ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերջին խոչընդոտը վերացել է․ ի՞նչ է դրա դիմաց ստացել Թուրքիան․ Meduza
21:53 - 30 հունիսի, 2022

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության վերջին խոչընդոտը վերացել է․ ի՞նչ է դրա դիմաց ստացել Թուրքիան․ Meduza

Թուրքիայի իշխանությունը սատարել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հայտերը, հունիսի 28-ին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Թուրքիան, Ֆինլանդիան ու Շվեդիան հուշագիր են ստորագրել, որը հաշվի է առնում Թուրքիայի մտահոգություններն, այդ թվում՝ զենքի արտահանման և ահաբեկչության դեմ պայքարի առնչությամբ», - ասել է նա։

Սկանդինավյան այս երկրները ՆԱՏՕ-ի հրավիրված անդամի կարգավիճակ են ստացել։ Meduza-ն գրում է այն մասին, թե ինչու Թուրքիան համաձայնեց այդ անդամակցությանը և ինչ է ստանալու դրա դիմաց։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․

«ՆԱՏՕ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունում ասվում է, որ հունիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆիլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հանդիպել են Ստոլտենբերգի մասնակցությամբ։ Ինչպես գրել է «Անադոլու» գործակալությունը, բանակցություններն անցկացվել են մամուլի համար փակ ռեժիմով և տևել են երկու ժամ։

Երկրների առաջնորդները համաձայնեցրել են եռակողմ հուշագիր, որն, ինչպես ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարությունում, լուծում է «Թուրքիայի անվանգության օրինական խնդիրները»։

Ֆինլանդիան ու Շվեդիան որոշել են հրաժարվել չեզոք կարգավիճակից և միանալ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո, սակայն Թուրքիան դեմ էր արտահայտվում։ Երկու երկրները ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը ներկայացրել էին մայիսի 18-ին, սակայն Թուրքիան մինչև վերջին պահն արգելափակում էր նրանց հայտերի ուսումնասիրումը։

Bloomberg-ի տվյալներով՝ Թուրքիայի իշխանությունը մի շարք պայմաններ էր առաջ քաշել, որոնց ընդունման դեպքում համաձայն կլիներ հաստատել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը։ Այդ պայմանների թվում են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը որպես ահաբեկչական ճանաչելն, ինչպես նաև սահմանափակումների չեղարկումը, որոնք Անկարայի դեմ կիրառվել են 2019 թ-ին ռուսական С-400 համակարգերի գնման համար։

Թուրքիան այս երկրներին մեղադրում էր քրդական խմբավորումներին աջակցելու համար։ Թուրքիայի նախագահ Էրդողանը մայիսին ասում էր, որ Ֆինլանդիան ու Շվեդիան «ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ հստակ և բաց վերաբերմունք» չունեն և հարցադրում էր անում, թե ինչպես կարելի է վստահել այս երկրներին։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն հունիսի 28-ի իր հայտարարությունում նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան անհանգստություն է արտահայտել ահաբեկչության վտանգի առնչությամբ։ «Ֆինլանդիան լրջորեն է վերաբերվել այդ խնդիրներին։ Ֆինլանդիան դատապարտում է ահաբեկչությունը դրա բոլոր ձևերով և արտահայտումներով։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան ամբողջությամբ հավատարիմ է լինելու ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՆԱՏՕ-ի փաստաթղթերին և քաղաքականութանը», — ասել է Ֆինլանդիայի նախագահը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հստակ քայլերը համաձայնեցվելու են հունիսի 29–30-ը, «սակայն այս որոշումը ներկա պահից արդեն անխուսափելի է»։

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ Ֆինլանդիայի հետ միասին ստորագրվել է «շատ լավ համաձայանգիր» Թուրքիայի հետ։ Նրա խոսքով՝ հանդիպմանն ինքն Էրդողանին պատմել է այն մասին, թե ահաբեկչության մասին ինչ փոփոխություններ են հուլիսին ուժի մեջ մտնելու շվեդական օրենսդրությունում։ «Եվ իհարկե, մենք շարունակելու ենք ահաբեկչության դեմ պայքարը, և, որպես ՆԱՏՕ-ի անդամ, դա անելու ենք Թուրքիայի հետ սերտ համագործակցության միջոցով», - ասել է Շվեդիայի վարչապետը։

Ֆինլանդիան ու Շվեդիան համաձայնել են «կանխարգելել» Քրդստանի աշխատավորական կուսակցության և մյուս կառույցների գործունեությունը, որոնք Թուրքիան ահաբեկչական է համարում։

Այս մասին, ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah-ն, ասված է երկրների ստորագրած հուշագրում։ Շվեդիան ու Ֆինլանդիան խոստացել են նաև չաջակցել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանության ուժերին (YPG), որը կապված է Քրդստանի աշխատովարական կուսակցության հետ, ինչպես նաև քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO շարժմանը։

Թուրքիայի նախագահը նաև հաղորդել է, որ երկու երկրները համաձայնել են չեղարկել Թուրքիային զենք մատակարարելու էմբարգոն, որը կիրառել էին՝ ի պատասխան 2019 թ-ին Սիրիայում Անկարայի գործողությունների։

Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ բանակցություններում «ստացել է այն, ինչ ուզում էր», հայտարարել է թուրքական իշխանությունը։

ՆԱՏՕ-ի ղեկավարը մամուլի համար հայտարարությունում ասել է, որ «ոչ մի դաշնակից չի տուժել ավելի դաժան ահաբեկչական գրոհներից, քան Թուրքիան»։

«Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունները պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում», - հայտնել է Ստոլտենբերգը հուշագրի ստորագրումից հետո։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հայտերի արագ ուսումնասիրումը պետք է Ռուսաստանի համար ազդակ լինի։ «Սա Մոսկվայի համար շատ ակնհայտ ազդակ է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են», — ասել է Ստոլտենբերգը Մադրիդում կայացած ասուլիսին։

Պատասխանելով այն հարցին, թե երբ են Ֆինլանդիան ու Շվեդիան միանալու ՆԱՏՕ-ին, նա ասել է, որ «չի կարող կանխատեսել», թե երբ է ավարտվելու այս գործընթացը, քանի որ նրանց անդամակցության մասին համաձայնագիրը պետք է վավերացնեն դաշինքի բոլոր 30 անդամ երկրները։

«Ես գիտեմ, որ որոշ երկրների խորհրդարաններ արդեն սկսել են գործընթացը, այդ պատճառով էլ կարծում եմ, որ դաշնակիցների շրջանում մեծ ցանկություն կա այն հնարավորինս շուտ վավերացնելու», - հավելել է նա»։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել