Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների՝ ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու մեջ մեղադրվող «Արար» հիմնադրամի նախագահ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ առկա են նրա անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ։ Ստորեւ՝ հայտարարության տեքստն առանց խմբագրման։
Ս.թ․հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել անազատության մեջ գտնվող հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։ Հաղորդագրությամբ նշվել է, որ Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող բավարար ապացույցներ են ձեռք բերվել։ Այդ առիթով Չալաբյանի պաշտպանական խումբն այսօր հաղոդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Նախաքննության ավարտով պայմանավորված պաշտպանական թիմը ծանոթացել է գործի նյութերին և ներկայացրել մի շարք միջնորդություններ։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո, ինչպես և ակնկալվում էր, պարզ դարձավ, որ ոչ միայն չկան Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ ճիշտ հակառակը՝ առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք հրապարակային դատաքննության արդյունքում կհանրայնացվեն և կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի ամբողջական պատասխանները։
Միաժամանակ հայտնում ենք, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց և դատարան ուղարկելուց հետո հանդես կգանք մամուլի ասուլիսով, որում արդեն հանգամանալից կներկայացնենք գործի բոլոր մանրամասներն ու նախաքննությամբ ձեռք բերված այսպես կոչված «բավարար» ապացույցների սնանկությունը»,-նշված է հաղորդագրությունում:
comment.count (0)