hetq.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն իր թեկնածությունն է առաջադրել իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։ Այդ մասին Թրասը հայտարարել է The Daily Telegraph-ի իր սյունակում։
«Մենք տանը բախվում ենք խոշոր խնդիրների՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Մենք բախվում ենք արտասահմանում առկա խոշոր մարտահրավերների. ագրեսիվ Ռուսաստանից մինչև ավելի հաստատակամ Չինաստան։ Մենք երկու տարուց էլ քիչ ժամանակ ունենք, որպեսզի պատրաստվենք հաջորդ ընտրություններին։ Դա դժվար պայքար կլինի, բայց մենք կարող ենք հաղթել՝ անկյան վերևում դնելով բրիտանական ժողովրդի բարօրությունը։ Ես առաջադրվում եմ, որովհետև կարող եմ լինել առաջնորդ և ընդունել բարդ որոշումներ»,- գրել է Թրասը։
Վարչապետի պաշտոնում նա առաջին հերթին խոստացել է նվազեցնել հարկային բեռը, չեղարկել սոցիալական ապահովագրության արժեքի բարձրացումը և նվազեցնել տոկոսադրույքները բիզնեսի համար։ Իր սյունակում նա հիշեցրել է, որ, լինելով արտաքին գործերի նախարար, օգնել է Մեծ Բրիտանիային «գլխավորել Ուկրաինայում պուտինյան պատերազմին միջազգային արձագանքը և առաջարկել պատժամիջոցների կոշտ փաթեթ, որոնք իրական ցավ են պատճառել Պուտինին ու Կրեմլին»։
Deutsche Welle-ն, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար իր թեկնածության առաջադրման մասին հայտարարել է 11 մարդ։ Sky-ն էլ գրում է, որ Թրասը պահպանողականների առաջնորդներից մեկն է։ Նա մյուս նախարարներից ամենաերկարն է աշխատել նախարարների կաբինետում և տարբեր պաշտոններ զբաղեցրել Դևիդ Քեմերոնի, Թերեզա Մեյի և Բորիս Ջոնսոնի կառավարություններում։ Ակնկալվում է, որ քվեարկության ձևաչափը և դրա ժամկետները կուսակցությունը կորոշի հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հրաժարականի մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Նրա հեռանալը կապված էր մի շարք սկանդալների և նախարարների հրաժարականների հետ։ Ելույթի ժամանակ Ջոնսոնը նշել էր, որ տխուր է «աշխարհի լավագույն աշխատանքը» լքելու համար, ընդգծել իր կառավարության ձեռքբերումները, ինչպես նաև՝ շնորհակալություն հայտնել համախոհներին աջակցության համար։
comment.count (0)