Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ |armenpress.am|
07:12 - 18 մայիսի, 2019

Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչև այլ հարկերի կրճատում. պատգամավորները օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ |armenpress.am|

armenpress.am։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն արդեն մի քանի ամիս բուռն քննարկումների առիթ է դարձել մասնագիտական շրջանակներում։ ՀՀ ազգային ժողովի պատգամավորները ևս ունեն իրենց դիտարկումները՝ հարկատեսակների հնարավորինս պարզեցում, մի քանի տարի հետո կրկին անցում պրոգրեսիվ եկամտային հարկման, գինու ակցիզային հարկի նվազեցում և այլն:

Այս թեմայով խոսել են ԱԺ երեք խմբակցությունների տնտեսագետ պատգամավորներ։

Նախագծով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցման վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը գրեթե նույն տեսակետներն ունեն: Բագրատյանը կողմ է համահարթեցմանը՝ նշելով, որ այս պահին կա անհրաժեշտություն, որ ստվերից դուրս գան աշխատողներ:

Սակայն կարծում է, որ համահարթեցումը պետք է կրի ժամանակավոր բնույթ: «Կառավարությունը կորոշի՝ երկու կամ երեք տարուց հետո նորից պետք է անցում կատարվի պրոգրեսիվ հարկման: Պրոգրեսիվության արդյունքում շատ ստացողը ավելի շատ կվճարի, քիչ ստացողը՝ քիչ»,-նշեց Բագրատյանը:

 

Գուրգեն Բաղդասարյանը կարծում է, որ Հայաստանում եկամտային հարկը շատ բարձր է, և Հարկային օրենսգրքի փոփոխություններով առաջարկվող համահարթեցումը դիտարկում է հետագայում նորից ավելի ցածր դրույքաչափերով պրոգրեսիվ հարկման անցնելու միջոց: «Համահարթեցման միջոցով եկամտային հարկը պետք է հասցնենք 20 տոկոսի, հետագայում անցնենք պրոգրեսիվի, իսկ ստորին շեմի համար պետք է սահմանվի շատ ավելի ցածր դրույքաչափ»,-նշեց պատգամավորը:

Խմբակցության կողմից նաև ներկայացվել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը չհարկվի:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի կարծիքով՝ եկամտային հարկի համահարթեցումն առանձին վերցրած անհաջող լուծում է, սակայն ընդհանուր կոնտեքստի մեջ՝ հոյակապ: «Մենք արդեն գնում ենք ոչ թե եկամուտների հարկմանը, այլ հարստության հարկմանը: Այս փոփոխություններին կհաջորդեն այլ փոփոխություններ՝ կապված գույքահարկի հետ: Այսինքն՝ առաջիկա 3-4 տարիների ընթացքում թե եկամտային հարկը, թե շահութահարկը կնվազի, փոխարենը կլինի գույքահարկ»,-նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մյուս առաջարկը հետևյալն է՝ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացած մարդու համար օրենսգիրքը պետք է պարզ լինի: Պատգամավորն առաջարկում է, բացի խոշորներից, մնացած բոլոր տնտեսավարողների համար կիրառել շրջանառության հարկ:
«Դա նշանակում է, որ քաղաքացին հասկանում է, որ եթե ինքը պայմանական 100 դրամի ինչ-որ ապրանք վաճառեց, ապա դրա 10 դրամը պետք է մուծի պետությանը:

Քաղաքացին, ով ցանկանում է փոքրիկ խանութ ունենալ, ինչու պետք է այդքան հարկատեսակներ իմանա, ուսումնասիրություն կատարի: Աշխարհում ընդունված է շրջանառության հարկը կիրառելը: Այն շատ պարզ հարկատեսակ է»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կարծում է, որ հետագայում կարելի է անցում կատարել Բագրատյանի առաջարկին, սակայն այս պահին նպատակահարմար չի համարում, քանի որ խնդիր է տեսնում արտահանողների համար, նշում է՝ շրջանառության հարկ վճարողների համար արտահանումը բարդանում է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն առաջարկվող նախագծում տեսնում է նաև այլ խնդրահարույց դրույթներ, որոնցից մեկն էլ նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումն է: Նրա կարծիքով, օրինակ, ծխախոտի կամ ալկոհոլային խմիչքների գնի բարձրացումը էական ազդեցություն չի ունենալու վնասակար օգտագործելիության վրա:

Բաղդասարյանը նաև չի հասկանում տեղական գինու ակցիզային հարկը բարձրացնելու նպատակը: «Ցանկացած գինեգործ՝ ընդհուպ մինչև տնային գինեգործ պետք է հասկանա, որ դաշտում մնացած խաղողը վերջնական սպառող է ունենալու՝ թեկուզ գինու տեսքով: Նա պետք է իմանա, որ այն խաղողը, որը չի կարողանում վաճառել, եթե գինի սարքի, վաճառելու խնդիր չի ունենա»,-ասաց Բաղդասարյանն ու նշեց, որ խմբակցության անունից առաջարկել են գինու ակցիզային հարկը 50 տոկոսով իջեցնել:

Ավելին՝ armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել