«Ի՞նչ կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ Բարեկամավանի դպրոցականներին:
«Որ շատ մարդ լիներ»,- միաձայն հնչում է նույն պատասխանը:
Բարեկամավանը հայ-ադրբեջանական սահմանին է՝ անդունդի եզրին, որտեղից այն կողմ այլ իրականություն է: Բարեկամավանը պարզապես սահամանամերձ գյուղ չէ, այն սահմանամերձի սահմանամերձն է, որտեղ հայտնվելիս թվում է` հայտնվել ես երկրագնդի եզրագծին:
Երբեմնի մեծ ու շեն Դոստլու գյուղից (գյուղի հին անվանումը) այսօր Բարեկամավանում (գյուղի նոր անվանումը) ապրում է 140 հոգի:
Գյուղի կենտրոնով քայլելիս մարդ չկա, փակ են նաև գյուղի 2 խանութները: Դրանցից մեկի վրա հեռախոսահամար է փակցված, որ զանգի դեպքում կբացվի: Այստեղ փակցված է Նոյեմբերյան-Բարեկմավան հանրային տրանսպորտի ժամանակացույցը, սակայն, տեղացիների խոսքով, «օրա լինում՝ մարդ էլ չի գնում»:
Խանութը
Դատարկ փողոցների ու տների արանքից մարդկանց փոխարեն «ձեռքով են անում» վառ կարմիր նռենիներն ու «ողջունում են» բերքաշատ ծառերը: Տեղի կլիման բարենպաստ է ամենատարբեր մրգերի ու բանջարեղենի աճեցման համար:
Խանութը՝ կոտրված ապակու միջից
Ահա և ինձ ընդառաջ են գալիս ընկերուհիներ Դիանան, Անահիտը և Անահիտի կրտսեր քույր Մանեն: Այսօր Բարեկամավանն իրենք են ներկայացնելու:
Անցնող ուսումնական տարում տեղի դպրոցում սովորել է 13 աշակերտ, դպրոցն ունեցել է 1 շրջանավարտ: Երկու տարի առաջին դասարանցի չունենալուց հետո սեպտեմբերին դպրոցն ընդունելու է 3 առաջին դասարանցիների:
Դիանան, Անահիտը և Մանեն
Դիանան և Անահիտը փոխադրվել են 11-րդ դասարան, Մանեն՝ 8-րդ: Դիանան որոշել է դառանալ իրավաբան, «որ մարդկանց շահերը պաշտպանի»: Անահիտն ընտրել է ծրագրավորողի մասանգիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո նրանք տեղափոխվելու են Երևան:
Դասերից դուրս ազատ ժամանակն աղջիկները զբաղվում են ընթերցանությամբ, հավաքվում են գյուղի կենտրոնում՝ եկեղեցու բակում, կամ էլ, ինչպես իրենք են ասում, «ես իրանց տուն եմ գնում, հետո ինքը՝ մեր»:
Բացի դասերից ու ընթերացանությունից՝ այստեղ օրն ունի իր կարևոր առաքելությունը. աղջիկները մյուս տեղացիների նման ամեն օր խմելու ջուր են բերում մոտակա աղբյուրներից, քանի որ տներում առկա է միայն տեխնիկական ջուր:
«Ի՞նչը կուզեիք փոխվեր ձեր գյուղում»,- հարցնում եմ աղջիկներին աղբյուր տանող ճանապարհին:
«Որ շատ մարդ լիներ, շատ լավ կլիներ»,- գրեթե միաբերան պատասխանում են նրանք:
«Իսկ գյուղում շատ մարդ կա՞, որ մենակ ա ապրում»:
«Հա՜, շատ»,- միանգամից հնչում է պատասխանը: «Մի տատիկ էլ կա, ինքը բանաստեղծություններ ա գրում»: Եվ մենք մոտենում ենք այդ տան դարպասին:
«Անգրագետ կնիկը բանաստեղծ կըլի՞», - իր մասին մուտքի մոտ շտապում է ասել Անիչկա Միքայելյանը, որին գյուղում բոլորը Անիկ տատ են ասում: «Նախդի հըմի կոֆե էփե»,- դիմում է նա աղջիկներից մեկին, - «խմենք, ծերգին (նախ և առաջ) էդ, ըժու (հետո) ինչ որ ցանկանաք, այն էլ կասեմ: Ափսուս գրագետ չեմ, որ բնական խոսքերը ասեմ, բայց ինչքան որ հիշեմ, էնքանը կասեմ: Ես կլինեմ բոլորիդ տատը, ամուր լինի մեր կապը»:
Անիկ տատը
Անիկ տատը շտապում է մեզ սուրճ հյուրասիրել, որից հետո միայն սկսում է պատմել իր մասին: Իր ամբողջ խոսքը նա կազմում է հանգերով:
«Ասածներս իմացեք, իմ խոսքերին դիմացեք», - սկսում է նա: «Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի Անիչկա Միքայելյանս ծնվել եմ 1934 թ.-ի նոյեմբերի 17-ին: Ես ծերության սիրել եմ ամեն աշխատանք էլ անեմ, սրտանց ցանկանում եմ բնական խոսքերով սրտիս փափագը հանել»:
Դիանան սուրճ է պատրաստում Անիկ տատի տանը
Անիկ տատը 2 տարի է դպրոց գնացել, բայց սիրել է ամբողջ կյանքը գրել ու ստեղծագործել, որոշ գործեր նաև տպագրել է:
«Ի՜, ցավդ տանիմ, ոչ ջնջել եմ, ոչ գրել եմ, խոսքեր ա, որ գալիս ա», - ասում է նա: «Ես չեմ տեսել գիր ու գրիչը, ա՜խ, ինձնից է ամեն ինչը: Ցերեկները հողն եմ փնտրել, գիշերները խոսքն եմ ընտրել, հերիք ինչքան, որ գիշեր ու ցերեկ ես մնացի արթուն, խելքս ու խոսքս մնաց թաքուն»:
Անիկ տատի ամուսինը 8 տարի առաջ է մահացել, այդ օրվանից նա մենակ է ապրում: Նրա երեխաները, թոռներն ու ծոռները ապրում են տարբեր երկրներում ու քաղաքներում, որտեղ Անիկ տատը տեղափոխվել չի ցանկանում:
«Ոչ մի տեղ էլ ա հնարավոր չի, որ ես կենամ աղջիկ ջեն»,- ասում է նա: «Ըստի (այստեղ) ծնվել եմ, ըստի սնվել եմ, էս մի պուճուր բուդկեն (ցույց է տալիս սենյակը, որտեղ նստած ենք) որ կա է, Ռուսաստան էլ ա, Հունաստան էլ ա, Կիրովական էլ ա (այստեղ են ապրում իր երեխաները): Սա ինձ հմար շատ քաղցր հող ա: Ես չեմ սիրում դրսի փողը, սիրում եմ իմ հայրական ու մայրական հողը»:
22 տարի Անիկ տատը աշխատել է որպես կթվորուհի, այնուհետև 20 տարի թութուն է հավաքել: Ասում է, որ 42 տարվա աշխատանքային փորձով այսօր ստանում է 54.000 դրամ: Բայց հիմա էլ շարունակում է աշխատել իր տանը: Նա արդեն հասցրել է մշակել ու ցանել իր տնամերձ այգին, որը լի է տարատեսակ ծառերով ու պտուղներով:
Անիկ տատն աղջիկների հետ
«Պըտիտ չեմ գալի է՜, 50 տարեկանի գործ եմ անում»,- ասում է նա,- «փորում եմ, ցանում եմ, վարում եմ, կարտոլ եմ ցանում: Լա էս դուռը (ցույց է տալիս այգին) մատեն տեղ չկա, մտիկ արա: Լրիվ փորել եմ, ցանել եմ, վարունգ ա, պոմիդոր ա, ծառերը լավ բռնած են, թութը վաքել եմ, արաղը քաշել եմ, կյանքս մաշել եմ: Ջահելի նման պըտիտ եմ գալիս, զբաղվում եմ, օրս անց եմ կացնում»:
Ու դեռ երկար Անիկ տատը վերհիշում է իր գրած բանաստեղծություններն ու տողերը, որոնք ընթացքում վերափոխվում են իր հեղինակային երգերի:
«Ոչ մի երիտասարդ չմնացին իրենց տանը,
Լրիվ գնացին Ռուսաստանը, ուզում են հանգիստ մնալ իրենց տանը:
Մե՛ք մոռանալ Հայաստանը, հետ գալիս եք դուք ձեր տանը:
Շատ մի սիրեք ռսի փողը, եկեք պաշտապանեք մեր պապական քաղցր հողը:
Հենց այդ հողն է ձեր ծնողներին պահողը:
***
Շատ եմ խնդրում խաղաղություն ձեռք բերեք,
Դրսում ապրողներին հետ բերեք,
Մենք էլ ենք սիրում մեր հողը,
Գրպանումս չկա ոչ մի տեսակ փողը,
Բա ինչո՞վ սնվեմ, որ պաշտպանեմ ես իմ հողը:
Աշխարհս արյունոտ ծով է, հայոց ազգը ոտից գլուխ սով է,
Բայց ոչ մեկս չգիտի, թե արդյոք մեղավորը ով է»:
Անիկ տատի տնից հետո մեզ իրենց տուն է հրավիրում Սյուզի Ղարաքեշիշյանը: Սյուզին եղել է Բարեկամավանի 2020թ.-ի միակ շրջանավարտը: Նրանից հետո գյուղում առաջին դասարանցի չի եղել: Այժմ Սյուզին սովորում է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնում: Մեծ երազանք ուներ մասնագիտական կարիերան սկսել իր գյուղի դպրոցից, սակայն «օրենքը թույլ չէր տվել առանց ավարտելու աշխատանքի անցնել դպրոցում»:
Սյուզին՝ ապագա ամուսնու հետ
Այսօր նրանց տանը մեծ իրարանցում է. Սյուզին պատրաստվում է ամուսնանալ և իր սահմանամերձ գյուղից տեղափոխվել համայնքի մյուս սահմանամերձ՝ Բերդավան գյուղ:
Ծերացող գյուղում կրկին հնչելու է հարսանեկան ուրախ երգն ու երաժշտությունը, ամբողջ գյուղը սպասման մեջ է: Այսպես են պահում սահմանամերձ համայնքներն այստեղ՝ սահմանի մոտ՝ անդունդի եզրին:
Սահմանամերձի սահմանամերձով սիրով շրջեց Մերի Մամյանը
comment.count (0)