Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով
16:43 - 11 հուլիսի, 2022

Տարոն Մարգարյանը և Գևորգ Կոստանյանը դատախազություն են հրավիրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման հարցով

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրավիրվել են ՀՀ դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով։

«Azdarar.am» հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Տարոն Մարգարյանին ծանուցումն ուղարկվել է հուլիսի 7-ին, Գեւորգ Կոստանայնին՝ հուլիսի 6-ին։ Միաժամանակ, նշվում է, որ Տարոն Մարգարյանը Դատախազություն պետք է ներկայանա հուլիսի 14-ին, իսկ Գևորգ Կոստանյանը՝ հուլիսի 19-ին։

Ծանուցման մեջ, մասնավորապես, ասված է․

«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044-Ն որոշման»:

Միաժամանակ ասվում է, որ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։

Առկա տեղեկատվության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազություն են հրավիրվել նաև նրանց հետ կապակցված անձինք, այդ թվում` ընտանիքի անդամներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել