Հանրային տարբեր շրջանակներում մշտապես շրջանառվում են խոսակցություններ, որ Արցախյան պատերազմի տարիներին հայերն ընդհատակում զենք էին սարքում ու ուղարկում առաջնագիծ, եւ որ հայկական մրցունակ ինքնաձիգներ իսկապես ստեղծվել են։ Եւ գուցե հարց ծագած լինի՝ այդ դեպքում ինչո՞ւ է մինչ օրս մեր սպառազինության մեջ ամենատարածվածը Կալաշնիկովի ավտոմատը, արդյոք հայերը չէի՞ն կարող ստեղծել դրան համազոր կամ, ինչու ոչ, դրան գերազանցող ինքնաձիգ։ Այս հարցերի պատասխանները երբեք հստակ չեն հնչում․ կցկտուր ենթադրություններ ու եզրակացություններ, կիսատ-պռատ պատմություններ։ Բայց դրանց արանքում միշտ պատահել է մի նախադասություն՝ մերոնք էլ են ստեղծել։ Մերոնքն ովքե՞ր էին, ո՞վ, կա՞ն անուններ, զենքերի նմուշներ։ Եւ եթե ստեղծվել են, ինչո՞ւ են դրանք այսօր մոռացության մատնված։
Համացանցի հայկական տիրույթում «հայկական ինքնաձիգ» որոնելիս երկրորդ հղումը Վիկիպեդիայի հայերեն հարթակից է՝ «Վահան (ինքնաձիգ)» վերտառությամբ։ Սա մի քանի փոքրիկ պարբերությամբ ոչ այնքան մանրամասն հոդված է «Վահան» անունով հայկական ինքնաձիգի մասին։ Իսկ ահա «Վահանի» մասին հավելյալ տեղեկությունների փնտրտուքը, համենյան դեպս համացանցի հայկական տիրույթում, մեծ հաջողության չի հանգեցնում, որովհետեւ հրապարակումներ չկան։ Առկա նյութերը հիշատակում են ինքնաձիգի հեղինակին՝ ինժեներ Վահան Մանասյանին, ինչ-որ չափով ներկայացնում զենքի բնութագիրն ու առանձնահատկությունները, սակայն, միեւնույն ժամանակ, շատ հարցեր առաջացնում։
Infocom-ը փորձել է հավաքագրել ինժեներ Վահան Մանասյանի, նրա ստեղծած զենքերի եւ հենց «Վահան» ինքնաձիգի մասին հնարավորինս շատ տեղեկություններ՝ ըստ պատշաճի ներկայացնելու հայկական զինագործության այս դրվագը։
Վահան Մանասյանի նախագծած առանց խլացուցիչի անձայն ատրճանակի նախագիծը, 1949թ․
Իր առաջին ավտոմատը, որը նախատեսված էր «ՏՏ» ատրճանակի փամփուշտներով կրակելու համար, նախագծել եւ պատրաստել է 1952-ին, իսկ երկու տարի անց ստեղծել է ՎՍՄ-2 ինքնաձիգը՝ դրանով գրավելով Խորհրդային Միության մարշալների ուշադրությունը։
Մասնավորապես, 1953թ. դեկտեմբերին փորձարկման համար գործուղվել է Մոսկվա, որտեղ, ինչպես իր գրություններից մեկում հիշատակել է ինքը՝ Մանասյանը, իրեն ընդունել են Սովետական Միության երեք մարշալներ՝ Նեդելինը (Միտրոֆան Իվանովիչ Նեդելին), Կազակովը (Վասիլիյ Իվանովիչ Կազակով) եւ Չիստյակովը (Միխայիլ Նիկոլայեվիչ Չիստյակով)․ ինքնաձիգը նրանց հավանությանն է արժանացել, քանի որ փորձարկումները ցույց են տվել՝ այն գերազանցել է ժամանակին արտադրվող ինքնաձիգներին (հետագայում կանդրադառնանք, թե ռուսական աղբյուրներն ինչպես են ներկայացրել այս դրվագը): Ինքնաձիգը, սակայն, չի արտադրվել։ Դա, ինչպես գրել է Վահանը, պայմանավորված էր բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների ազդեցության տակ ձեւավորված անբարենպաստ միջավայրի առկայությամբ: Այդ ինքնաձիգի գծագիրն այժմ հայտնի չէ՝ որտեղ է, իսկ նմուշն այդ ժամանակ առգրավվել եւ պահպանության է հանձնվել համապատասխան մարմիններին։ Միության փլուզումից հետո այն եւս անհետացել է։
Մանասյանի արխիվում պահպանվել է 1966թ․ մի տեղեկանք, որտեղ նշված է, որ «ընկեր Մանասյան Վ․ Ս․-ն գյուտարար է եւ հաշվառված է ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունում եւ ներքին գործերի նախարարության մարմիններում»։ Ասված է, որ «նրա գյուտերը պաշտպանական նշանակություն ունեն, եւ ընկեր Մանասյան Վ․ Ս․-ի հեղինակությունը հաստատող բոլոր փաստաթղթերը պահպանվում են Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում»։ Փաստաթղթից իմանում ենք, որ տեղեկանքը ստորագրել է «Կադրերի բաժնի պետ Ս․ Չոբանյանը»։
Այն, որ Խորհրդային Միության պաշտպանության եւ ներքին գործերի նախարարություններում գրանցված է եղել Մանասյանը, եւ արձանագրվել է, որ նրա գյուտերն ունեն պաշտպանական նշանակություն, փաստում է, որ դրանք իսկապես կարեւորություն են ունեցել Միության համար։ ԽՍՀՄ ղեկավարությունն առաջարկել է Մանասյանին մնալ Ռուսաստանում եւ աշխատել զինարտադրության ոլորտում։ Մանասյանը, սակայն, մերժել է այդ առաջարկն ու վերադարձել Հայաստան՝ այդպիսով մշտապես լինելով Խորհրդային Միության պետական անվտանգության կոմիտեի՝ ԿԳԲ-ի պարբերական ուշադրության կենտրոնում՝ հանկարծ ու Մանասյանը Հայաստանում զենք չարտադրի։
Արցախյան առաջին պատերազմի շրջանը
Երբ Միության փլուզումն արդեն անխուսափելի էր, եւ տեղի էին ունենում հայկական ջարդերը Բաքվում, Սումգայիթում եւ այլուր, Մանասյանը մտայնություն ուներ, որ իր գիտելիքները չի կարող չծառայեցնել հօգուտ իր ժողովրդի։ Այդպես, ընդհատակում, ինչպես այդ տարիներին Հայաստանի շատ այլ հատվածներում, Մանասյանը սկսում է ոչ միայն նորոգել տարբեր զենքեր, այլ աշխատել ինքնաձիգի ստեղծման ուղղությամբ։ Ի վերջո 1990-ականներին Մանասյանը նախագծում է մի ինքնաձիգ, որը հենց իր անունով էլ կոչվում է Վահան։
Բայց այս ինքնաձիգն ունենում է որոշակի թերություններ եւ ոչնչացվում հենց իր ձեռքով, ինչից հետո նախագծում է նորը՝ այսպես կոչված «Վահան-2-ը»։ Պատմությունն այստեղ ավելի է հետաքրքրանում, եւ մինչ կանդրադառնանք տարբեր դրվագների, այդ թվում՝ ինքնաձիգի տեխնիկական նկարագրությանը, նշենք, որ պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը ծանոթանում է այս զենքի հետ եւ ոգեւորգությամբ իր հավանությունը հայտնում՝ հիշում են Վահանի հարազատները։ Հետագայում Մանասյանի ստեղծած զենքը նաեւ երկրի այլ բարձրաստիճանների ուշադրությանն է արժանանում, սակայն թե ինչ ճակատագրի է արժանանում, ինչու այն չի արտադրվում, կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ։
Ի դեպ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմագիտական «Հայկական բանակ» հանդեսի 2004թ․ համարում հանդիպում ենք մի հոդվածի, որտեղ ներկայացված է Մանասյանի ինքնաձիգը։ Այդ հոդվածում նշված է, որ «Վահան» ինքնաձիգից պատրաստվել է մեկ նմուշ, իսկ զենքը նախնական եւ պետական փորձարկումներ դեռ չի անցել: Հոդվածում նախագծողի տրամադրած տեղեկությունների հիման վրա ներկայացված է նաեւ ինքնաձիգի մարտավարատեխնիկական բնութագիրը, որին մանրամասնորեն կանդրադառնանք այս հրապարակման վերջում։
«Հայկական բանակ» պարբերականի՝ Մանասյանի ավտոմատի մասին նյութի էջերից
Եթե համացանցում որոնեք Vahan rifle, ապա կգտնեք Forgotten weapons մասնագիտացված անգլալեզու կայքի մի հոդված, որ վերնագրված է Armenian Vahan rifle։ Այս հոդվածում, զարմանալիորեն, տեղ են գտել Վահան ինքնաձիգի շատ որակյալ նկարներ՝ կից տեխնիկական նկարագրությամբ։ Հոդվածում ընդգծվում է, որ «Վահան» ինքնաձիգն ավելի պարզ է, քան Կալաշնիկովի ավտոմատը, քանի որ չունի գազային համակարգ․ ըստ ամենայնի՝ նկատի է առնվում կիսազատ փակաղակի պարզեցված տարբերակի սկզբունքը։ 2014 թվականին հրապարակված այս հոդվածում ասվում է, որ այս ինքնաձիգն օպտիկական նշանոցի շնորհիվ 1000մ գործնական հեռահարություն ունի, ինչը թույլ է տալիս ասել, որ այս ինքնաձիգը երբեւէ նախագծված լավագույնն է։
Ինքնաձիգի այս նկարների աղբյուրը՝ forgottenweapons.com
«Վահան» ինքնաձիգի մասին հոդված կա նաեւ մեկ այլ անգլալեզու մասնագիտացված կայքում՝ Gun Wiki, որտեղ նշված է, որ զենքն, ըստ երեւույթին, նախագծված է եղել հայկական բանակում օգտագործվելու համար, թեեւ չի փորձարկվել հայկական կառավարության կողմից։
Ռուսալեզու աղբյուրներից մեկում էլ կա Վահան Մանասյանի ստեղծած զենքերի մասին հրապարակում՝ որոշ կոպիտ նրբերանգներով։
«Շարքային Մանասյանի ինքնաձիգը»․ այսպես է վերնագրված ռուսալեզու հոդվածը, որը հրապարակվել է 2018 թվականին՝ ռուսական kalashnikov.ru կայքում (kalashnikov.ru-ն Ռուսաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի, Ռուսաստանի հրացանագործների միության եւ Հրաձգության և սպորտի ֆեդերացիայի պաշտոնական տպագիր հրատարակության «Կալաշնիկով» ամսագրի կայքն է)։ Այն ստորագրված է «Կալաշնիկով» մասնագիտացված ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Դեգտյարովի անվամբ։
Վերջինս նախ գրում է, թե «սեւեռուն գաղափարներից» մեկը, որ առնչվում է Կալաշնիկովի ինքնաձիգի ստեղծման պատմության հետ, կար եւ մնում է կասկածն այն մասին, թե ինչ-որ սերժանտ կարողացել է իր գաղափարներով ավելի առաջ գնալ եւ վերեւներում իրեն նկատել են, աշխատելու հնարավորություն են տվել, օգնել են իրականացնել իր գաղափարները եւ այլն․ «Ասում են՝ ուղղակի Միխայիլ Կալաշնիկովին նշանակել են գերմանական ինքնաձիգի «պատասխանատու»․ դա էր նրա տաղանդը։ Չեմ կրկնի Կալաշնիկովի կայացման պատմությունը՝ որպես գյուտարարի եւ նախագծողի, այլ կտամ պարզ, բայց ոմանց համար անսպասելի հարց՝ իսկ դուք մտածե՞լ եք՝ քանի տասնյակ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են այն ժամանակ երկրին առաջարկել զենքի վերաբերյալ իրենց գաղափարները։ Ինչպե՞ս են աշխատել ֆիլտրերն ու «վերելակները» տաղանդավոր ինքնուսների համար երկրում զինագործական հզոր դպրոցի եւ պատկառելի նախագծողների առկայության պարագայում»,- գրել է հեղինակը՝ նշելով, թե չէր տա այս հարցերը, եթե չունենար դրանց պատասխանները, թեկուզեւ դրանք որոշակիորեն անսպասելի ձեւ ունեն։
Դեգտյարովը գրել է, թե տասը տարի առաջ համացանցում պատահաբար աչքովն է ընկել Վահան Մանասյանի կայքը․ «Հայ նախագծող, որը մշակել է կիսազատ փակաղակով օրիգինալ ինքնաձիգ՝ բուլպապ մեխանիզմով՝ АК74-ի հիմքի վրա, որը համարյա նախատեսվում էր արտադրության դնել Հայաստանում, ինչն այն ժամանակ զարմացնում էր։ Մի օր, 2000-ականների սկզբին արտերկրում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարարի հետ, ես սկսել էի խոսակցություն ազգային զինագործական ծրագրերի մասին, բայց խոսակցությունն ավարտվեց ինչ-որ կուրորտային թեմաներով։ Կարծես թե ողջախոհ մարդիկ Հայաստանում ի սկզբանե հասկանում էին հայտարարված ծրագրերի պոպուլիստական բնույթը՝ խաղադրույք անելով Ռուսաստանից անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման վրա»։
Այնուհետև, չանդրադառնալով Մանասյանի վերջին մշակմանը, հեղինակը սկսում է պատմել նախորդ՝ Խորհրդային Միության տարիներին ստեղծած ինքնաձիգի մասին։ Նա գրել է, թե Մանասյանի ավտոմատին է վերադարձել բոլորովին անսպասելի պայմաններում, երբ իր ձեռքում հայտնվեց ինքնաձիգի փորձարկման մասին հաշվետվությունը՝ ՌԴ պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության (ԳՀՀՎ) հրաձգային եւ ականանետային զենքի գիտահետազոտական զորավարժարանում, թվագրված 1954-ի։
«Երբ Վահան Մանասյանը շարքային էր, որը ծառայություն էր անցնում Սովետական բանակի շարքերում, առաջարկել էր իր նախագծած ավտոմատը, որը ԳՀՀՎ-ի տեխնիկական մասնագետները գնահատել էին որպես ուշադրության արժանի։ Այդտեղից էլ ամեն ինչ սկսվել էր։ Շարքային Մանասյանը գործուղվեց թիվ 3 գործարան (այժմ Ուլյանովսկի փամփուշտի գործարան), ինքնաձիգը հաշվարկվեց, գծագրվեց, պատրաստվեց եւ նախապատրաստվեց հեղինակի մասնակցությամբ փորձարկման»։
Հեղինակի ձեռք բերած տեղեկությունների համաձայն՝ Մանասյանի ինքնաձիգի դաշտային փորձարկումը նշանակվել է 1953-ի դեկտեմբերին եւ նախատեսել է մարտավարա-տեխնիկական բնույթի զենքերի փորձարկումները, վատթար պայմաններում հուսալիության գնահատումը (փոշոտվելու, բարձր եւ ցածր ջերմաստիճան, կրակ՝ առանց մաքրելու եւ յուղելու, կրակ՝ չոր դետալներով եւ այլն) ու տատանումների արագության չափման հետազոտություն։ Փորձարկման արդյունքների համաձայն՝ անհրաժեշտ էր որոշել ինքնաձիգի մարտական եւ շահագործման բնութագրերը, դրա առավելություններն ու թերությունները Կալաշնիկովի ավտոմատի համեմատությամբ եւ կարծիք հայտնել ինքնաձիգի վրա հետագա աշխատանքի նպատակահարմարության մասին։ Դրա համար հատկացվել է տասը օր եւ տրամադրվել 1943թ․ նմուշի 7,62մմ տրամաչափի 5000 փամփուշտ։ Ինքը՝ հեղինակը փորձարկման շրջանում անձամբ է գործուղվել փորձարկման վայր։
1950-ականներին փորձարկման ուղարկված ավտոմատի կառուցվածքը, աղբյուրը՝ kalashnikov.ru
«Պետք է ասել, որ Վահան Մանասյանն ու զորավարժարանն արդեն ծանոթ էին։ 1952-ին փորձարկվել է Մանասյանի ատրճանակ-գնդացիրը, [...] եւ այդ ժամանակ արդյունքները չէին ուրախացրել սկսնակ նախագծողին՝ եզրակացության վերջնական ձեւակերպումը կոշտ է եղել․ «Փորձարկման արդյունքում հաստատվեց, որ Մանասյանի 7,62-մմ ատրճանակ-գնդացիրը ուշադրության արժանի չէ, եւ նման նմուշի մշակումը նպատակահարմար չէ»։ Ուստի կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ Մանասյանը պատրաստվել էր ավելի ու ավելի լրջորեն»,- կարդում ենք ռուսական այդ հոդվածում։
Հրապարկման մեջ նշված է նաեւ, որ քաշով եւ չափերով Մանասյանի ինքնաձիգը գործնականում համապատասխանում էր Կալաշնիկովի ավտոմատին, բայց աշխատում էր կիսազատ փակաղակի հետադարձի սկզբունքով։ Ըստ հեղինակի՝ փորձարկումների արդյունքում կասկածի տակ դրվեց նաեւ ինքնաձիգի կողմից՝ կրակից կրակ կայուն մղման ապահովման հնարավորությունը, որն անհրաժեշտ է կիսազատ փակաղակով համակարգի հուսալի աշխատանքի համար։
Հեղինակը գրում է, թե նախագծի սկզբունքային գնահատականը Մանասյանի համար այդքան էլ հուսադրող չի հնչել՝ «… կարելի է վստահաբար ասել, որ Մանասյանի ինքնաձիգի ավտոմատացված մասի հուսալի աշխատանքը կասկածելի է»։ Ըստ հոդվածի՝ փորձարկողները նշել են ապահովիչի անհուսալիության մասին նաեւ, խնդիրներ են առաջացել կրակային փորձարկման ժամանակ, եւ այլն։
Հոդվածում կարդում ենք, թե փորձարկման եզրակացությունները ցույց են տվել Մանասյանի ավոտմատի թերությունները՝ 1) անկատար հարվածաձգանային մեխանիզմ, 2) անհուսալի ապահովիչ, 3) անթույլատրելի մեծ ջանք վերալիցքավորման համար, 4) կրակի անհավասարաչափ եւ ավերլորդ բարձր տեմպ, 5) բացարձակապես անբավարար մեխանիզմ փոշու, ավազի եւ այլնի առկայության դեպքում։
Իսկ եզրակացույթունն, ըստ նույն հոդվածի, այսպես է եղել․ «1943 թ.-ի նմուշի 7,62-մմ տրամաչափի փամփուշտներով ինքնաձիգը մարտական եւ շահագործման բնութագրերով որեւէ առավելություն չունի Կալաշնիկովի 7,62-մմ տրամաչափի ինքնաձիգի նկատմամբ եւ դրա համեմատ ունի մի շարք էական թերություններ։ […] Դրա վրա հետագա աշխատանքն աննպատակահարմար է»։
Հետագայում հեղինակը հիշատակում է, որ արդեն իննսունականներին Մանասյանը նախագծել է Վահան ինքնաձիգը, բայց գրում է, որ դրա փորձարկումների մասին գրեթե տեղեկություններ չկան, եւ երեւի թե դրա լիարժեք փորձարկմամբ ոչ մեկն էլ չի զբաղվել։
Հետաքրքրական է, որ այս հոդվածը հրապարակվել է «Վահան» ինքնաձիգի մասին անգլալեզու մասնագիտացված կայքի մանրամասն հոդվածից մի քանի տարի անց։ Եթե Forgotten Weapons կայքի ձեւաչափը թույլ է տալիս ենթադրել, որ Մանասյանի ինքնաձիգի մասին նյութն այնտեղ կարող էր հայտնվել՝ որպես, այսպես ասած, մոռացված զենք, ապա հարց է ծագում՝ ո՞րն է եղել «Կալաշնիկով» կայքում Մանասյանի՝ երիտասարդ տարիքում ստեղծած ինքնաձիգի մասին այստեսակ հոդվածի և դրանում վերջին ինքնաձիգի մասին միայն կցկտուր հիշատակման մոտիվը։ Եվ դա այն դեպքում, որ առնվազն անգլալեզու կայքում բավականին մանրամասներ կան զենքի տեխնիկական նկարագրության մասին։
Այսպես, Մանասյանը նախագծում եւ ստեղծում է կիսազատ փակաղակով, ծալովի կոթով «Վահան» ինքնաձիգը, որը նաեւ օպտիկական նշանացույցով համալրվելու հնարավորություն ուներ։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալությունը կիսազատ փակաղակի եւ օպտիկական նշանացույցի գյուտի համար Մանասյանին արտոնագրեր է տրամադրել, իսկ Կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը Վահան ինքնաձիգի արդյունաբերական նմուշի համար է տվել արտոնագիր։
«Վահան» ինքնաձիգը նախատեսված է մարտական գործողությունների ժամանակ մեծ հեռավորությունների վրա (մեխանիկական նշանացույցով` մինչեւ 500մ, իսկ օպտիկական նշանացույցով` 400մ-ից մինչեւ 1000մ) հակառակորդին վնասազերծելու համար: Ինքնաձիգը հրաձգային ավտոմատ զենք է եւ նախատեսված է ինչպես մարտի դաշտում հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար հարձակողական գործողությունների ժամանակ, այնպես էլ որպես պաշտպանական զենք:
Ինքնաձիգը նախագծված է աշխատանքնային երկու ռեժիմների համար՝ մեխանիկական եւ օպտիկական նշանացույցով: Հիմնական տարբերակը առաջինն է, իսկ օպտիկական նշանացույցով ինքնաձիգը կոմպլեկտավորվում է, երբ թիրախը գտնվում է 400մ-ից մինչեւ 1000մ հեռավորության վրա, որը խոցելու համար պահանջվում է ավելի մեծ ճշգրտություն:
Ինչպես նշեցինք՝ այս ինքնաձիգն աշխատում է կիսազատ փակաղակով՝ полусвободный затвор:
Հայտնի կիսազատ փակաղակը կազմված է առջեւի եւ հետին մասերից եւ նրանց հետ համագործակցող արագացուցիչից: Արագացուցիչը հոդավոր է եւ ունի կարճ եւ երկար լծակներ, ընդ որում՝ կարճ լծակով նա համագործակցում է փակաղակի առջեւի մասի հետ, իսկ երկար լծակով հետին մասի հետ: Սրա թերությունը կառուցվածքի բարդության մեջ է, քանի որ ունի արագացուցիչի հոդի սռնի, ինչը, բացի կառուցվածքային բարդությունից, դժվարացնում է նաեւ փակաղակի քանդում-հավաքումը։
Վահան Մանասյանի՝ կիսազատ փակաղակի գյուտի խնդիրը հենց փակաղակի կառուցվածքի պարզեցումն է։ Վահան զենքի պարագայում լծակային արագացուցիչն ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի ու հետին մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում եւ ունի իրանից կառչելու կոր ժանիք:
Առաջին նկարում պատկերված է փակաղակի երկայնական կտրվածքը՝ փամփշտակալի մուտքը փակած դիրքում, նկար երկրորդում՝ բացած դիրքում
Փակաղակը կազմված է առջեւի (1) եւ հետին (2) մասերից եւ լծակային արագացուցիչից (3): Արագացուցիչը ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի (1) ու հետին (2) մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում: Արագացուցիչի կոր ժանիքը կառչված է իրանից (4), որն ամրակցված է փողին (5): Փակաղակի առջեւի (1) եւ հետին (2) մասերը իրար հետ ամրակցված են հանովի վերալիցքավորման բռնակի (6) միջոցով, ընդ որում առջեւի մասի առանցքային անցքում տեղակայված է զարկանը (7): Փակաղակն ունի նաեւ կրակված պարկուճների բեկանիչ (8): Փակաղակի հետին մասի բնիկում տեղակայված է հետադարձ զսպանակը (9): Փակաղակը տեղադրված է ինքնաձիքի փակաղակային տուփի մեջ (10):
Փակաղակն աշխատում է հետեւյալ կերպ․ գազերի ճնշման տակ կրակված պարկուճը, սահելով մոտ 1մմ հետ, հետադարձ ուժ է հաղորդում արագացուցիչին (3), որը պտտվելով 90 աստիճան, անջատում է փակաղակը իրանից (4): Արագացուցիչը իր երկար լծակի ծայրով հրում է փակաղակի հետին մասին (2), որը, ստանալով արագություն, իր հետ դեպի հետ է քաշում փակաղակի առջեւի մասը (1), արտանետելով կրակված պարկուճները աջ կողմից բեկանիչի (8) օգնությամբ 45 աստիճան անկյան տակ։ Հետադարձի զսպանակի (9) օգնությամբ փակաղակը վերադառնում է իր նախկին դիրքը՝ իր հետ տանելով հերթական փամփուշտը եւ փակելով փամփշտակալի մուտքը:
Այսպիսով, այս ինքնաձիցի կիսաազատ փակաղակը, որը կազմված է առջեւի եւ հետին մասերից եւ նրանց հետ համագործակցող լծակային արագացուցիչից, տարբերվում է նրանով, որ արագացուցիչը ազատ տեղադրված է փակաղակի մարտական բնիկի թիկունքում գտնվող եւ առջեւի ու հետին մասերի հանդիպակած ճակատներով կազմված շառավղային խոռոչում եւ ունի իրանից կառչվելու կոր ժանիք: Պարզեցված փակաղակի կլոր ձեւը հեշտ է մշակման համար, չի կորցնում ունակությունը հզոր փամփուշտներով հեռահար եւ դիպուկ կրակելու համար։ Նշված փակաղակային սիստեմն ունի աննշան հետադարձ հարված, որի արդյունքում կրակոցները դիպուկ են:
Մանասյանի մյուս գյուտը վերաբերում է հրազենի նշանացույցներին, մասնավորապես դրանց ամրակցմանը եւ կարգավորմանը եւ կարող է կիրառվել ինչպես հրացաններում, այնպես էլ ինքնաձիգներում դիպուկահարային հրաձգության համար:
Հայտնի է հրազենի օպտիկական նշանացույց, որն ունի հրազենի փակաղակային տուփին կողքից ամրակցվող հենակ, հենակին հոդակապորեն միակցված զսպանակված դարձկեն շերտաձողիկ եւ շերտաձողիկի դիրքի կարգավորման մեխանիզմ իր կարգավորող գլխիկով: Օպտիկական մասն ամրակցված է զսպանակված դարձկեն շերտաձողիկին, ընդ որում, կարգավորող գլխիկը տեղադրված է շերտաձողիկի այն ծայրին, որն ավելի մոտ է հրաձիգին, իսկ շերտաձողիկի դարձի սռնին՝ հակառակ մասում:
Հայտնի նշանացույցի թերությունը կառուցվածքի բարդության մեջ է, ինչպես նաեւ շերտաձողիկի զսպանակման հանգույցի անհուսալիության մեջ: Մանասյանի գյուտի խնդիրն է եղել նշանացույցի կառուցվածքի պարզեցումը եւ շերտաձողիկի զսպանակման հանգույցի հուսալիության բարձրացումը:
Գյուտի էությունն այն է, որ շերտաձողիկի զսպանակը կատարված է հարթ սահովի, նրա՝ դեպի հոդակապ ուղղված ծայրը սեւեռակված է հենակի ճեղքի մեջ, իսկ մյուս ծայրը սահելու հնարավորությամբ հենված է շերտաձողիկին: Կարգավորող գլխիկն ունի գլանաձեւ վզիկ, որը տեղակայված է շերտաձողիկի լայնական անցքում ազատ պտտվելու հնարավորությամբ, իր գլանային մակերեւույթին ունի սեւեռակման օղակաձեւ ակոս, իսկ ճակատային մասում ունի ապակենտրոն խուլ անցք, որի մեջ տեղադրված է հենակին ամրակցված բույթի ծայրը:
Նկ. 1-ում առաջարկվող նշանացույցը պատկերված է կողքից: Նկ. 2-ում ցույց է տրված նշանացույցի տեսքն օպտիկական առանցքի ուղղումյամբ:
Նկ. 3-ում ցույց է տրված կարգավորման մեխանիզմի կտրվածքը:
Նկ. 4-ում ցույց է տրված նկար N3 Ա-Ա հատվածը:
Նկ. 5-ում ցույց է տրված կարգավորող գլխիկի սեւեռակման հանգույցը մեծացված:
Հենակը (1) ծիծեռնակապոչաձեւ միացումով հագցվում է փակաղակային տուփի (2) ձախ կողմից (հրաձիգի նկատմամբ) եւ ամրակցվում է երկու ամրակների (3) միջոցով: Հենակին (1) հոդակապորեն ամրակցված է շերտաձողիկը (4), որի հոդակապի սռնին (5) շերտաձողիղիկի այն մասում է, որը ավելի հեռու է հրաձիգից: Շերտաձողիկը (4) զսպանակված է հարթ սահովի զսպանակով (6), որի դեպի սոնին (5) ուղղված ծայրը սեւեռակված է հենակի (1) ճեղքի մեջ, իսկ մյուս ծայրը սահելու հնարավորությամբ հենված է շերտաձողիկին (4)՝ գործադրելով դեպի վեր ուղղված ճիգ:
Շերտաձողիկի (4) լայնական անցքում տեղակայված է կարգավորող գլխիկի վզիկը (7), որն ունի օղակաձեւ ակոս (8): Վզիկն (7) ունի իր առանցքի շուրջը ազատ պտտվելու հնարավորություն եւ պտուտակի (9) միջոցով սեւեռակված է առանցքի ուղղությամբ տեղաշարժից:
Հենակի մեջ ամրացված է հենապտուտակը (10), որի կոնաձեւ մասը (11) տեղավորված է շերտաձողիկի (4) կողմնային նիստի վրա կատարված ծիծեռնակապոչաձեւ հատվածք ունեցող ուղղաձիգ ակոսում (12), իսկ գլանաձեւ վերջավորությունը (13), որը բույթ է հանդիսանում, տեղավորված է վզիկի (7) ճակատային մասում կատարված ապակենտրոն խուլ անցքում (14): Կարգավորող գլխիկն ունի գլանաձեւ բռնակ (15), որի գլանային մակերեւույթի մի մասը (16) գլանաքերթված է, իսկ մյուս մասի (17) վրա կատարված են նշանացույցի դիրքավորման նիշեր, օրինակ՝ թվերի տեսքով, որոնք համապատասխանում են հենակի (1) նկատմամբ շերտաձողիկի (4) շրջադարձի տարբեր անկյուններին:
Կարգավորող գլխիկը նշված դիրքերում սեւեռակելու համար շերտաձողիկն (4) ունի զսպանակված սեւեռակիչ (18), իսկ բռնակի (15) հետեւի ճակատային մասում՝ նիշերին համապատասխանող փորակներ (19): Օպտիկական մասը (20) անուրների (լծասարքի օղակաձեւ մասը) (21) միջոցով ամրակցված է շերտաձողիկին (4) եւ ունի հորիզոնական հարթության մեջ կարգավորման հնարավորություն երկու համառանցք կարգավորվող պտուտակների (22) միջոցով:
Նշանացույցն աշխատում է հետեւյալ կերպ. բռնակի (15) շրջման դեպքում բույթը (13) սահում է խուլ անցքի (14) գլանային մակերեւույթով եւ, հաղթահարելով զսարանիկի (6) դիմադրությունը, պայմանավորում է շերտաձողիկի (4) շրջադարձը սռնու (5) նկատմամբ, ընդ որում, հենապտուտակի (10) կոնաձեւ մասը (11) սահում է շերտաձողիկի ծիծեռնակապոչաձեւ ակոսով (12): Նկ. 3-ում եւ 4-ում պատկերված դիրքը համապատասխանում է շերտաձողիկի (4) եւ հենակի (1) միջեւ ամենամեծ անկյանը: Նկ. 4-ից երեւում է, որ վզիկի (7) աջ կամ ձախ շրջելը մինչեւ 180 աստիճան պայմանավորում է շերտաձողիկի միեւնույն դիրքերը, այսինքն շերտաձողիկն իր բոլոր հնարավոր դիրքերն ընդունում է բռնակի (15) 180 աստիճան շրջելու ընթացքում: Այդ ընթացքում կարգավորման գլխիկն անցնում է սեւեռակման ընդամենը 12 դիրք:
Կարգավորման գլխիկը փոխովի է: Լրակազմի գլխիկները տարբերվում են իրարից խուլ անցքի տրամագծով կամ նրա արտակենտրոնությամբ, սակայն փորակների (19) քանակությունը եւ դասավորությունը միեւնույնն են: Կարգվորման գլխիկը փոխելու համար բավական է թուլացնել սեւռակման պտուտակը (9), փոխարինել գլխիկը եւ սեւեռակել այն:
Ինչպես վերը նշեցինք՝ այս գյուտերի արտոնագրերն առկա են։ Միեւնույն ժամանակ, սակայն, մեր ձեռքի տակ են նաեւ ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Ա․ Ազիզյանին ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետի հարցումներին ի պատասխան ուղղված գրությունները (2003թ․, ), որոնցում նշված է, որ Մանասյանի երկու գյուտերի գաղտնագրման անհրաժեշտություն չկա։
Գրություններից մեկում, մասնավորապես, նշված է, որ ինքնաձիգներում դիպուկահարային հրաձգության համար օգտագործվող օպտիկական նշանացույցների ամրակցման եւ կարգավորման հիմքում ընկած գաղափարը հայտնի է եւ կիրառվում է մասնավորապես ռուսական ПСО (Прицел снайперский оптический) տիպի նշանացույցների կոնստրուկցիայում, ուստի Մանասյանի «Օպտիկական նշանացույց» գյուտի գաղտնագրման անհրաժեշտություն չկա։ Մյուս գրության մեջ էլ ասված է, որ «Ինքնաձիգի կիսազատ փակաղակի» գյուտարարական առաջարկը տեխնիկական նորույթ չէ, եւ որ ներկայացված տարբերակները 1950-ից կիրառվում են տարբեր տիպի զինատեսակներում, մասնավորապես ֆրանսիական MAS տիպի ավտոմատ ինքնաձիգում, ուստի ներկայացված նյութերը դարձյալ գաղտնագրման ենթակա չեն։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)