armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 65 կողմ ձայն:
Գործող օրենքով սահմանված է, որ մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման և իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է ՀՀ կառավարությունը: Իսկ կառավարության համապատասխան որոշմամբ՝ սահմանված է, որ մատչելի կամ հարմարեցված տրանսպորտային միջոցները պետք է լինեն ընդհանուր քանակի առնվազն 10 տոկոսի չափով:
Ըստ նախագծի հեղինակի՝սակայն, այս պահանջը, սակայն չի բխում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի պահանջից: Ըստ նրա՝առկա կարգավորումը նաև բավարար չափով չի ապահովում հատկապես ներհամայնքային փոխադրամիջոցների մատչելիությունը, որով պայմանավորված է նաև քաղաքացիների այլ հիմնարար իրավունքների իրացումը:
«Առաջարկում եմ ներհամայնքային փոխադրումների համար մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր միջոցների համար սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ, կարգավորել երթուղիների կազմակերպման ընթացքում հաշմանդամություն ունեցող ուղևորների կողմից աջակցվող միջոցների տեղափոխման գործընթացը, հստակեցնել ավտովարորդների պարտականությունները՝ հաշմանդամություն ունեցող ուղևորների փոխադրումը կազմակերպելու ընթացքում, սահմանել մատչելիության նորմերի պահպանման պահանջ ավտոկայարանային գործունեության կազմակերպման համար, նաև սահմանել մատչելիության պարտադիր պահանջ՝ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արդեն գործող ներհամայնքային երթուղիները նոր տրանսպորտային միջոցներով համալրման կամ փոխարինման դեպքում»,-ասաց Բաթոյանը:
Ըստ նրա՝ այս բարեփոխումը բխում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլ նաև համայնքների զարգացման անհրաժեշտությունից:
Օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 1-ից:
comment.count (0)