը, ապա տարածել են նաեւ միջադեպի վերաբերյալ տեսագրությունը։
Նույն օրը դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը): Օրեր անց երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգման փորձը): Հարուցված քրեական գործի շրջանակում Նարեկ Մալյանը ճանաչվել էր տուժող:
Լուսանկարում՝ ամբաստանյալները, պաշտպան Կարեն Մեժլումյանը
Նախքան դատական վիճաբանությունների փուլին անցնելը ամբաստանյալների պաշտպան Կարեն Մեժլումյանն այսօր դատարանին ներկայացրեց համացանցից ներբեռնված մի տեսանյութ եւ միջնորդեց այն կցել գործի նյութերին։ Տեսանյութում երեւում էր, թե ինչպես են մի քաղաքացու, գետնին քարշ տալով, բերում եւ նետում աղբարկղը։ Պաշտպանը զուգահեռներ անցկացրեց երկու դեպքերի միջեւ՝ ցույց տալու համար, որ իր պաշտպանյալների արարքը որակվել է առեւանգման հոդվածով, իսկ այդ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստումն անգամ առեւանգման հոդվածի շրջանակներում չի արվել։ Մեժլումյանի հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են, որ հետաքննության մարմնում նյութեր են նախապատրաստվել, մասնավորապես, ծեծի, ֆիզիական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու, դիտավորությամբ առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով եւ արդյունքում, որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Մեժլումյանը հիշեցրեց՝ երբ Նարեկ Մալյանի եւ Դավիթ Պետրոսյանի առերեսման ժամանակ Պետրոսյանն ասաց, որ իրենք Մալյանին աղբամանը նետելու նպատակ են ունեցել միայն, քննիչը կարծիք հայտնեց, թե նման դիրքորոշումը պատասխանատվությունից խուսափելու միտում է հետապնդում, այնինչ իրենց դիրքորոշումն է հենց այն, որ եթե անձին տանում էին՝ աղբամանը նետելու, ուրեմն՝ այդտեղ առեւանգում չէր կարող լինել։
Դատավոր Դավիթ Հարությունյանը հետաքրքրվեց՝ քրեական գործի հարուցումը մերժելու այդ որոշումը դատական ստուգման ենթարկվե՞լ է, ինչին Մեժլումյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ դատախազի կողմից է դրա օրինականությունը ստուգվել։ Ավելի ուշ տեսանյութի մասին դիրքորոշում հայտնեց նաեւ այս գործով դատախազ Սեւակ Պողոսյանը՝ նշելով, որ այն վերաբերելի չէ եւ համադրելի չէ իրենց գործի հանգամանքներին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց տեսանյութը կցել գործին, իսկ դրա թույլատրելիության կամ վերաբերելիության կամ ընդհանրապես, որպես «այլ փաստաթուղթ» ապացույց օգտագործելու հարցը քննարկել վերջնական դատական ակտ կայացնելիս՝ մյուս ապացույցների հետ համադրելու արդյունքում։
Լուսանկարում՝ պաշտպան Կարեն Մեժլումյանը, դատավոր Դավիթ Հարությունյանը
Այնուհետեւ դատախազ Սեւակ Պողոսյանը ներկայացրեց իր մեղադրական ճառը։ Նա նախ հիշեցրեց, որ 6 ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, Նարեկ Մալյանին բացահայտ առեւանգելու շուրջ նախնական համաձայնության գալով, հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով 2019 թվականի մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, սպասել են Մալյանին վերջինիս բնակության վայրի մոտակայքում, որտեղ, հանդիպելով նրան, մոտեցել են եւ նրա կամքին հակառակ բռնություն գործադրելու միջոցով, ճնշելով վերջինիս դիմադրությունը, փորձել են բացահայտ առեւանգել նրան, սակայն հանցավոր դիտավորությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ վնասազերծվել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:
Ըստ դատախազի՝ առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն ընդունել են իրենց կողմից տուժողի նկատմամբ կատարած գործողությունները․ «Ամբաստանյալները, թեեւ դատարանում հերքել են Նարեկ Մալյանին նախնական համաձայնությամբ, խմբի կազմում առեւանգելու հանգամանքը, սակայն նշել են, որ իրենց գործողություններն այդ օրը պայմանավորված են եղել նրանով, որ մինչ այդ Նարեկ Մալյանը սոցիալական էջերում կատարված հրապարակային ելույթներով եւ գրառումներով իրենց բազմիցս վիրավորանքներ է հասցրել: Այսինքն՝ ամբաստանյալները, ըստ էության, ընդունել են տուժողին կամքին հակառակ, խմբով, բռնություն գործադրելով բացահայտ տեղափոխելու հանգամանքը, սակայն պնդել են, որ իրենց նպատակը եղել է ոչ թե առեւանգելը, այլ մոտակայքում գտնվող աղբամաններից մեկը գցելը, եւ եթե ոստիկանները չմիջամտեին, իրենք կատարելու էին դա ու ներկայանալու էին ոստիկանություն, քանի որ կարծում են, որ այդ կերպ իրենց իրավունքներն են պաշտպանում»,- նշեց դատախազը։
Նրա խոսքով՝ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է ինչպես տուժող Նարեկ Մալյանի, այնպես էլ վկաների ցուցմունքներով: Տուժողը, ըստ դատախազի, նախաքննության ժամանակ տված ցուցմունքով մանրամասն պատմել է, թե ինչպես է դեպքի օրը հարձակման ենթարկվել, իսկ դատարանում եւս հաստատել է, որ ամբաստանյալների գործողությունները նախապես մանրամասն պլանավորված են եղել, ինչի մասին է վկայել այդ անձանց գործողությունների հստակությունը․ «Տուժողը նաեւ ավելացրել է, որ ֆիզիկական ցավ զգալուց բացի իրեն այդ վիճակը նաեւ հոգեկան տառապանք է պատճառել, քանի որ ինքը հանրային գործունեությամբ է զբաղվում եւ իր բնակության հասցեի մոտ՝ այդ մարդաշատ վայրում իր կամքին հակառակ, անելանելիութան վիճակում իրեն տեղափոխելը եւ հետագայում ամբաստանյալների խմբի կողմից տեսագրության հրապարակումը այլ կերպ ընկալվել չէր կարող ու կրում էր իրեն նվաստացնելու նպատակ»,- նշեց Պողոսյանը։
Վերջինս պնդեց, որ ամբաստանյալների մեղավորությունը հաստատվել է նաեւ դեպքի վայրի զննության արձանագրություններով, հարակից տարածքների տեսախցիկների՝ ապացույց ճանաչված տեսագրությունները պարունակող սկավառակներով, ամբաստանյալներին դեպքի վայրից բերման ենթարկելու մասին կազմված արձանագրություններով։
Լուսանկարում՝ դատախազ Սեւակ Պողոսյանը, փաստաբան Տիգրան Աթանեսյանը
Խոսելով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքից՝ Սեւակ Պողոսյանն ասաց․ «Առեւանգման օբյեկտիվ կողմը կարող է դրսեւորվել՝ տուժողին իր կամքին հակառակ բնական միկրոսոցիալական միջավայրից կտրելով, այլ վայր տեղափոխելով եւ այնտեղ պահելով: Այսինքն՝ հիշյալ արարքը կարող է ավարտված համարվել վերը նշված եղանակով անձին միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու պահից, եթե հաստատվի վերջինիս այլ վայր տեղափոխելու եւ պահելու նպատակը: Ինչ վերաբերում է նշված արարքի հանցափորձին, ապա այն կարող է դրսեւորվել տուժողնի վերը նկարագրված եղանակով միկրոսոցիալական միջավայրից դուրս բերելու ընթացքում հանցավորի կամքից անկախ հանգամանքներում արարքի խափանման արդյունքում», -նշեց նա՝ հավելելով, որ հենց այդ հանցափորձն էլ տվյալ դեպքում տեղի է ունեցել․ «Տուժողը գտնվել է իր բնակության վայրի շքամուտքում եւ նրան միկրոսոցիալական միջավայրից կտրելուն ուղղված գործողությունները, թեեւ տեղի են ունեցել նույն փողոցում կատարված բռնարարքի միջոցով, այսինքն՝ նրան մեքենայով չեն տեղափոխել կամ շատ մեծ տարածություն չեն տեղափոխել, սակայն ակնհայտ է, որ անգամ Ամիրյան փողոցի նշված հասցեից դեպի Սարյան փողոցը ընկած շուրջ 20 մետր հեռավորության վրա գտնվող աղբամանները տեղափոխելու եւ այնտեղ գցելու պարագայում էլ անձը փաստացի կկտրվեր իր միկրոսոցիալական միջավայրից, հետեւաբար՝ առկա կլիներ ավարտված առեւանգում, որը կատարված կլիներ վրեժի շարժառիթով»։
Սեւակ Պողոսյանը հարկ համարեց արձանագրել նաեւ, որ դատաքննությամբ պաշտպանական կողմի միջնորդությամբ հետազոտված ձայնագրություններով հաստատվել է տուժողի կողմից մինչ դեպքը ամբաստանյալներին բազմիցս հայհոյելու հանգամանքը, ինչը հաստատել է նաեւ հենց տուժողը։ Նա նշեց նաեւ, որ ներկայացվել են ամբաստանյալների անձը դրականորեն բնութագրող տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, այդ թվում՝ ուսման վայրերից․ «Ուշադրության են արժանի պատերազմին մասնակցելու վերաբերյալ փաստական տվյալները, որոնք եւս գործին կցված են»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ ամբաստանյալների պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ առկա չեն։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատախազը միջնորդեց բոլոր ամբաստանյալներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հանցագործությունը կատարելու համար եւ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Միաժամանակ դատախազը միջնորդեց ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառել՝ 3 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելով եւ վերջիններիս վրա բնակության վայրերը չփոխելու պարտականություն դնելով։
Տուժող Նարեկ Մալյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը միացավ դատախազի դատողություններին՝ չհամաձայնելով միայն պատիժը պայմանականորեն չկիրառելու դիրքորոշմանը եւ պնդելով, որ նրանք ազատազրկումը պիտի իրականում կրեն։ Հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, սոցիալական արդարությունը չի կարող վերականգնվել․ «Խոսքն ակցիայի մասին չէ, այլ ինքնադատաստանի, որը ամբաստանյալները ցանկացել են եւ մասնակի հաջողել, իսկ ինքնադատաստանի վտանգը այն է, որ այն չի ունենում ավարտ, նման բռնարարքը կարող է ունենալ իր պատասխանը, այդ պատասխանը՝ իրենը, եւ դա կլինի անվերջ»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ դատարանն այժմ ունի հնարավորություն այդ ամենին վերջ տալու եւ թույլ չտալու, որ արդարության պակասի զգացումից տեղի ունենան այլ հանցանքներ կամ ամբաստանյալների նշած, այսպես կոչված, «ակցիաները», լայն տարածում ստանան։
Աթանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ թեեւ այն ժամանակ ծանր վիրավորանքը դեռ քրեականացված չէր, սակայն ամբաստանյալներն իրավական դաշտում, մասնավորապես, քաղաքացիական կարգով, ունեին իրենց պաշտպաննելու արդյունավետ միջոցներ․ «Ի վերջո վիրավորանքին կարող էին պատասխանել վիրավորանքով միգուցե»,- ասաց նա՝ հավելելով, որ այս դեպքում հասարակական վտանգավորությունը նրանում է, որ բարձր արժեքներ ձեւականորեն քարոզող ՀԿ-ն դիմում է հանցագործության, այն էլ՝ կազմակերպված, հասարակական վայրում, տուժողի բնակության վայրում, որտեղ կարող էին ականտաես լինել թե՛ նրա հարեւանները, թե՛ ընտանիքի անդամները, այդ թվում՝ անչափահաս երեխան։
Մեղադրող եւ տուժող կողմի ելույթներից հետո պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառ պատրաստելու համար, ինչով պայմանավորված` նիստը հետաձգվեց։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 17-ին։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)