Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը
11:59 - 25 հունիսի, 2022

Բացվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մասնակցել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով մարզադպրոցի ողջ անձնակազմին՝ ի դեմս տնօրեն Ռաֆայել Ալեքսանյանի, վստահություն է հայտնել, որ նոր պայմաններն ավելի եռանդով աշխատելու կմղեն։

«Այսօր շատ հիշարժան օր է։ Գյումրու՝ մեծ ավանդույթներ ունեցող համալիր մանկապատանեկան մարզադպրոցը չուներ մշտական տարածք. մարզվում էին, մեղմ ասած, անմխիթար մարզադահլիճներում։

Վստահ եմ՝ նոր պայմանները կդրդեն աշխատելու ավելի եռանդուն, նպատակամղված և խանդավառ, իսկ մոտ ապագայում մեկս մյուսին կշնորհավորենք նոր մասնաշենքում մարզված և արդեն կայացած մարզիկների մեծ հաղթանակների կապակցությամբ»,- ասել է նախարարը։

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը հիմնադրվել է 2000 թվականին և չնայած անբարենպաստ պայմաններին՝ աշխարհի ու Եվրոպայի մի շարք մեդալակիրներ ու մրցանակակիրներ է տվել։ Նախկինում գիշերօթիկ դպրոց հանդիսացող այս շենքը ՀՀ կառավարության կողմից փոխանցվել է Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցին։

Մարզադպրոցի՝ ուսումնամարզական գծով փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքով՝ արդեն կահավորվել են մարզադահլիճը, բռնցքամարտի, ձյուդոյի դահլիճները։ «Ունենք նաև մարզասրահ, աշխատասենյակներ։ Դասասենյակների միավորման պարագայում կարելի է ստանալ մարզադահլիճներ, որտեղ մեր 700-ից ավելի սաներն ավելի արդյունավետ մարզումներ անցկացնելու հնարավորություն կունենան»,- վստահեցրել է նա։

Կարեն Գիլոյանն էլ նշել է՝ ԿԳՄՍ նախարարությունն իր վերաֆինանսավորմամբ այս տարի ամբողջովին կնորոգի մարզադպրոցի տանիքը, իսկ հաջորդ տարվա գարնանն արդեն ձեռնամուխ կլինեն դասարանների վերափոխմանը մարզադահլիճների․ «Մենք մի քանի մարզաձևեր կունենանք այստեղ, իսկ մարզադպրոցը կհագեցնենք ամենաժամանակակից և բարձրակարգ գույքով։ Սա դեռ սկիզբն է։ Գյումրին մեծ ավանդույթների քաղաք է։ Երկրորդ համալիր մարզադպրոցն էլ այդ ավանդույթների մի մասի կրողն է։ Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է, որ այս դպրոցն այսուհետ կարողանա աշխատել առանց խնդրի ու հետագայում էլ տա այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել