Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու  մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]
23:53 - 06 հուլիսի, 2022

Լճկաձոր․ մոտ 400 մեղվաընտանիքների ու մեղվի պես աշխատող մոտ 400 բնակիչների գյուղակը [մարzoom]

Արճիս գյուղի արեւելյան կողմում Գուգարաց լեռների լանջերին փռված է Լճկաձորը։ Այրումից ճանապարհը ոլորաններով տանում է դեպի այս գյուղ, որտեղ ընդամենը 100 տնտեսություն կա՝ 400-ին մոտ բնակչով։ Մեքենայի լուսամուտից նայում եմ անտառներին, մտովի պատկերացնում քարտեզը, հիշում, որ այս տարածքում լիճ, ամեն դեպքում, չկա, թեեւ անունն այդպիսի պատկերներ է ստեղծում։ Բայց այդ մասին՝ հետո։ Քարքարոտ ճանապարհով մեքենան ընթանում ու կանգ է առնում ուղիղ գյուղապետարանի մոտ։ Հեռվից անգամ երեւում է, որ այդ փոքրիկ շենքը նույնիսկ նախորդ դարավերջին չի կառուցվել․ ճաքխքած-նորոգած պատեր, փայտե տանիք, հին լուսամուտներ՝ քարե պատերի արանքում։

Գյուղի վարչական ղեկավարի՝ Հրայր Միրզոյանի մեքենան կանգնում է մուտքի ցանցե ցանկապատի մոտ հենց այն պահին, երբ զանգում եմ նրան՝ ճշտելու՝ կարո՞ղ է ինձ ընդունել արդյոք։ «Էդ նկարողը Դուք ե՞ք»,- հարցնում է ինձ՝ մեքենայից տեսնելով, որ նկարում եմ գյուղից դեպի ձորը բացվող տեսարանը։

Մտնում ենք գյուղապետարան, որը գյուղսովետի նախկին շենքն է ու Լճկաձորին ծառայում է 1932 թվականից։ Միրզոյանն ասում է՝ գյուղապետարանի շենքը նաեւ դպրոց է եղել, ինքն այնտեղ է սովորել։ Իսկ հիմա դպրոցը հենց գյուղապետարանի կողքին է։

Այն բարեկարգ է, մաթեմատիկայի առանձին անկյուն էլ ունի, որ առավել մոտիվացնի երեխաներին սովորել այդ գիտությունը։ Այս գաղափարը ուսուցչուհի Ռուզան Մալինյանինն է եղել։ Բայց Լճկաձորի դպրոցը հիմնական է, իններորդն ավարտելուց հետո աշակերտները հարեւան գյուղերում են շարունակում կրթությունը։ Լճկաձորի դպրոցում մոտ 90 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզի սաների թիվը քսանի չի հասնում։ 

Լճկաձորն առաջին հայացքից էլ շատ ջերմ տպավորություն է թողնում։ Բայց այստեղ, ինչպես շատ այլ գյուղերում, կան խնդիրներ, որոշները՝ լուծման ճանապարհին, որոշները՝ առկախված։ Վարչական ղեկավարի հետ մեր զրույցը սկսում ենք գյուղի առավելություններից խոսելով․ «Մի բռաչափ գյուղ ա»,- ասում է Միրզոյանը,- «գեղեցիկ բնություն ունի, լավ աշխարհագրական դիրք։ Ժողովուրդը, մթնոլորտը՝ դրական, մարդամոտ են Լճկաձորում»։ Այս դրականի կողքին, սակայն, խնդիրներն ավելի շատ են, անվերջ թվարկելու։ Ամենալուրջ հարցերից մեկը խմելու ջրի խնդիրն է, բայց մոտ մեկ ամսից, ինչպես նշում է վարչական ղեկավարը, այդ հարցը պետք է որ լուծվի։ Նոր ցանց է կառուցվել։ Իսկ մինչ այս երեսուն տարուց ավելի գյուղում խմելու ջուր չի եղել, տեղացիներն անտառից եկող ջրերից են օգտվել։ 

Հրայր Միրզոյանը

Գյուղում ճանապարհները բարվոք վիճակում չեն, բայց օգոստոսին նախատեսված է խճապատում․ սպասում են՝ ջրագիծն ամբողջությամբ կառուցվի, որ անցնեն ճանապարհների հարցին։ Բայց ամենից մեծ խնդիրը կոյուղու հարցն է․ գյուղում կոյուղագիծ չկա․ «Շատ բարդ ա, մանավանդ, որ էստեղ էլ համարվում ա սողանքային գոտի, խնդիրներ կարող են առաջանալ»,- ասում է վարչական ղեկավարը։ Խնդրից տեղյակ են համայնքապետարանում, բայց լուծումը մեծ ծախսերի հետ կապ ունի, աջակիցներ են պետք։

Լճկաձորում մարդիկ հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, դեղձի, արքայանարնջի այգիներ են մշակում։ Բայց կան մարդիկ, որ զբաղվում են անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Ընդամենը 132 խոշոր եղջերավոր կենդանիներ են պահում եւ 354 մեղվաընտանիք։ Ընդհանուր 160 հա ջրովի հողատարածք կա Լճկաձորում, բայց այդքանը չի էլ օգտագործվում, միայն մոտ 120 հեկտարը․ «Չորացումները շատ են, այգիները համատարած չորանում են, մանավանդ դեղձինը»,- մտահոգ ասում է զրուցակիցս։ Անալիզներ արել են, բայց կոնկրետ պատճառ չի ասվել։ Վարչական ղեկավարը ենթադրում է, որ չորացման պատճառ կարող են լինել Թեղուտի պոչամբարի թափոնաջրերը․ «Դրանք շատ նպաստեցին այգիների չորանալուն։ Պիտի մի հատ նորմալ անալիզ արվի հողն էլ, ծառն էլ, որ պատճառը հասկացվի»։

Գյուղապետարանին մոտիկ ապրում է Բեջանյան Դերենիկը, որը մեծ այգի ունի․ թուզ, նուռ, արքայանարինջ, ֆեյխուա, մուշմուլա՝ ճապոնական զկեռ է մշակում, նույնիսկ Կարմիր գրքում գրացնված արջատխլենի։ Դերենիկ պապն էլ է մտահոգված այգիների չորանալու խնդրով։ Ասում է՝ Լճկաձորում կլիման շատ բարենպաստ է, պարզապես ջրի խնդիր կա, այս ամիսներին հույսները բնական տեղումների վրա է, բայց անձրեւն էլ շոգ ամռանը հաճախ պատահող բան չէ, որ ծառին ու բույսին անհրաժեշտ ջուրն ապահովի։ «Տեղումների քանակը գարնանը, աշնանը, ձմռանը բավարարում է, ուղղակի ամռանը դժվար է․ բույսին ամենաանհրաժեշտ շրջանն է, բայց խոնավությունը չի բավարարում»։

Դերենիկ Բեջանյանը

Դերենիկ պապը տոհմիկ գյուղատնտես է․ «Իմ պապը, հայրս, հորեղբայրս, բոլորը գյուղատնտեսներ են եղել։ Ես էլ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ եմ»,- այգին ինձ ցույց տալու ընթացքում իր մասին պատմում է Դերենիկը։ Նա խնամքով մի կողմ է տանում մուշմուլայի տերեւը, որից տակից երեւում է փոքրիկ պտուղը։

Այս կողմերում նռան ծառերն էլ են շատ․ Դերենիկ պապի այգու մի անկյունը կարմիր երանգ է ստացել նռենու ծաղկաթերթերից։

Դերենիկ պապի տան դարպասների մոտից գյուղապետարան գնացող ճամփեզրից մեր կողմ է նայում լճկաձորցի մի պապիկ ու ժպտալով ձայն է տալիս, թե՝ «հմի Դերենիկը լրիվ ասել ա, էլի՜»։ «Ես գյուղատնտեսության սահմաններից դուրս չեմ եկել, Մալինյա՛ն»,- համագյուղացուն նույնկերպ ձայնում է Դերենիկ պապը,- «մենակ ասել եմ՝ ժամանակին գյուղը տեղափոխել են ստեղ, որովհետեւ հարմար են գտել կլիման, հողը, ջուրը»։ Հետո շրջվում, ինձ ասում է, որ մարդիկ տարբեր պատճառներով տեղափոխվել, եկել-հասել են այս կողմերը, բայց դիմեմ Մալինյանին, նա ավելի լավ կասի։ 

Դերենիկ Բեջանյանը

Դերենիկ պապին հաջողություն եմ մաղթում ու քայլում դեպի ընկեր Մալինյանը՝ Ռուսլան պապը։ Բայց Լճկաձորում նրան ընկեր Մալինյան են դիմում։ Նա Լճկաձորի հիմնական դպրոցի տնօրենն է, մասնագիտությամբ՝ աշխարագրագետ, հիմա նաեւ գրող, արդեն Գրողների միության անդամ է։ Հարուստ կենսագրություն ունի ընկեր Մալինյանը․ սկզբում աշխարհագրություն է դասավանդել Ոսկեվանի եւ Այրումի միջնակարգ դպրոցներում, ապա եղել է Այրումի եւ Հաղթանակի միջնակարգ դպրոցների տնօրեն, ինչպես նաեւ Լճկաձորի գյուղական խորհրդի նախագահ, հետո էլ՝ Լճկաձորի դպրոցի տնօրեն։ Այդ դպրոցում Մալինյանն այժմ աշխարհագրություն է դասավանդում։ Ի դեպ, նա հրատարակած հինգ գիրք ունի՝ «Տավուշի մարզի տեղանունների բառարան», «Տեղանվանապատում», «Նոյեմբերյանի տարածաշրջանի տեղանունների բառարան», «Ժամանակ, ժամանակ», «Ծիրանի ծառը»։

Պարզվում է՝ ընկեր Մալինյանը հավաքագրել ու բառարանագիտական մշակման է ենթարկել Տավուշի տեղանունների վերաբերյալ նյութերը։ Այսինքն՝ հենց նա է, որն ամենալավը կպատասխանի՝ անլիճ այս անկյունն ինչու է Լճկաձոր կոչվում։ Մենք գնում ենք Մալինյանի տուն՝ ճանապարհին խոսելով գյուղից ու դրա պատմությունից։ Լիճ, ուրեմն, ինչպես ասացի, Լճկաձորում չկա, թեեւ ձոր կա։ Ուրեմն, Մալինյանն ուսումնասիրել ու պարզել է, որ Մակար Բարխուդարյանն իր «Արցախ» աշխատությունում գրել է, որ «Լճկաձորի բնակիչները նախ Խոյից են գաղթել են Ուլաշտու, ապա տեղափոխվել Թարգեւին, ապա Ճալու եւ Հուսկ, հետո Լճկաձոր»։

Իսկ նորագույն ուսումնասիրություններից էլ պարզվում է, որ նրանք որոշ ժամանակ էլ Արցախում են ապրել։ Այդպես, 1875-ին այժմյան լճկաձորցիների նախնիները գալիս են ներկայիս գյուղից ոչ հեռու՝ Գոլեր կոչվող վայր, մի հին, լքված գյուղի ավերակները վերաշինում ու հաստատվում այդտեղ։ Այդ բնակավայրը Նորաշեն են կոչում, բայց այդ անունը երկար չի մնում։ Գյուղացիները ձորի գետակի վրա մի փոքրիկ ջրամբար (լճակ) են կառուցում, տեղանքն էլ ստանում է Լճի ձոր անունը։ Ժամանակի ընթացքում գյուղի Նորաշեն անունը մոռացվում է եւ դրան փոխարինում է Լճկաձոր անունը։ Երեք տասնամյակ այդ ձորում ապրելուց հետո տեղանքի փակ դիրքի պատճառով գյուղացիները տեղափոխվում են այժմյան Լճկաձորի տարածք՝ իրենց հետ բերելով այդ անունը։ 

Այսպես, զրուցելով հասնում ենք ընկեր Մալինյանի տուն, որի առաջ փռված է նրանց մեծ ու սաղարթախիտ այգին, որ ավելի շատ անտառ է հիշեցնում։ Այգու մի հատվածը գեղեցիկ մշակված է՝ համաչափ, կոկիկ, մյուս մասը Մալինյաններն ավելի շատ վայրի են թողնում, բայց խնամքով մաքրում են, իսկ բնությունը մնացածն ինքնուրույն կանի։ Մալինյանը գյուղը շատ է սիրում, նրա հինգ գրքերից երկուսը գեղարվեստական են, ու գրողն իր պատմվածքներում հաճախ է նկարագրում գյուղական տեսարանները։ 

Ռուսլան Մալինյանը

Այգուց տուն ենք գալիս։ Մալինյանը ցույց է տալիս իր աշխատասենյակը՝ բազմաթիվ գրքերով, որոնց արանքներում թաքնված են նաեւ իր աշխատանքները։ Ձգվում, գտնում, ինձ ցույց է տալիս։ Առաջին գիրքը «Նոյեմբերյանի տարածաշրջանների բառարանն է», որն աշխարհագրական-գեղարվեստական աշխատություն է, որտեղ ներկայացված են տարածաշրջանի սարերը, վանքերը, գյուղերը։

Տեղանունների մասին նյութեր հավաքելը երկար ժամանակ է տեւել․ Մալինյանը ոչ միայն անձամբ է հավաքել դրանք, այլեւս ամեն անկյունում իր մտերիմների միջոցով հավաքել է հնարավոր բոլոր տեղեկությունները, որոնք ընթերցողին կարող են հետաքրքրել․ «Գիտեք, էս անունների ստուգաբանությունը շատ դժվար հարց է։ Մեծ մասը չկա որեւէ տեղ։ Նյութերը հավաքել ենք հարցումներով, հանրագիտարաններով, հանդիպումներով, ամեն կերպ։ Նույնիսկ նյութեր կան՝ հանրագիտարաններում սխալ են»,- ասում է Մալինյանը։ Իսկ մյուս գիրքը վերաբերում է ամբողջ Տավուշի մարզի տեղանուններին․ դրա նյութերի հավաքագրման համար տարիներ են պահանջվել։ 

Մալինյանի հետազոտական աշխատանքները կարդացել են նրա մտերմիները, գրող ընկերները ու շատ հավանել, առաջարկել նաեւ գեղարվեստական գործեր գրել։ Ինչն էլ, պարզվել է, լավ էլ ստացվում է Մալինյանի մոտ։ Հիմա նա երկու նոր գրքի վրա է աշխատում․ «Վերջերս սկսել եմ բանաստեղծություններ գրել։ Էդ գրողների ջրերն եմ ընկել»,- կատակելով ասում է զրուցակիցս,- «Բայց երբ ինձ Գրողների միության տոմսը տալիս էին, ասի՝ պարոն Միլիտոնյան, մորուք չեմ պահելու»,- ծիծաղում է Մալինյանը, հետո ինձ նվիրում տեղանունների իր բառարանն ու խորհուրդ տալիս․ «Տավուշի մարզում ուր էլ գնաս, կկարդաս, նոր կգնաս»։ 

Թեեւ Մալինյանն ունի համակարգիչ, բայց սիրում է ձեռագրով աշխատել։ Նոր նյութերը գրում է ճերմակ թղթերի վրա, պահում հին թղթապանակում։ Նոր աշխատանքներից մեկը կոչվում է «Գլուխս բարձին դնելուց առաջ»․ այս աշխատանքում Մալինյանն իր մտքերն է գրառում, որոնք այցելում են ուշ երեկոյին, երբ բոլորն արդեն քնել են, երբ պատուհանից դուրս միայն ծղրիդների փսփսոցն է։ 

Հարցնում եմ՝ իսկ անցած բաներին շա՞տ եք անդրադառնում, թե՞ միշտ առաջ։ Հոգոց հանելով է պատասխանում Մալինյանը․ «Հա՜հ, անցած բաներին շատ եմ անդրադառնում․․․ Բայց»,- մեկ էլ ժպիտը դեմքին է գալիս,- «էն փնթփնթան բիձեքից չեմ, էլի՜, նորություններ շատ եմ սիրում»։

Անցյալից խոսելիս արձակած այդ հոգոցը, ինձ թույլ եմ տալիս կարծել, եղբոր մասին է։ Ռուսլան Մալինյանի եղբայրը՝ Հարություն Մալինյանը, Ոսկեպարում տեղի ունեցած «Օղակ» գործողության զոհերից է։ Նրա երկու թոռնիկները՝ Մերին ու Հայկը, Ռուսլան Մալինյանի տանից ինձ ուղեկցում են դեպի Հարություն Մալինյանի հուշաքարի մոտ։

Հարություն Մալինյանի հուշաքարը

Երեխաներն ամբողջ ճանապարհին լուռ են լինում, հետո միասին գնում ենք Լճկաձորի ժամը՝ եկեղեցին, որ թվագրվում է 19-րդ դարին։ Այդ եկեղեցու քանդված պատերի արանքում էլ անցյալի հոգոցներ կան։

Լճկաձորի ժամը՝ եկեղեցին

Բայց այդ հոգոցները ցրում է Լճկաձորից դեպի սարերը բացվող տեսարանը, որտեղ, երեւի, նիրհում են այն բոլորի հոգիները, որոնց ժամանակը հիշողություն է դարձնում։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել