ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|
14:50 - 23 հունիսի, 2022

ՔՊ-ն փոփոխություններ է առաջարկում Ընտրական օրենսգրքում |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը, Հակոբ Ասլանյանը, Արփի Դավոյանը և Արմեն Խաչատրյանը հեղինակել են «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր: Ասօր հրավիրված խորհրդարանական լսումներին Վահագն Հովակիմյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները:

Հովակիմյանը հիշեցրեց, որ նախորդ փոփոխություններով առաջարկվեց խորհրդարանի մոդելը կիրառել նաև 70 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքների համամասնական ընտրություններում, իսկ դրանից պակաս ընտրող ունեցող համայնքներում պահպանել նախկին մոդելը, երբ մեկ քվեաթերթիկի վրա գրված են թեկնածուների անունները, և ընտրողը գրիչով է կատարում քվեարկություն:

«Անցած ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ, ըստ էության, այն համայնքներում, որտեղ տարբեր քվեաթերթիկներ էին, անվավեր քվեաթերթկներն ավելի քիչ էին, քան այն համայնքներում, որտեղ քվեարկությունը գրիչով էր: Նաև ահազանգեր կային, որ գրիչով քվեարկությունների պարագայում բոլորիս հայտնի կարուսելի վտանգը պահպանվում է: Համայնքներում ազդեցություն ունեցող անձինք էդ գործիքով հնարավոր է վերահսկեն ընտրությունների ընթացքը, փորձեն ազդել ընտրողների կամքի վրա: Այդ պատճառով առաջարկվում է ամբողջ ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում անցում կատարվի տարբեր քվեաթերթիկներին, այսինքն՝ ներդրվի այն մոդելը, որն առկա է ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց Հովակիմյանը:

Պատգամավորի խոսքով՝ առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ քվեարկության գործընթացի օնլայն հեռարձակում ապահովել քվեասենյակներում, ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում է:

«Հաջորդ խնդիրը, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ, վերաբերում է ավագանիների առաջին նիստերին: Հիմնականում խնդիրները ծագում են այն դեպքում, երբ որևէ ուժ մեծամասնություն չի ունենում: Մենք փորձել ենք ԱԺ նստաշրջանի ինստիտուտը որոշակի մոտարկելով՝ կիրառել նաև ավագանիների դեպքում: Ընտրական օրենսգրքի և ՏԻՄ օրենքի համադրությամբ առաջարկվում է ներդնել առաջին նստաշրջանի ինստիտուտ, ըստ որի՝ առաջին նստաշրջանում նիստի  վարման իրավունք տրվում է առավել շատ քվե ստացած քաղաքական ուժին: Ենթադրվում է, որ առավել քվե ստացած քաղաքական ուժը ավագանու բնականոն գործունեության կազմակերպման հարցում պետք է առավել շահագրգիռ լինի»,- ասաց Վահագն Հովակիմյանը:

Նախագծով առաջարկվում է համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու և դատական վեճերի դեպքում դրանք դիտակել որպես ընտրական վեճեր, ինչն, ըստ Հովակիմյանի, ենթադրում է, որ վարչական դատարաններն այդ վեճերը կքննեն սեղմ ժամկետում և կկայացնեն վերջնական դատական ակտեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել