ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին
16:36 - 11 հունիսի, 2022

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։

«Դուք Հայաստանի համար հուսալի գործընկեր եք, ում հետ ջերմ համագործակցություն հաստատվել է դեռեւս մինչեւ Ձեր՝ որպես ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելը: Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված Ձեր գործունեությունը»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Կողմերը համակարծիք են եղել Եվրոպայի խորհրդի ծրագրային համագործակցության կարեւորություն շուրջ, ինչը մեծ նշանակություն ունի նաեւ Հայաստանի կառավարության մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում մասնավորեցվել են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը, ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ 2019-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը, ՀՀ քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ գործողությունների ծրագիրը:

Անդրադառնալով Արցախում հետպատերազմյան իրավիճակին՝ ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է հայ ռազմագերիների եւ այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձման հարցը:  Անդրադարձ է եղել միջազգային մասնագիտացված կառույցների ահազանգող զեկույցներին: Քննարկվել է վերջերս Human rights watch-ի հրապարակած զեկույցը, ուր զետեղված են փաստեր ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ այդ մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների մասին:

Ալեն Սիմոնյանն ափսոսանք է հայտնել 2021 թ. հունվարին Դունյա Միյատովիչի՝ Հայաստան եւ Արցախ նախատեսված այցի չեղարկման վերաբերյալ:

Նա  մեծապես կարեւորել  է տիկնոջ այն դիրքորոշումը, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է մուտք ունենա ԵԽ անդամ պետություններն ընդգրկող ամբողջ տարածքը, ներառյալ՝ հակամարտության, այսպես կոչված, «գորշ գոտիներ»: Նա նկատել է, որ Արցախը Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածք է, որտեղ ապրում են եվրոպացիներ, եւ Արցախի ժողովուրդն ունի նույն իրավունքները:

Կողմերն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հումանիտար ավերիչ հետեւանքների լուծման գործում ԵԽ դերի կարեւորությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել