news.am: Խողովակների փոխարինման միակ նորմալ կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր. ուզում էի հասկանալ՝ բա՞ն է փոխվել. Կիեւյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերած, լցրած է, վրեն ոչ մի ծածկ չկա ընդհանրապես, նշանները գետնին տապալված է, քամին էլ ավազը այս ու այն կողմ է տանում. ես երեկ երեկոյան եմ տեսել, ենթադրում եմ՝ ուրբաթ բերել, թողել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջուր»-ի ներկայացուցչին:
Վերջինս տեղեկացրել էր, որ մեկ շաբաթում գրանցվել է 505 վթար, քանդվել է 256 քմ ասֆալտ, որից 155-ը վերականգնվել է, մնացածը կվերականգնվի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր ՀԷՑ-ի «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպորմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին:
Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները և շինհրապարակի կահավորումը. «Պարոն քաղաքապե՛տ, ես խնդրում եմ ձեր հանձնարարականները, որպեսզի վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»,-ասաց Արեյանը:
Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ պայմանագրի վերահսկողությունն վարչական շրջանների ղեկավարների վրա է, վարչական պատասխանատվություն կրում են շինարարական աշխատանքներ կատարողները, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը կրկին վարչական շրջանների ղեկավարներինն է:
«Պետք է խիստ վերահսկողություն լինի մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունն ևս ամբողջությամբ վերանայի իր աշխատանքները: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»,-հայտարարեց Կամո Արեյանը:
comment.count (0)