Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց
13:52 - 20 հունիսի, 2022

Ռուբեն Վարդազարյանը իր և Գագիկ Ջհանգիրյանի առանձնազրույցի ձայնագրություն հրապարակեց

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ Վարդազարյանի խոսքով 2021 թ.-ի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը:

Վարդազարյանը նշեց, որ խոսքն այն մասին է, որ իրեն առաջարկվել է հրաժարական տալ. «Ով ինձ փոխանցել է առաջարկությունը, իր անունը չեմ տա, բայց ինձ փոխանցվել է վարչապետի անունից: Ես ասել եմ՝ մինչև մարտի 1-ը ինձ ժամանակ է պետք, որովհետև գործուղում ունեմ Մոսկվա, ամսի մեկին ես կհանդիպեմ վարչապետին, ու եթե հրաժարականի պահանջ կա, այդ մարդը պետք է ինձ ասի, ոչ թե փոխանցի երրորդ, չորրորդ անձանց միջոցով»: 

Ինչպես ասուլիսի ընթացում նշեց Վարդազարյանը, այդ հանդիպումը չի կայացել:

Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանմամբ ձայնագրությունում Ջհանգիրյանը ասում է իրեն հրաժարական ներկայացնել մինչև մարտի մեկը, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի, իսկ դրանից հետո ինքը՝ Ջհանգիրյանը, որևէ այլ բան, քան քրեական հետապնդում չի երաշխավորում. «Իսկ մինչև ամսի մեկը հրաժարական տալու դեպքում, լսեցիք, որ երաշխավորում է՝ ոչ մի հետապնդում չի լինելու: Հարցին, թե ես օրեր առաջ ինչը մերժեցի, որ իմ ֆեյսբուքյան էջում տեղադրեցի, հետևյալն էր. առաջարկ էի ստացել Ջհանգիրյանի անունից հետևյալի վերաբերյալ, որ մինչև ժամը 12-ը եթե ես հրաժարական տամ, ապա կվերադառնամ, կդառնամ դատավոր, կաշխատեմ որպես ԲԴԽ անդամ՝ Ջհանգիրյանի նախագահության դեպքում, և որևէ կարգապահական վարույթ չի լինի: Այսինքն՝ ստացվում է՝ հրաժարականի դեպքում չկա կարգապահական խախտում, իսկ հրաժարական չտալու դեպքում կա»:

Նրա խոսքով՝ «ակնհայտ երևաց և՛ քաղաքական դրդապատճառը՝ ինչու է դա կատարվում, երևաց՝ ոնց է դա կատարվում, ինչ են առաջարկել»:

Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրեց իրավական հատվածը: Նա նշեց. «Փաստորեն քննարկվում է անձի՝ աշխատանքից, առնվազն ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, քննարկվում է, որ դա պայմանավորված է, օրինակ, ԲԴԽ նախագահի հայտարարություններով, ձայնագրության տերմինալոգիայով ասած, դիրքավորմամբ: Այսինքն՝ ոչ թե դա խախտում է, խնդիր է, [այլ] ուղղակի դուր չի գալիս, որ գործադիր ու օրենսդիր իշխանություններին պատասխան է հնչում դատական համակարգից: Տեսնում ենք՝ ինչ-որ մարդիկ ինչ-որ գործընթացներում տարբեր շարժառիթներ ունեն... Այս բոլորը ակնհայտորեն ցույց են տալիս, որ և՛ քրեական հետապնդումը՝ այն քրգործը, որը այսօր գնում է, և որի շրջանակներում բողոքարկումներ են տեղի ունենում, և՛ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը ունեն մեկ նպատակ՝ հեռացնել ԲԴԽ նախագահին, որ այդ տեղն ազատվի, ու հնարավոր լինի այլ անձի նշանակել»:

Վարդազարյանը նշեց, որ գուցե հարց առաջանա, թե ինչու են իրեն ցանկանում հեռացնել, ինչով է ինքը խանգարում Բարձրագույն դատական խորհրդում: Նրա խոսքով միակ խնդիրը հետևյալն է. «Ես կտրականապես դեմ եմ, որ դատարանները կատարեն քաղաքական պատվերներ, և միշտ բուֆերի դեր եմ կատարել դատավորների և այն անձանց՝ կլինեն իշխանությունից, թե ընդդիմությունից, թե հասարակական կառույցից, միջև: Իմ խորին համոզմամբ միակ դրական ելքը, որ կարող է ունենալ դատական համակարգը, ապաքաղաքական լինելն է: Ես ամեն ինչ արել եմ, որ դատարանը հնարավորինս արագ և որակով ապաքաղաքականանա: Այս պատճառով ես ձեռք չեմ տալիս իշխանությանը»:

ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահը հայտնեց, որ իր և Ջհանգիրյանի հանդիպումը կազմակերպել է ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը՝ լարվածությունը շտկելու համար. «Իսկ ես քանի որ գիտեի, որ շփվելու եմ մի մարդու հետ, որ կարմիր գիծ չունի, խնդրեցի իմ ընկերներին, տվեցին սարք, որով այս ձայնագրությունը տեղի ունեցավ»: 

Նա նշեց, որ ինքը ճիշտ է արել, որ ձայնագրել է խոսակցությունը, որովհետև եթե այլ կերպ պատմեր, իրեն չէին հավատա կամ ապացույցներ կուզեին. «Ինձ մեղադրանք է առաջադրել այն ժամանակ դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը ձայնագրել է իմ հեռախոսային խոսակցությունը, և, դա տրամադրելով իշխանություններին, դարձել է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նույն իրավիճակն է»:

Վարդազարյանը նշեց, որ ինքը վստահ է, որ այս ձայնագրությունն էլ ոչինչ չի փոխելու, ու իր լիազորությունները դադարեցնելու են:

Հիշեցնենք՝ Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Գործն այժմ դատարանում է։

Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ասուլիսի ժամանակ մեկնաբանեց ձայնագրությունն ու ասաց, որ հրապարաված զրույցում ոչ թե քննարկվում է Վարդազարյանի՝ հրաժարական տալու կամ չտալու հարցը, այլ այն, որ հրաժարական տալու հարցը արդեն իսկ որոշված է, դրա մասին հայտնել են Վարդազարյանին, բայց որ որոշակի ժամկետից հետո Ջհանգիրյանը այլևս ոչինչ չի կարող անել քրգործ չհարուցելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել