Պտղավան․ պտղատու այգիների, Վանոյի մասին հիշողությունների ու վարդագույն մայրամուտների գյուղը [մարzoom]
22:53 - 09 հուլիսի, 2022

Պտղավան․ պտղատու այգիների, Վանոյի մասին հիշողությունների ու վարդագույն մայրամուտների գյուղը [մարzoom]

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում հիմնականում անդորր է, համ ցերեկը՝ խիստ շոգին, համ հով երեկոներին։ Հատկապես այն գյուղերում, որոնք մոտ են սահմանին։ Բայց, ի տարբերություն, ասենք, Լճկաձորի, Կոթիի կամ Ոսեկվանի, Պտղավանում օրերն ավելի ակտիվ են։ Այս գյուղը շատ մոտ սահման ունի Վրաստանի հետ, եւ գուցե հենց սա է պատճառը, որ այստեղ կյանքը եռում է․ Պտղավանը մաքսակետից մեկ կիլոմետր է հեռու։

1950-ականներին հիմնված այս գյուղում տները հիմնականում փոքր, տուֆե քարերից են սարքած։ Փայտե, խունացած տանիքներով այս գյուղում մոտ հազար բնակիչ է ապրում։ Նրանք հիմնականում պտղաբուծությամբ են զբաղվում, ինչպես եւ հուշում է բնակավայրի անունը։ 

Ես գյուղ եմ հասնում աշխատանքային օրվա ավարտին։ Մտահոգվում եմ, որ վարչական ղեկավարը գուցե էլ տեղում չլինի ու այդպես էլ լինում է։ Գյուղում շրջող մարդկանցից մեկն ասում է՝ հենց իմ գալու պահին դուրս եկավ։ Բայց երբ զանգում եմ, վարչական ղեկավարը՝ Կարեն Աբովյանը, ասում է, որ շուտով հետ կգա։

Գյուղապետարանի շենքը

Գյուղապետարանի մոտ մի հուշաքարի կողքին դրված փայտե նստարանին գույնը գցած դեղին թազբեհն է պտտում տարեց մի տղամարդ։ Մինչ Աբովյանը կգա՝ մոտենում, նստում եմ Միշա պապի կողքին։ 67-ամյա Միխայիլը մինչեւ 15-16 տարեկանն ապրել է Հադրութում, հետո Բաքվում, ու 1988-ից հետո տեղափոխվել է Պտղավան։ Ասում է՝ սիրում է այս գյուղը, համ էլ իր ողջ ընտանիքը հիմա հենց այստեղ էլ ապրում է։ Միշա պապը հինգ թոռ ունի, երկուսը Ռուսաստանում են, երեք թոռները մի քանի տուն այն կողմ են ապրում, հաճախ են այցելում իրենց պապին։

Միշա պապը

Միխայիլը չի դժգոհում կյանքից, միայն թե, ասում է, Պտղավանում խնդիրներ շատ կան․ «Դե, ինչով պետք ա զբաղվեն գյուղացիք, ծառ ա, հող ա, անասուն ա, ով ինչ կարողանում, անում ա»,- ասում է զրուցակիցս։ Նա պատմում է, որ ժամանակին Պտղավանում անասնապահությամբ ավելի ակտիվ են զբաղվել, բայց հետո արոտավայրերը մարդիկ այգիների վերածեցին ու սկսեցին պտղաբուծությամբ զբաղվել։ Ժամանակին գյուղը կոչվել է Այրումի խաղողագինեգործական պետական տնտեսության ավան, հետո, արդեն 1960-ին, պտղաբուծությամբ զբաղվելու առիթով էլ վերանվանվել է Պտղավան։ Հիմա այստեղ մարդիկ դեղձի, խաղաղի ու այլ այգիներ են մշակում։

Պտղավանցիները

Վարչական ղեկավարը ճիշտ ասած ժամին գալիս է գյուղապետարան։ Նա նոր է նշանակվել՝ երեք ամիս։ Ծանոթ է գյուղի խնդիրներին, բայց կան հարցեր, որոնց լուծման ուղղությունները նոր պիտի փնտրի։ Աբովյանը մեր կարճ զրույցում հասցնում է պատմել բնակիչներին անհանգստացնող հարցերի մասին։ Թե՛ գյուղամիջյան, թե՛ դաշտամիջյան ճանապարհները խճապատվել են, բայց առաջիկայում ասֆալտապատում չի նախատեսվում, դա որոշակի անհարմարություն, իհարկե, պատճառում է բնակիչներին։ Ոռոգման ջուր էլ կա, բայց որոշ տեղերում բարելավման կարիք կա։ Բերքն այստեղ, ըստ վարչական ղեկավարի, լավն է, միայն թե գյուղացիները բերքի իրացման հարցում են դժվարանում։ Բայց մի խնդիր էլ կա․ ծառերը վերջին տարիներին սկսել են չորանալ։ Աբովյանն ասում է՝ պատճառը գուցե հանքավայրերից գետով եկող թունավոր նյութերն են․ փորձաքննություն պիտի արվի։

Կարեն Աբովյանը

Ամենալուրջ խնդիրներից մեկն այն է, որ Պտղավանում կոյուղու ցանց չկա, չի էլ եղել․ «Դա շատ լուրջ հարց ա»,- շեշտում է Աբովյանը,- «խիտ բնակեցված գյուղ ա, հո չեն կարող հողամասում ամեն տարի փոս փորել, կամ էդ փոսն ինչի՞ ա նման։ Նախկինում էս հարցով դիմել են համապատասխան մարմիններին, բայց փաստորեն ընթացք չի տրվել։ Մենք ծրագրով ներկայացրել ենք, պիտի որ ստացվի, եթե չստացվի, պիտի տարբերակ մտածենք»,- ասում է վարչական ղեկավարը։

Գյուղապետարանի մոտ երեխաներ են խաղում։ Խումբ-խումբ վազվում են այս ու այն կողմ։ Ինձ ընդառաջ են գալիս դպրոցահասակ երեք տղաներ, որոնցից միայն Ալենը չի խուսափում ֆոտոխցիկից։ Երկու բառ ենք փոխանակում արագ-արագ, որ գնա, հասնի ընկերներին։ Ալենը դպրոցում լավ է սովորում, եւ, ասում է, հատկապես մաթեմատիկան ու ֆիզկուլտարան է շատ սիրում։ Ալենն ուզում է հատուկ նշանակության զորքերի ծառայող լինել։

Ալենը

Այս ճանապարհի վրա մի մեծ, հին ու կիսախարխուլ շինություն կա։ Կողքին տուն է, որի բակում մի տարիքով ու մի երիտասարդ կին են նստած՝ փոքրիկ երեխաների հետ։ Հարցնում եմ՝ այս ի՞նչ շենք է, ասում են՝ խանութ է եղել։ Այդպես սկսում ենք դարպասի մոտից մի երկու բառ փոխանակել, հետո ներս են հրավիրում։

Խանութի հին շենքը

Բակում երկու աղջնակները՝ Անին ու Ռոզան ակտիվ խաղում են, իսկ փոքրիկ Հայկազը մեկ մոր՝ Ծովինարի գիրկն է, մեկ իջնում է գրկից, խաղում գետնին։ Երբ նստում, սկսում եմ հարց ու փորձ անել գյուղից, կյանքից, Անին հետաքրքրասիրությամբ գնում, նստում է տատի կողքին, գլուխը դնում նրա ծնկներին։ Տիկին Կարինեն մանկուց Պտղավանում է ապրել։ Ասում է՝ կյանքն այստեղ վատ չէ, միայն եթե գյուղացու համար պայմաններն ավելի բարվոք լինեին, էլ բողոքելու տեղ չէին ունենա։

Կարինե Խոջոյանն ու Անին

63-ամյա Կարինե Խոջոյանն այս տանն է ապրում մանկուց։ Խոսքի մեջ պատահաբար ասում է, որ երբ փոքր էր, Վանո Սիրադեղյանը հաճախ էր այցելում իրենց տուն։ Պարզվում է՝ այս տունը Սիրադեղյանի եղբոր՝ Սերոժ Սիրադեղյանի տունն է եղել։ Երբ Սիրադեղյանները տեղափոխվել են Կոթի գյուղ, Խոջոյաններն են եկել այստեղ ապրելու։ Վանոն էլ Պտղավան իր այեցրի ժամանակ անպայման հյուրընկալվել է Խոջոյաններին․ «Վանո Սիրադեղյանը էն թվերին, չեմ հիշում հիմա հստակ, իննսունականերից առաջ, Սովետական Հայաստան թերթ կար, էդ թերթում հոդված ուներ, թե մենք գնում ենք Խոջոյան Հայկազանց տուն»,- ակնածանքով պատմում է տիկին Կարինեն ու շտապում գտնել այդ թերթը, որ մինչեւ հիմա պահում է։

Վանո Սիրադեղյանի հոդվածից մի կտոր

«Ուրեմն, գրում ա, որ երկու տղա ունի, մի աղջիկ ունի։ Պապայի մասին ա գրել։ Եթե Վանոն մտել ա Պտղավան, ուրեմն մեր տանն ա մնացել։ Գնաց դե Վանոն»,- ափսոսանքով ասում է զրուցակիցս։ 

Վանոյից թեման անցնում է իրենց ընտանիքին: Բակում ենք նստած ու թեեւ ճանճերը, որ շոգից թաքնվելու համար անընդհատ ստվեր են փնտրում, խանգարում են մեզ, բայց ներս գնալ չենք ուզում։ Ինձ թվում է՝ այս երկու տիկնայք էլ չեն ուզում ներս գնալ։ Ինչ-որ ընդհանուր տխրություն կա, որ շատ արտահայտիչ պատկերված է Ծովինարի՝ Կարինեի հարսի դեմքին։ Նա սուրճ է եփում, բերում, ձեռքով քշում ճանճերին, խնամքով մաքրում բակի սեղանն ու բաժակները դնում վրան։ Ծովինարը քչախոս է։ Նա իր երեխաների նկարներն է ցույց տալիս հեռախոսով․ չորս բալիկ են կադրերում, բակում երեքն են խաղում․․․

Ծովինարը՝ Հայկազի հետ

Ծովինարի ամուսինը՝ Դավիթը, գալիս է տուն։ Աղջնակները վազում են հոր գիրկը, հայրը նրանց համբուրում է ջերմ-ջերմ ու գրկից բաց չի թողնում։ Դավիթը պայմանագրային զինծառայող է եղել, բայց, Կարինեն ասում է, երեխաների համար դուրս է եկել․ առանց հոր երկար մնալ չեն կարողանում։ Հիմա մտահոգ են, որովհետեւ եռամսյա հավաքներ են, ու Դավիթը եւս կարող է գնալ․

«էս երեխեքն առանց հոր չեն կարում մնան։ Ո՞նց գնա, ով պիտի էդքան հարցերը լուծի, ուզում եմ դիմում գրեմ, տամ գյուղապետին, որ հեսա մեր էրեխի տարին ա, բացի դրանից՝ էդքան հողամաս կա, ո՞վ պիտի ջրի, ախպերս էլ վիրահատված ա, չի կարա»,- ասում է Կարինեն, մինչ Դավիթը երեխաների հետ է շփվում։ Նա հիմա ժամանակավոր աշխատանքներ է անում մաքսակետում, մշտական աշխատանք չունի։ 

Դավիթը՝ դստրերի հետ

Տան բակում աժիոտաժն զգալով՝ Կարինեենց բակ է գալիս նրանց հարեւանուհին՝ տիկին Թամարան։ Նա բնիկ Վրաստանից է, բայց իր երեխաներն այստեղ են ծնվել՝ Պտղավանում։ Կարինեն Պտղավանն իր հայրենիքն է համարում։ Նա լավ ծանոթ է գյուղի խնդիրներին, ասում է՝ եթե անգամ իրենք չտեսնեն իրենց անհանգստացնող խնդիրների լուծումը, գոնե երեխաների համար լավը լինի ապագան։

Տեսարան Պտղավանից

«Լավ գյուղ ա, բայց ոչ աշխատանք կա, ոչ երկիտասարդների համար զբաղմունք։ Մեր գյուղի նստվածքը լավն ա, բայց գործ չկա, որ մի բանով զբաղվեն, տուն պահեն, երեխա պահեն։ Բացի դրանից՝ երեխեքի համար խաղալու տեղ չկա, գյուղը արարողությունների սրահ չունի։ Որ մեկը մահանում ա, ստիպված կողքի գյուղում են անում արարողությունները»,- պատմում է տիկին Թամարան։ 

Տիկին Թամարան

Նա չի մոռանում նաեւ Պտղավանի լավ կողմերը թվել։ Ասում է՝ լավ դպրոց ունեն, մակապարտեզն էլ վերանորոգման փուլում է, առաջիկայում պիտի ավարտվեն աշխատանքները, ու մանկապարտեզը կսկսի գործել։ 

Ծովինարն էլ է միանում այս խոսակցությանը։ Նա էլ մտահոգվում է, որ գյուղում խմբակներ չկան՝ երեխաները զբաղվեն, նոր բաներ սովորեն։ Ծովինարը բուժքրոջ մասնագիտացում ունի, բայց աշխատանք չի գտել գյուղում։ Նրա փոքր դուստրը՝ Անին, երազում է բժիշկ դառնալ, իսկ Ռոզան՝ զինվորական ու ոստիկան։ Հորը՝ Դավիթին, հարցնում եմ՝ դեմ չէ՞, արդյոք, որ աղջիկը զինվորական դառնա, ժպտալով ասում է՝ «դեմ եմ, բա ինչ եմ»։

Պտղավանցիները

Հատուկ դանդաղ խմված մի բաժակ սուրճն ավարտվում է մեր զրույցի հետ։ Մտածում եմ՝ Կոթիում ոչ մեկը Վանոյի անունը չտվեց այնտեղ իմ շրջելու ընթացքում, իսկ այստեղ՝ Պտղավանում, նրա մասին հիշողությունը դեռ պահվում է հին թերթի էջերում։ 

Պտղավանի ճանապարհներից մեկից երեւում է Վրաստանի սահմանը։ Սահմանին շատ մոտիկ գյուղի ֆուտբոլի դաշտն է, որը, սակայն, նկարել չի հաջողվում, քանի որ Սահմանապահ ծառայության թույլտվությունն է պետք, որը ես չունեմ։ Թեեւ ճամփեզրից հնարավոր է լուսանկարել հորիզոնը, որտեղ հեռվում երեւում է նաեւ վրացական մի գյուղ, որը տեղացիներն անվանում են թուրքի գյուղ, քանի որ այնտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրում։

Արեւը մայր է մտնում այն սարի հետեւը, որտեղից այն կողմ արդեն Վրաստանն է։ Ու Պտղավանի վրա վարդագույն, նարնջագույն երանգներ են տարածվում, որ դանդաղ մարում են գյուղի փողոցներում։


Հայարփի Բաղդասարյան
Լուսանկարները՝ Լիլիթ Նազարեթյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել