Նոյեմբերյանից դեպի Զորական տանող ճանապարհը կանաչների միջով է․ թվում է՝ մի քիչ էլ գնաս, ու առջեւումդ անեզր անտառ է բացվելու։ Բայց կանաչները շուտով փոխվում են բնակավայրի՝ քիչ ու միչ հանդիպող մարդկանցով, որոնք, հետո պիտի պարզվի, պակաս անեզր չեն։
Մեքենան կանգնում է գյուղի կենտրոնում, ավելի ճիշտ՝ գյուղամեջում, ինչպես այստեղ է ընդունված ասել։ Իջնում եմ, նայում՝ շուրջս, եւ արդեն պարզ է․ սա այն տեղն է, որն ինձ խորհուրդ էին տալիս Զորական գալու դեպքում անպայման տեսնել։
Լուսանկարում՝ գյուղի հուշահամալիրը
Խոսքը կենտրոնական փողոցի վրա բացվող հուշահամալիրի մասին է․ փողոցի մի կողմում՝ սարերի ետնապատկերին, հայ մեծերն են՝ Տիգրան Մեծից մինչեւ Արցախյան պատերազմի հերոսներ (նրանց մասին՝ ավելի ուշ):
Լուսանկարում՝ ձախից՝ Գարիկ Մովսիսյանը, Սլավիկ Ազարյանը
Մյուս կողմում՝ գյուղապետարանի հարեւանությամբ, Հայրենական եւ Արցախյան պատերազմների, ինչպես նաեւ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքարերն են, եւ որ ամենաշատը հիշատակվողն է տեղացիների կողմից՝ մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիները։
Լուսանկարում՝ Հովհաննես Բաղրամյանի եւ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրիները
Հայ մեծերի նկարներ կան նաեւ փողոցի այս կողմում՝ գյուղապետարանի ողջ երկայնքով․ տպավորություն է՝ կարծես թանգարանում ես՝ բաց երկնքի տակ։
Լուսանկարում՝ գյուղապետարանի շենքը
«Էստեղ նեղությունը մինակ ոռոգման ջուրն ա»
Քայլում եմ, լուսանկարում ամբողջը, հետո՝ մտնում առաջին իսկ պատահած խանութը։ Փոքրիկ, մթերային խանութ է, որտեղ ինձ սիրով ողջունում է խանութի սեփականատերը՝ Արմեն Խաչատրյանը։ Ծանոթանում եմ, պատմում, որ եկել եմ՝ իրենց գյուղն ու գյուղացիներին ճանաչելու․ «Զորական գյուղը, ասեմ քեզ, շատ լավն ա, ստեղ մինակ նեղությունը ոռոգման ջուրն ա, շատ մեծ նեղություն ա, ժղովուրդը անող-դնող ժղովուրդ ա, բայց որ ջուր չկա, մի քիչ նեղվում ա»,- ասում է նա՝ կարեւորելով, որ գոնե խմելու ջրի խնդիրը տարիներ առաջ լուծվեց․ «Մարդկանց հիմնական զբաղմունքը՝ հողամաս, անասուններ, բայց էդքանը որ քիչ ա, ժղովուրդն էլ շատ տարի քինում ա խոպանը՝ Ռուսաստան, ինձ թվում ա՝ սաղ Հայաստանն ա տենց, մինակ մեր գյուղը չի, մի գործ չկա, որ ժղովուրդը մնա, Հայաստանը զարգացնի, ստիպված գնում են»։
Իր խանութից եմ հարցնում, ասում եմ՝ գործը ո՞նց է, հոգոց անելով պատասխանում է՝ նիսյա։ Քանի որ գյուղում բոլորն իրար ճանաչում են, ընկեր ու բարեկամ են, մերժել չի կարողանում․ ապրանքը տալիս է, սպասում մինչեւ մի օր գումարը բերեն։
Լուսանկարում՝ Արմեն Խաչատրյանը
Հոգսաշատ թեմաները շրջանցելու համար ընտանիքից էլ եմ հարցնում։ Արմենի աչքերը սկսում են փայլել․ ամուսնացած է, երկու որդի ունի, պատրաստվում են մեկի հարսանիքին։ Ուզում եմ հաջողություն մաղթել, շարունակել ճանապարհս, բայց սա Զորականն է, այստեղ ո՞վ ինձ առանց հյուրասիրության բաց կթողնի։ Արմեն Խաչատրյանը պնդում է՝ պիտի կնոջը տեսնեմ, հետը մի բաժակ սուրճ խմեմ, նոր գնամ։
«Պատերազմից շատ խեղճացած ենք, միայն խաղաղություն ենք ուզում»
Տունը հենց խանութի հարեւանությամբ է։ Մտնում եմ, ծանոթանում կնոջ՝ տիկին Սիրանուշի եւ նրա հարեւանուհի Հասմիկի հետ։ Ինձ այնպես ջերմ են ընդունում, կարծես իրենց հազար տարվա ծանոթը լինեմ․ «Ի՞նչ ասեմ, աղջի՛կ ջան, պիտի քինաս մի մանկավարժի կուշտ, որ քեզ սիրուն-սիրուն բաներ ասի»,- նշում է տիկին Սիրանուշը։ Ես էլ շտապում եմ հակառակվել․ «Ինձ սիրուն բաներ չեն պետք, իրական կյանքի պատկերն է պետք, իսկ դա ամենալավը հասարակ ժողովուրդը կպատմի, այսինքն՝ դուք»։ «Ջանիդ մատա՜ղ»,- ասում է տիկին Սիրանուշը ու ծիրան մաքրելով՝ սկսում պատմել։ Առաջարկում եմ զուգահեռ լուսանկարել իրեն, բայց սրտով չի, չի ուզում․ «Մենք բնիկ չարդախլվեցի ենք՝ Ադրբեջանից տեղահանված, ստեղ տեղավորված, ապրուստից չենք դժգոհում, փառք Աստծո, միայն խաղաղություն ենք ուզում, պատերազմից շատ խեղճացած ենք, բալա՛ ջան, պատերազմ չենք ուզում, որպեսզի երիտասարդությունը չհեռանա․ ամեն լարվածության դեպքում մենք էլ չկանք, որովհետեւ երկու ջահել ունեմ, մի բան որ լինի, իհարկե, պիտի գնան»։
Ի դեպ, Ադրբեջանից տեղահանված լինելու մասին․ Չարդախլուն Դաշտային Ղարաբաղի հայկական գյուղերից է՝ պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի տարածքում։ Այն հայաթափվել է 1988-89 թվականներին, եւ տեղի բնակչությունը մեծամասամբ բնակություն է հաստատել ներկայիս Զորական գյուղում (գյուղի անվան մասին՝ մի փոքր ուշ)։ Այսքան տարի անց էլ, սակայն, մարդիկ, իրենց մասին խոսելիս, չարդախլվեցի են ասում, ոչ զորականցի, եւ նրանց խոսքերից հստակ ընդգծվում է չամոքվող կարոտը դեպի պատմական հայրենիք․ «Ես Զորականի մասին շատ բան չգիտեմ, իսկ Չարդախլուն, անցնողն էլ գիտի, մարշալների գյուղն ա, ինչքան հերոսներ ա տվել Հայրենական պատերազմի ժամանակ՝ Մարշալ Բաղրամյան, Մարշալ Բաբաջանյան․․․ Շատ լավ մարդիկ՝ ցրված աշխարհով մեկ, չարդախլվեցիներն են»։
Վերադառնալով Զորականին՝ հարեւանուհի Հասմիկը նույնպես աշխատատեղերի պակասից եւ ոռոգման ջրի բացակայությունից է սրտնեղում, ասում է՝ ամիսներով իր ամուսնուն չի տեսնում․ նա էլ շատերի պես արտագնա աշխատանքի է մեկնում․ «Որովհետեւ գործ չկա, միակ գործը դաշտն ա, էն էլ ոռոգման ջուր էլ չեն տալիս, որ մարդ ապրի, չգիտես՝ ինչ անես, գյուղի կեսը ռուսաստաններում ա, ջահել տղա երեւի չեք գնի, մենակ ինքն ա, եկել ա՝ ամուսնանա»,- ասում է նա՝ տիկին Սիրանուշի որդուն ցույց տալով։
Եվ մինչ մենք զրուցում ենք, Զորականի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանն է զանգահարում․ նրա հետ պայմանավորվել էի՝ երբ գա գյուղապետարան, հանդիպենք։ Շնորհակալություն եմ հայտնում հյուրասիրության համար ու շտապում այնտեղ։
«Ապրել ժողովրդի հետ մի կյանքով՝ մի դարդի, մի ցավի»
Սուրեն Մարտիրոսյանի աշխատասենյակն էլ կարծես մի փոքրիկ հուշահամալիր լինի․ աշխատասեղանին՝ ապակու տակ, դարձյալ զորավարների նկարներն են, նրանց կողքին՝ Արցախյան պատերազմի հերոսներինը։ Ցույց է տալիս, անուն առ անուն նշում յուրաքանչյուրին, ապա՝ ներկայացնում վերջին երկու պատերազմներին զոհված իրենց համագյուղացիներին։ Նրանցից մեկը Գարիկ Մովսիսյանն է, զոհվել է 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում, մյուսը՝ Սլավիկ Ազարյանը՝ 2020 թ․ Քառասունչորսօրյա պատերազմին Ջաբրայիլում․ «Երկուսն էլ մերը չեն հիմա»,- ցավով նշում է վարչական ղեկավարը։ Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի տողերն եմ հիշում՝ «Բարձունքը մերն է, տղերքը չկան», բայց այս դեպքում, փաստորեն, ոչ էլ բարձունքը կա։ Տխրում ենք, բայց դե, խուսափել չի լինի։
Լուսանկարում՝ Սուրեն Մարտիրոսյանի աշխատասեղանը
Իսկ աշխատասեղանի ապակու վրա՝ շրջանակի մեջ, պատերազմին մասնակցած գյուղացի կամավորականների համատեղ լուսանկարն է, որում ինքն էլ կա։ Բայց այդ մասին շատ չի խոսում, ասում է՝ 2020 թվականը կոտրեց բոլորիս, պիտի ոչ էդ թիվը լիներ, ոչ էդ օրը։ Ամեն դեպքում, հպարտ է․ գյուղը ոչ մի բանից ձեռնպահ չի մնացել, 90-ականներին էլ է հերոսներ ունեցել, հիմա էլ։
Լուսանկարում՝ Սուրեն Մարտիրոսյանը
Անդրադառնալով գյուղի պատմությանը՝ Սուրեն Մարտիրոսյանը նշում է՝ գյուղը նախկինում կոչվել է Չինարի՝ պայմանավորված չինարի ծառերի առատությամբ, հետո, երբ այստեղ թուրքական ցեղեր են թափանցել, այն վերանվանվել է Վերին Քյորփլու, խորհրդային տարիներին այստեղ կազմավորված պետական տնտեսությանը տրվել է Հոկտեմբեր անվանումը, իսկ 1988 թվականից արդեն, երբ գյուղը վերաբնակեցվել է Չարդախլուից տեղահանված հայերով, վերջիններս ցանկացել են գյուղին տալ հենց Չարդախլու անվանումը, սակայն դրա հետ կապված վեճ է եղել, քանի որ բառը, ասում են, թուրքական ծագում ունի (ծագում է չարդախ բառից, նշանակում է ծածկ), ուստի այդ տարբերակը չի ընդունվել․ «Մերոնք էլ ասացին՝ հերոսներով ճանաչված գյուղ է, գոնե մի բան անենք, արմատը վերցրին, դրին Զորական, այսինքն՝ զորավարների գյուղ, բայց մենք շատ քիչ ենք Զորական, զորականցի ասում, ում հարցնեք, կասեն՝ չարդախլվեցի»։
Զորավարների գյուղն այժմ ունի 1075 բնակիչ՝ ներառյալ ժամանակավոր ներկաներն ու բացակաները, կա 238 առկա եւ 90 բացակա տնտեսություն։ Հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, անասնապահությունը եւ ինչպես արդեն նշվեց, արտագնա աշխատանքը․ վարչական ղեկավարի խոսքով՝ տարվա կտրվածքով 60-80 հոգի մեկնում է արտերկիր՝ աշխատելու։ Գյուղն ունի մեկ դպրոց, որտեղ սովորում է 160 աշակերտ, բոլոր դասարաններում էլ աշակերտներ կան՝ ամենաքիչը 8-10 հոգի։ Գործում է մեկ մանկապարտեզ, ուր հաճախում են 26 փոքրիկներ․ «Մանկապարտեզի բացման ժամանակ ասացի՝ որ ջուրը լինի, էրեխեքն էլ շատ կլինեն, իրոք, ջուրը կյանք ա մեր ժողովրդի համար, բայց մենակ մեզնից չի կախված»,- ասում է վարչական ղեկավարը՝ հավելելով, որ համակարգը 60-ականներին է սարքվել, ներքին ցանցի խնդիրներ կան, փոփոխման կարիք կա, կառավարությունը ներդրումներ անում է, բայց խնդրի լուծումը մեծ ֆինանսների հետ է կապված։ Հարցնում եմ՝ իսկ ժամանցի ի՞նչ վայրեր կան, կես կատակ-կես լուրջ ասում է՝ գյուղում ժամանակ չկա, որ ժամանցի վայր լինի։ Բայց դե, երեւի երբեմն ժամանակ գտնվում է․ կարատեի, դհոլի, երգի-պարի խմբակներ են գործում։ Գյուղում նաեւ ադրբեջանական գերեզման կա․ տեղահանված չարդախլվեցիները դրան ձեռք չեն տվել, Մարտիրոսյանի խոսքով՝ այն հույսով, որ նրանք էլ իրենց թողած գերեզմանին ձեռք չեն տա, թեեւ կյանքը հակառակը ցույց տվեց։
Պատմությամբ հարուստ այս գյուղում, սակայն, չկա եկեղեցի։ Սուրեն Մարտիրոսյանը պատմում է՝ հուշահամալիրի բացման օրը երկու կոնյակ են ստացել ու որոշել՝ մեկը կբացեն այն օրը, երբ սկսվի եկեղեցու շինարարությունը, մյուսը՝ երբ այն ավարտվի։ Նախագիծը կա, ամեն հարցով աջակից գյուղացիները՝ եւս, մնում է՝ բարերար գտնվի։ Հույս է հայտնում՝ գոնե մեր հրապարակումը դրան նպաստի։
Լուսանկարում՝ Սուրեն Մարտիրոսյանը, Հովհաննես Բաղրամյանի դիմանկարով կոնյակները եւ եկեղեցու նախագիծը
Ականջի ծայրով լսողն անգամ կնկատի, թե նա ինչ մեծ հպարտությամբ է խոսում հուշահամալիրի մասին, որն իրականություն է դարձել 2015 թ․ ռուսաստաբնակ իրենց հայրենակիցների աջակցությամբ․ «Ու հիմա, երբ այս ճանապարհով տարբեր ազգի մարդիկ են անցնում, կանգնում են, կարդում, հիշում եւ իմանում՝ չարդախլվեցիք էս գյուղում ապրում են, կան ու կլինեն»։
Ի դեպ, Սուրեն Մարտիրոսյանը Զորականի ղեկավարն է 2010 թվականից՝ արդեն 12 տարի։ Ասում եմ՝ լսել եմ, որ սիրված ղեկավար եք, ո՞նց եք այդ սերը վաստակում, ժպիտը դեմքին՝ սկսում է մտածել․ «Չգիտեմ, սկզբունքը սենց ա․ կարեւորը ժողովուրդն ա, որովհետեւ ինչ ղեկավարություն էլ փոխվի, դու, մեկ ա, էս գյուղում ապրում ես, ժողովրդի հետ մի դարդի ես, մի ցավի, ապրել ժողովրդի հոգսով, նրանց կյանքով, ու ինձ թվում ա՝ գնահատում են»,- ասում է նա՝ ինձ դարձյալ առանց հյուրասիրության բաց չթողնելով։
«Աշխարհը չունի էս գյուղից՝ մի գյուղ, երկու մարշալ»
Սուրեն Մարտիրոսյանն ինձ առաջարկում է անպայման հանդիպել գյուղի ամենատարեց բնակիչներից մեկին՝ 89-ամյա Միքայել Գրիգորյանին։ Զանգում է, համոզվում, որ տանն է, եւ ինքն էլ ինձ ուղեկցում այնտեղ։ Միշա պապը, կոստյումը հագած, սիրով սպասում է մեզ։ Ծանոթանում եմ, ասում՝ լսել եմ՝ գյուղի ամենատարեց բնակիչներից եք, համաձայնում է․ «Համարյա ամենամեծը ես եմ»։ «Համարյա չէ»,- կողքից միջամտում է տղան, - «Հենց դու ես»։ Պապը ժպտալով ասում է․ «Հա՞, բայց ես կուզեմ փոքր լինել»։
Լուսանկարում՝ Միքայել Գրիգորյանը
Կյանքով ու հումորով լեցուն մեխանիկայի մասնագետ Միշա պապը 89 տարեկան է, ունի 8 երեխա, 24 թոռ, 29 ծոռ, սպասում է կոռան ծննդին։ Ասում եմ՝ ի՜նչ հարուստ եք, Միշա՛ պապ, գլխով է անում․ «Հա՛ բա, փառք Աստծո․ Աստված որ տալիս չի, տալիս չի, բայց որ տալիս ա, տալիս ա, բայց եւ տալիս ա, եւ տանում ա, կյանքը տհե ա»։ Մի քիչ տխրում է, որ թոռներն ու զավակները ցրված են Հայաստանի ու Ռուսաստանի տարբեր ծայրերով, բայց, օրինակ, Ինգան իր կողքին է, ասում է՝ թոռանը ցույց տալով։ Թոռներից մեկն էլ՝ Արշակը, 44-օրյա պատերազմի մասնակից է, Ջաբրայիլի ճանապարհին շրջափակման մեջ ընկած 70 հոգանոց խմբի հրաշքով փրկված տղաներից մեկը։
Միշա պապի տանը եւս ինձ առանց սուրճ չեն թողնում, ու մինչ նրա հարսը՝ տիկին Փառանձեմը, սեղան է դնում, պապը սկսում է Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» ասել․
«Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
որ խոսվում է դարեդար,
երնե՜կ նրան, որ իր գործով
կապրի անվերջ, անդադար․․․»
Նախերգանքն ամբողջությամբ ասում է, վերջում՝ հարցնում․ «Ճիշտ չի՞, լա՛վը եղիր, լա՛վը մնա, մարդկանց անտեղի մի՛ վարկաբեկիր, ես իմ թոռներին դա եմ ասում միշտ, կյանքն ա տհենց»,- նշում է ու շարունակում ասմունքը․ այս անգամ իր աշուղ պապի բանաստեղծությունն է հիշում․
«Գիշեր-ցերեկ ցավ եմ քաշում քո ձեռքիցդ, ա՜խ, ծերությո՜ւն,
խնջույքներից ինձ գցել ես, արել ես դուրս, դա՜ռը ծերություն․․․»
Լուսանկարում՝ Գրիգորյանի աշուղ պապը
Հարցնում եմ՝ բա ո՞նց եք այսքանը անգիր հիշում, կատակում է՝ «Ինձ ի՞նչ կա», հետո էլ, թե․ «Ես գիդում չեմ, հիշողություն կա»։ Ես էլ հիշում եմ, որ իմ մեծ տատի հետ պայմանավորվել էի, որ նա պիտի մինչեւ հարյուրն ապրի․․․ Հիմա նույն պայմանը Միշա պապի հետ էլ եմ կապում․ «Դժվար ա»,- ասում է՝ ժպիտը դեմքին,- «էրեխեքը թող սաղ ըլեն, աշխարհին խաղաղություն եմ ցանկանում, մենք տուժել ենք, մեր էրեխեքը թող տուժեն ոչ»։
Պապն անգիր հիշում է նաեւ հայրենի Չարդախլուից տեղահանվելու օրերը ու պատմելիս կարծես վերապրում է ամբողջը․ «1988 թ․ դեկտեմբերի 4-ի գիշերը թուրքերը մեզ մերկացրել են ու վտարել, դեկտեմբերի 18-ի քշերը եկել եմ ու էդ քշերից առ էսօր ստի եմ, որովհետեւ չարդախլվեցիների շատը ստի ա, մի վատ բան չեմ նկատել ես ստի, իրար հետ համախմբված, ամենքը՝ իրենց գործին, յոլա ենք քինում, փառք Աստծո, աղջիկ ենք տալիս, աղջիկ ենք բիրում, խնամություն ենք անում»,- պատմում է նա՝ ոչ մի կերպ չկտրվելով Չարդախլուից․ «Աշխարհը չունի էս գյուղից, էս գյուղիցը ոչ, էն գյուղից․ մի գյուղ, երկու մարշալ աշխարհը չունի»,- ու կարոտը անվերջ զնգում է նրա սրտում։
Միշա պապը գուցե գլխի չի ընկել, բայց աշխարհը իրենց պես մարդիկ էլ չունի։
«Ես ինձ ուրիշ տեղ չեմ պատկերացնում, ուրիշ տեղ օդը ծանր ա»
Գյուղի ամենամեծ բնակչի հետ մեկտեղ ուզում եմ նաեւ փոքրերի հետ խոսել։ Ամենափոքրի հետ, դե, հնարավոր չէ, բայց մի երկու դպրոցականի ստացվում է գտնել։ 16-ամյա Հասմիկն ու 14-ամյա Սեդան զարմուհիներ են, ինձ ընդունում են յուրահատուկ խանդավառությամբ։ Պատմում են, որ ծնված օրվանից Զորականում են ապրում եւ իրենց ուրիշ տեղ չեն պատկերացնում․ «Ես մեր գյուղը շատ եմ սիրում, բնությունը շատ լավն ա, մարդիկ շատ լավն են՝ ընկերասեր, հյուրասեր»,- ասում է Հասմիկը։ Չհամաձայնել չեմ կարող․ առաջին հատկանիշը, որով այսուհետ ես կբնութագրեմ զորականցիներին, հյուրասիրությունն է։ Դրան նաեւ հենց իրենք՝ քույրերն են նպաստում․ իրենց այգին են տանում, մի տոպրակ կարմրաթուշ դեղձ հավաքում ինձ համար։
Լուսանկարում՝ Հասմիկ Բալաբեկյանը
Հասմիկը երազում է բժշկուհի դառնալ, ասում է՝ սիրում է օգնել մարդկանց, իսկ Սեդան դեռ չի կողմնորոշվել, բայց մտքին մանկավարժի մասնագիտությունն է։ Բոլոր դեպքերում, աղջիկները վստահ են՝ սովորելուց հետո վերադառնալու են իրենց գյուղ․ «Ես մեր գյուղին եմ հարմարվել ու չեմ պատկերացնում ինձ ուրիշ տեղ, որ ուրիշ տեղ գնում եմ, օդը ծանր ա, միջավայրը դուրս չի գալիս, էստեղ լավ ա, բոլորով հավաքվում ենք, խաղում, լավ ժամանակ ենք անցկացնում»,- ասում է Սեդան։
Լուսանկարում՝ Հասմիկն ու Սեդան
Հարցնում եմ՝ իսկ ի՞նչ կուզեիք՝ լիներ գյուղում, որ չկա, քույրերն առաջինը դեղատան մասին են նշում, ասում են՝ որ շտապ պետք է լինում, կամ իրարից են վերցնում, կամ կողքի գյուղ գնում (ավելի ուշ վարչական ղեկավարից իմանում ենք, որ տեղացիներից մեկը ծրագրում է դեղատուն բացել)։ Նրանք նաեւ վերանորոգված ճանապարհ են ուզում, եւ իհարկե, լիարժեք լուսավորություն՝ այդ ճանապարհին, որի պակասը հիմա էլ զգում են։
Հետաքրքրվում եմ՝ իսկ գյուղում որեւէ ոլորտում հաջողության հասած հայտնի դեմքեր կա՞ն, դժվարանում են մտաբերել։ Դե, քանի որ ես էլ սիրում եմ պայման կապել, այս անգամ եւս առիթը բաց չեմ թողնում․ «Ուրեմն՝ ապագայում դուք եք լինելու այդ դեմքերը»,- ասում եմ նրանց՝ հույս հայտնելով, որ տարիներ հետո գյուղը նաեւ իրենցով են ճանաչելու։
Իսկ Զորականն ու զորականցիներին, հավատացեք, ճանաչել հաստատ արժե։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)