Հուլիսյան ալարկոտ մի կիրակի շարժվում եմ դեպի Բերդավան (հին անունը Ղալաչա, տեղացիների խոսքով՝ Ղլաչա)։ Այստեղ կյանքը կարծես ենթարկվում է արեւին․ մարդիկ առավոտյան մտնում են այգիներ, կեսօրին, երբ արեւը զենիթում է, թաքնվում տներում, ու այդ ժամերին միայն բերդն է դիմանում շոգին՝ միշտ կանգուն, միշտ ձիգ։ Իսկ երեկոյան մարդիկ հերթով դուրս են գալիս տներից, նստում հովին, նայում անցող-դարձողին, զրուցում կամ լռում իրար հետ։
Դեպի Ղալինջաքար ամրոց տանող ճամփան
Բերդավանում շրջելը սկսում եմ հենց Ղալինջաքար ամրոցից՝ որպես ծիսակարգ, որպես այստեղ այցերի անդավաճան արարողություն։ Սահմանին շատ մոտ այս ամրոցի գլխին հայկական դրոշն է ծածանվում։ Որոշ հիշատակումներում Ղալինջաքար ամրոցը թվագրվում է 12-րդ դարին, բայց որոշ աղբյուրներ էլ նշում են 17-րդ դար։ Մինչեւ կիջնեմ գյուղ ու կպատմեմ բերդավանցիների մասին, գրեմ, որ բերդի տարածքում պահպանվել են տարբեր գերեզմանաքարեր ու խաչքարեր, որոնց թվում թեեւրը բաց կանգնած է նաեւ մի խաչքար։ Որքանով հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու՝ թեւավոր քարակերտ խաչքարերը հիմնականում տարածում են ունեցել 5-7-րդ դարերում, դրանցից քչերն են պահպանվել։
Թեւավոր խաչքար
Ուրեմն, ժամանակին հին գյուղատեղին ամրոցին ավելի մոտ է եղել, բայց հետո մարդիկ իրենց տները տեղափոխել են քիչ հեռու, այնտեղ, որտեղ գյուղը հիմա է՝ ավելի հարմար դիրքով ու պայմաններով։ Գյուղը շատ մոտ է հայ-ադրբեջանական սահմանին, շատ հողեր հակառակորդի ուղիղ դիտակետում են, եւ արոտներ, եւ այգիներ։ Բերդավանում հիմա 730 փաստացի տնտեսություն կա, մոտ 3000 բնակիչ։ Բերդավանի գյուղապետարանի աշխատակից Անահիտ Աբրահամյանն ինձ մի քանի տվյալներ էլ է հայտնում, օրինակ՝ 1100 խոշոր եղջերավոր անասուն են պահում գյուղացիները, 700 գլուխ էլ՝ մանր։ Բերդավանում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, պտղատու այգիներ մշակում։
Բերդավանը
Գյուղամիջի տներից մեկում աշխատանքային ակտիվ շարժ է։ Գյուղի դպրոցի մաթեմատիկայի նախկին ուսուցչուհու՝ տիկին Օֆելյայենց տունն է։ Նրանց այգիների մի մասն էլ է դիտարկվում, այնտեղից բերք հավաքելը ռիսկային է։ 77-ամյա Օֆելյա Գիշյանն ինձ պատմում է, որ մի օր որդին տուն է եկել ոտքից գլուխ ցեխ․ խաղողը պառկած էին քաղել․ «Ասի՝ բրախեցեք․․․ Դե՜, ժամանակին զոհեր էլ են եղել»,- ասում է տիկին Օֆելյան՝ հիշելով անցած տարիները, երբ նույնիսկ այգիներում հակառակորդի կրակոցներից զոհեր էին լինում։
Տիկին Օֆելյան
Տիկին Օֆելյայից հետաքրքրվում եմ՝ լա՞վ գյուղ է, արժե՞ գալ այստեղ ապրել։ Նա, իհարկե, չգովել չի կարող, բայց զգացվում է, որ ամեն բառն անկեղծ է՝ ձեռքով կրծքավանդակից բառեր է հանում․ «Ազնիվ մարդիկ են էստեղ, աշխատասեր։ Դե, գյուղ չի լինում, որ, ասում ա, շուն չունենա, բայց լավ մարդիկ են, մշակութային մարդիկ են»,- ասում է հյուրընկալս՝ շեշտելով, որ ցանկացած բերդավանցու նպատակն իր երեխային որակյալ կրթության հնարավորություն տալն է․ «Կրթությունն էս ժողովրդի համար առաջնային ա։ Տհենց երեխա չկա, որ փող տա ավարտելու համա»։
Գալ հասնել Բերդավան եւ տեղացիներին Կողբի հետ իրենց բարդ հարաբերություններից չհարցնել չեմ կարող։ Տիկին Օֆելյան ծիծաղում է ու հիշում, որ երբ ուսանող էին, գնում-գալիս էին քաղաք, այնտեղ թե մեկին նեղող լիներ, մյուսն անպայման թեւութիկունք էր լինում, կողբացին՝ բերդավանցուն, բերդավանցին՝ կողբացուն։ Բայց թե հարցն այս երկուսի մեջ է, իրար օգնել չկա․ «Տհենց բան չկար, որ չվիճեին, դա հնարավոր չի, որ Բերդավանն ու Կողբը իրար հետ չվիճեն, տհենց ա։ Թե դա որդեղից ա եկել, չգիտեմ, ես երեխա եմ եղել, էդ եղել ա, հմի էլ կա ու կա»։ Իսկ տիկին Օֆելյայի հարսը՝ Արեւը, հավելում է, որ համ էլ լավ բարեկամություն են անում, հենց այսօր էլ Բերդավանից Կողբ հարս են ճամփել։
Տիկին Օֆելյան մի պահ հայացքը ծաղիկներին է գցում ու մտքերով ընկնում” թոռանը բանակ են ճանապարհել, ինքը շատ է կարոտում, անհամբեր զանգին է սպասում։ Հյուրընկալներիս համբերությունը չեմ չարաշահում ու նրանց հրաժեշտ եմ տալիս՝ այլ որոնումներով գնալու մտքով։ Մի խանութ եմ մտնում՝ ջուր առնելու, որովհետեւ ծորակի ջրերն այս շոգին տաք են լինում։ Աշխատող տիկնոջն ասում եմ՝ «որտեղի՞ց ա գալիս էս կողմի ջուրը, մի տեսակ ուրիշ համ ունի, Ստեփանավանից ա՞»։ Կինն ասում է, թե Ստեփանավանի ջուրը պիտի որ լավ էլ համով լինի, ու հոնքերը մի տեսակ կիտելով՝ հավելում, թե՝ «էդ վատ համով ջուրն աչքիս Կողբից ա գալիս»։ Ծիծաղս զսպել չեմ կարող, նա էլ ինձ հետ է ծիծաղում։
Բերդավանցի պապիկները
Գյուղամիջի զրուցարանում հավաքված պապիկների հետ մի քիչ զրուցելուց հետո էլ գնում եմ այն ճանապարհով, որի վերջում բացվում է փարթամ անտառով ծածկված Գոնչուտը։
Գոնչուտը
93-ամյա Սոնյա տատի «կուշտն եմ եկել»։ Նրա այգում խնամված, արդեն ճութ տված խաղողն է հով անում, տատն էլ բակում կատուներին կեր է տալիս, զբոսնում, ներս գնում։ Սոնյա տատը կարդալ շատ է սիրում։ Նրա սենյակում պատուհանագոգին տարբեր գրքեր են դրված ու օրացույց, որի էջերն ամեն օր պոկում է տատը։
Գիրքը, որ հիմա կարդում է Սոնյան
Նա մտահոգվում է, որ այս տարվա օրացույցում սխալ կա։ Սոնյա տատը ցույց է տալիս, որ էջերի վրա գրված է «ցերեկվա տեւողությունը»․ «Արդյո՞ք ճիշտ ա օրվա տեւողությունը, օրը 24 ժամ ա, չէ՞, իսկ ստեղ օրվայա գրված, բայց ցերեկվա մասին ա»,- ասում է նա։
Տատը հիշում է՝ եկող շաբաթ Բերդավանում վարդավառ են նշում՝ Ջանգյուլում։ Պատմում է՝ ոնց էին ժամանակին խաղում, ասում է՝ հարս են ընտրում, ու հարսը մինչեւ եկող առավոտ պետք է չխոսի, եթե խոսեց, «գյուլումը» վատ է գնում։ Հարցնում եմ՝ դու խաղացել ե՞ս ջահել վախտդ, երազկոտ, երկարացնելով ասում է՝ «շա՜տ-շա՜տ-շա՜տ-շա՜տ», բայց հարս չի եղել՝ «անխոս կարեցել չեմ կենամ»։ Հետո տատը հնձանն է ցույց տալիս, որտեղ խաղողից գինի են ստանում։ Այս հնձանը նաեւ ապաստարան է ծառայում․ կրակոցների ժամանակ այդտեղ են պատսպարվում։
Սոնյա տատը
Սոնյայի հետ զբոսնում ենք, խոսքի մեջ ասում է, որ իրեն մի հարց է շատ հետաքրքրում․ ո՞նց է, որ ռուսները շաբաթը понедельник-ից են հաշվում, իսկ մենք՝ երկուշաբթիից։ Ասում եմ՝ դե նույնը չի՞, понедельник-երկուշաբթի․ «Ո՞նց ա երկուշաբթի, էդ вторник-ն ա»։ Տատին խոստանում եմ, որ հենց իմանամ հարցի պատասխանը, իրեն էլ կասեմ։
Իմ զբոսանքի ընթացքում մի տուն տանող արանքում տեսնում եմ խոտի տուկերի մոտ նստած տղամարդկանց։ Նրանք Չարդախլուից՝ Զորական գյուղից են եկել, խոտ են բերել այստեղ, սպասում են՝ տան տերը գա։ Մի քիչ զրուցում ենք դեսից-դենից, գյուղից, կյանքից, ու նրանք թողնում եմ հանգիստ՝ հովն ու պաղպաղակը վայելեն։ Իսկ Չարդախլուից մեր պատմությունը կարող եք կարդալ այստեղ։
Զորականցի Մաքսը, Հովհաննեսը, գլխահակ նստած Անդրանիկը՝ Սպիտակից, եւ զորականցի Ալբերտը
Քիչ հեռու տներից մեկի բացում խաղ անող երեխաների ձայներ են լսվում։ Դարպասի մոտից աղջնակը տեսնում է ինձ ու ներս կանչում։ Տասնամյա Մանեն է, մայրիկին էլ ձայն է տալիս, ինձ տուն են հրավիրում։ Մի բաժակ սուրճի շուրջ շատ խոսակցություններ են լինում ամենատարբեր թեմաներից։ Բայց ինձ անչափ գրավում է երեխաների հավես չարաճճիությունը։
Մանեն
Մանեին հարցնում եմ՝ ի՞նչ երազանքներ ունի, ասում է՝ քույր կամ եղբայր է ուզում ու առողջանալ։ Աղջնակը հոդերի խնդիրներ ունի, շատ ցավեր է հաղթահարել, հիմա ավելի լավ է ու խոստանում է՝ արագ կլավանա մինչեւ վերջ։ Նա ուզում է մատնահարդար դառնալ, իր եղունգներն էլ հենց ինքն է ներկել։ Համ էլ լավ նկարում է ու ոգեւորված ինձ ցույց է տալիս իր նկարները։
Իսկ իր զարմիկը՝ յոթամյա Արմենը, որ ցնցող դիմախաղ ունի, ուզում է օդաչու դառնալ։ Ո՞նց է այդ միտքը ծագել, հարցնում եմ, պատասխանում է, որ իր փոքրիկ եղբայրը՝ արդեն մեկ տարեկան Լեոն, ատամհատիկին քաշել է օդաչու գրությամբ թղթիկը, ինքն էլ որոշել է՝ երկուսով կթռչեն։ Տղաներն ընտանիքի հետ Ռուսաստանում են ապրում, ամռան ամիսներին գալիս են գյուղ։
Լեոն եւ Արմենը
Մանեն սիրում է իր գյուղը, ինքը գնալ չի ուզում։ Նրա մայրը՝ Սաթինեն էլ, ասում է Բերդավանն իրեն շատ հոգեհարազատ է։ Ամուսինն էլ զինծառայող է, նաեւ այդ հանգամանքի բերումով իրենց մտքով անգամ չի անցնում գյուղից հեռանալը։ Աշխատում են, ապրում, ապագայի պլաններ ունեն, վերանորոգել տունը, շենացնել, մի խոսքով՝ սիրելով ապրելով։
Բերդավանից գնալիս մեկ էլ մսագործ Արայիկի խանութ եմ գնում։ Նա քչախոս մարդ է, լուռ իր գործն է անում։ Առեւտրից չի բողոքում, ասում է՝ նորմալ է։ Մսի սառնարանի ապակու վրա թղթով կպցրած է՝ «նիսյա չկա»։ Հարցնում եմ՝ բայց չեք տալի՞ս «նիսյա»։ Ժպտում է, թե՝ «տալիս եմ, որ ուզում են, ո՞նց չտաս»։
Արայիկը՝ խանութում
Մաքուր, կոկիկ խանութ է, առաջին հայացքից չես էլ հասկանա՝ միս են ծախում։ Միսն էլ մաքուր, կոկիկ շարված ամանների մեջ, իսկը՝ բուսակերների դժոխք ու մսակերների դրախտ՝ ինքս ինձ ասում եմ, երբ Արայիկը սուր դանակով կտրում է պատառը, ավելորդ, բայց երեւի թե համեղ մասերն էլ տալիս իր շանը՝ Գեցոյին։
Արայիկը
Իսկ ինձ գյուղից դուրս է ուղեկցում թաղերով հեծանիվ քշող 11-ամյա Հենրին։ Ասում է՝ «ուղիղ գնա ասֆալտ, դուրս ես գալու Նոյեմբերյան գնացող ճամփա»։ Մինչ ես կհասնեմ «ասֆալտին»՝ գլխավոր ճանապարհին, Հենրիին հարցուփորձ եմ անում։ Նա արդեն վեցերորդ դասարան է փոխադրվել, ամենից շատ ֆիզկուլտուրան է սիրում եւ ուզում է զինվորական ու փրկարար դառնալ։ Ինչո՞ւ, հարցնում եմ․ «Որ մեր հայրենիքը պաշտպանեմ»,- ասում է Հենրին, որ ամռան արեւից մգացած համաչափ դեմք ու լուրջ աչքեր ունի։
Հենրին
Հենրին երեւի այնքան է սիրում իր գյուղը, որ հենց ինձ հասցնում է «ասֆալտի» պռնկին, անմիջապես հետ է դառնում․ «Դե հաջող»,- հեռվից ձայնում է,- «զգույշ կլնես»։
Հաջող եմ անում Հենրիին, բայց մտքով, որ հուլիսի 23-24-ին էլի այստեղ եմ լինելու, որովհետեւ Բերդավանն այդ օրերին մեծ փառատոն է անցկացնելու, Սոնյա տատի հիշատակած «ՋԱՆԳՅՈՒԼՈՒՄ»-ը։ Փառատոնին, ուրեմն, հագեցած հանգիստ է կազմակերպվելու բնության գրկում՝ վրանային գիշերակացով, լինելու է առողջ նախաճաշի, անուշեղենների ու տոնական խորովածի հյուրասիրություն, իսկ ժամանցային-խաղային հագեցած ծրագրերը՝ անպակաս։ Ինձ ամենից շատ դուր է գալիս այն գաղափարը, որ տեղի է ունենալու նաեւ քայլարշավ՝ դեպի անտառի խորքում կառուցված միջնադարյան եկեղեցի՝ Մշկավանք, հետո արդեն մեծ խարույկ՝ կիթառային երգերի ուղեկցությամբ ու, իհարկե, Վարդավառյան ջրոցի եւ ավանդական Ջանգյուլում խաղ։ Տեղացիներն ինձ պատմում են, որ նաեւ ձիարշավ է լինելու, իսկ փառատոնին ներկա է լինելու «Սասնա ծռեր» ազգագրական համույթը։ Մնում է միայն գրանցվել մասնակցելու համար՝ անցնելով այս հղմամբ։ Փառատոնից գոյացած գումարով Բերդավանի միջնակարգ դպրոցի միջանցքներն են վերանորոգվում, իսկ այդ աշխատանքներն արդեն իսկ սկսված են։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)