Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է
20:36 - 08 հունիսի, 2022

Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր անցկացվում էր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ դատական իշխանության եւ միջազգային կառույցների բազում ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ ցուցարարներ, որոնք ցանկանում էին ներկա գտնվել ժողովին՝ իրենց խոսքով՝ ՀՀ-ում դատական իշխանության իրական վիճակը ցույց տալու նպատակով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չէր տալիս։

Ցուցարարների թվում էր ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը, զավեշտ որակելով ոստիկանության գործողությունները, առանձին անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ ասելով․ «Այս կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը ՍԴ-ն է, եւ զեկուցողներից մեկը ՍԴ նախագահ կոչվածն է, ես ուզում եմ իմանալ՝ ԵԽ կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, երբ նման որոշում գոյություն չունի, ՀՀ պատմության մեջ կա ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում, Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի, հիմա նրան որ դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ նա նախագահ է, եթե նման որոշում գոյություն չունի»։

Էդգար Ղազարյանի այս հայտարարությունը, սակայն, մանիպուլատիվ է եւ խնդրահարույց, քանի որ Արման Դիլանյանը ոչ միայն սահմանված կարգով ընտրվել է ՍԴ նախագահ, այլ նաեւ այդ ժամանակ դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավար լինելով՝ Ղազարյանն անձամբ է այդ մասին հայտարարել, եւ լրատվամիջոցները, օրինակ՝ news.am-ը, armtimes.com-ը, armeniatoday.news-ը, նրա ֆեյսբուքյան գրառմանը հղում կատարելով են հայտնել այդ լուրը՝ կից տեղադրելով նաեւ Ղազարյանի գրառումը։ Վերջինս, սակայն, այս պահին հասանելի չէ․ ֆեյսբուքյան կարգավորումներից պարզ է դառնում, որ հեղինակը կա՛մ դրա տեսանելիությունը փակել է, կա՛մ այն ջնջել է առհասարակ։

Ինչ վերաբերում է ընտրության ընթացակարգին, ինչպես նաեւ Ղազարյանի հայտարարության այն հատվածին, որ գոյություն ունի ՍԴ երկու նախագահ, որոնց ընտրության վերաբերյալ ԱԺ-ն որոշումներ է կայացրել, իսկ Դիլանյանի ընտրության վերաբերյալ որոշում չկա, ապա դա սոսկ սահմանադրական փոփոխությունների արդյունք է։

Բանն այն է, որ թե՛ 1995 թվականի, թե՛ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը։ Մասնավորապես, ըստ 1995 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն, ի թիվս այլնի, նշանակում էր ՍԴ անդամներ եւ ՍԴ կազմից` ՍԴ նախագահ, իսկ 2005 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, ԱԺ նախագահի առաջարկությամբ խորհրդարանը ՍԴ կազմից նշանակում էր ՍԴ նախագահ։ Համապատասխան կարգավորումներ եղել են նաեւ այդ ժամանակ գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով։

Սրանով է պայմանավորված, որ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ են ընտրվել ԱԺ որոշմամբ, որի ժամանակ եւս կազմակերպվել է գաղտնի քվեարկություն։

2015թ․-ին տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով արդեն ՍԴ նախագահի ընտրության լիազորությունը տրվել է հենց ՍԴ-ին։ Ըստ այդմ, գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ-ն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Համապատասխանաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2020 թ․ հոկտեմբերի 12-ին հրավիրված աշխատակարգային նիստում Արման Դիլանյանը եղել է ՍԴ նախագահի միակ թեկնածուն, նա ինքնառաջադրվել է եւ ձայների մեծամասնությամբ ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրության արդյունքները, սակայն, չեն հրապարակվել, քանի որ դրանք գաղտնի են։

Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարցերը, ինչպես նաեւ ՍԴ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերը կարգավորելու նպատակով 2018 թ․ հուլիսի 9-ին ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունվել է ՍԴ աշխատակարգը, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` ՍԴ աշխատակարգային նիստում։ Նախկինում աշխատակարգային այդ որոշումները հրապարակվում էին, ինչպես հրապարակվել է, օրինակ, 2018 թ․ ապրիլի 10-ին ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ որոշումը, սակայն դրանից հետո ընդունված հիշյալ Աշխատակարգի 22-րդ հոդվածը սահմանում է միայն, որ քվեարկության արդյունքները արձանագրվում են։ Հետեւաբար, 2018 թ․ ապրիլի 10-ից հետո առանձին արձանագրային որոշում չի կայացվել եւ չի հրապարակվել ինչպես Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու, այնպես էլ Ալվինա Գյուլումյանի, հետագայում նաեւ՝ Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրվելու վերաբերյալ։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայիս ղեկավար Սամվել Առաքելյանից, որը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ նախագահի ընտրության գործընթացը ամբողջությամբ տեղի է ունեցել Աշխատակարգին  համապատասխան․ «Քանի որ ՍԴ աշխատակարգի 11-րդ կետի հիման վրա ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքները արձանագրվում են, ապա այս դեպքում, քվեարկությունը գաղտնի կազմակերպվել է, արդյունքները ամփոփվել են եւ արձանագրվել են, դա էլ հանդիսանում է ՍԴ որոշումը, որից հետո որեւէ անհրաժեշտություն չկա, նույնիսկ անտրամաբանական է, եւ իրավաբանության տեսանկյունից անհեթեթություն կլինի ընդունել մեկ այլ որոշում, որով կհաստատվի, որ այդ քվեարկությամբ ՍԴ նախագահի ընտրությունը ՍԴ կողմից կատարվել է»,- նշեց Առաքելյանը։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել