Արմեն Սարգսյանը չի հարցաքննվել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության գործով
 |hetq.am|
13:48 - 15 հուլիսի, 2022

Արմեն Սարգսյանը չի հարցաքննվել Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության գործով |hetq.am|

hetq.am: Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականից հետո «Հետքը» հրապարակել էր, որ մինչև 2018-ին նախագահ դառնալը նա եղել է Կարիբյան ծոցում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի:

Մեր հետաքննության մեջ փաստեր էինք ներկայացնում առ այն, որ Արմեն Սարգսյանը խախտել է ՀՀ Սահմանադրության 124-րդ հոդվածը, ըստ որի՝ «Հայաստանի նախագահ կարող է ընտրվել վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը»։ 

Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2018-ի մարտի 2-ին, առնվազն 2013-ին  արդեն եղել է Սենթ Քիթսի քաղաքացի։ Այս երկրի քաղաքացիություն ունենալու փաստը մեզ հետ նամակագրությունում հաստատել էր ինքը՝ Արմեն Սարգսյանը։

Այս տարվա հունվարին դատախազությունը «Հետք»-ի հրապարակումն ուղարկել էր ԱԱԾ՝ ուսումնասիրության։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ.-ից ԱԱԾ-ում քննվում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության վերաբերյալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Արմեն Սարգսյանի կողմից Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունը թաքցնելու հանգամանքը ԱԱԾ-ն ուսումնասիրելու էր հենց այս գործի շրջանակներում։

Մեր հարցին, թե ինչ փուլում է նշված քրգործը, և ինչու Արմեն Սարգսյանը դեռ չի հարցաքննվել, ԱԱԾ-ն որևէ պատասխան չի տալիս։ «Հայցվող տեղեկատվությունը պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- հայտնում են ԱԱԾ-ից։

Փաստացի, մի քանի ամիս է, ինչ ԱԱԾ-ն քննում է այս գործը, բայց որևէ արդյունք չկա։

Չնայած խոստմանը՝ Արմեն Սարգսյանը հրաժարականից հետո այդպես էլ Հայաստան չի վերադարձել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել