Վերջին ժամանակներս պարբերաբար քննարկվում է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների՝ ԱԺ նիստերից բացակայությունների հարցը, ինչին նաեւ իրավական որոշակի գործընթացներ են հաջորդում։
Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ին ԱԺ-ն գաղտնի քվեարկությամբ Իշխան Սաղաթելյանին հետ է կանչել ԱԺ փոխնախագահի, իսկ Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք չեն կատարում ի պաշտոնե ունեցած պարտականությունները եւ չեն մասնակցում նիստերին։
Նույն օրը «Ժողովուրդ» օրաթերթը «Վահե Հակոբյանին պաշտոնից զրկելու հիմքը կարող է տարածվել նաև ՔՊ-ականների վրա» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ համեմատականներ անցկացնելով Վահե Հակոբյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ հանձնաժողովներ նախագահող պատգամավորների միջեւ։ Մասնավորապես, թերթը գրել է․ «Ուշագրավ է, որ խորհրդարանում կան ՔՊ-ական պատգամավորների կողմից նախագահվող հանձնաժողովներ, որոնք 8-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից ի վեր պասիվ են: Խոսենք փաստերով. Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2021 թվականի օգոստոսից մինչեւ օրս անցկացրել է 24 նիստ։ Պասիվ հանձնաժողովներից է, օրինակ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որն անցկացրել է 3 նիստ, աշխատանքային քննարկումներ եղել են, սակայն ավանդաբար այս հանձնաժողովն ամենապասիվներից է: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ ընդամենը 7 նիստ է անցկացրել: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանն է, 9 նիստ է անցկացրել, իսկ, ահա, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ 7 նիստ: Սակայն այս ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Թովմասյանի ղեկավարած հանձնաժողովը մոտ երկու տասնյակ աշխատանքային քննարկումներ եւ նույնքան էլ միջազգային հանդիպումներ է ունեցել: Այսինքն՝ այն հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, որոնք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով»,- նշված է հոդվածում։
Հասկանալու համար, թե որքանով են այս համեմատությունները ողջամիտ, եւ առհասարակ, հանձնաժողովներում նախագահների բացակայությունների ինչպիսի պատկեր է առկա, գրավոր հարցմամբ դիմել էինք Ազգային ժողովին` հետաքրքրվելով, թե 8-րդ գումարման ընթացքում քանի նիստ է հրավիրել ԱԺ մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրը, եւ հրավիրված ու կայացած քանի նիստից են բացակայել հանձնաժողովների նախագահները։
Ազգային ժողովից ստացված պատասխանի համաձայն՝ 8-րդ գումարման ընթացքում Տնտեսական հարցերի հանձնաժողովն անցկացրել է 29 նիստ, որից նախագահ Վահե Հակոբյանը բացակայել է 12 անգամ։
Վլադիմիր Վարդանյանի ղեկավարած Պետական եւ իրավական հարցերի հանձնաժողովը անցկացրել է ոչ թե 24, այլ 39 նիստ, որոնցից 9-ից Վարդանյանը բացակայել է գործուղման մեջ լինելու պատճառով։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Արման Եղոյանը, անցկացրել է ոչ թե 3, այլ 4 նիստ, որոնցից, ըստ ԱԺ-ի, Եղոյանը չի բացակայել։
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, որի նախագահ Արմեն Գեւորգյանը վերջերս հրաժարականի դիմում ներկայացրեց, անցկացրել է 9 նիստ, որոնցից Գեւորգյանը բացակայել է 4 անգամ։
Թագուհի Թովմասյանի նախագահած Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը, ըստ ԱԺ-ի, անցկացրել է 7 նիստ, որոնցից 3-ից Թովմասյանը բացակայել է։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն էլ՝ Էդուարդ Աղաջանյանի ղեկավարությամբ, անցկացրել է 7 նիստ, որոնցից Աղաջանյանը բացակայել է 1 անգամ՝ գործուղմամբ պայմանավորված։
Այսինքն՝ ստացվում է, որ օրաթերթի հրապարակած թվերում որոշակի անճշտություններ կան, իսկ բացակայություններն էլ որոշ դեպքերում պայմանավորված են եղել գործուղումներով։
Ինչ վերաբերում է թերթի այն պնդմանը, թե հիմքը, որով Վահե Հակոբյանին փորձում են զրկել, տարածվում է առնվազն ՔՊ-ական Արման Եղոյանի եւ Էդուարդ Աղաջանյանի վրա եւս, քանի որ նրանք ամենապասիվներն են եղել հանձնաժողովի նիստերի կազմակերպման առումով, պետք է նկատի ունենալ, որ Վահե Հակոբյանի, նաեւ Իշխան Սաղաթելյանի լիազորությունների դադարեցման նախագծի հիմնավորումներում հանձնաժողովի բացակայություններից բացի նշվում էր նաեւ ԱԺ լիագումար նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայելու հանգամանքը, ուստի գրավոր հարցմամբ ԱԺ-ից խնդրել էինք նաեւ այդ նիստերի բացակայությունների վերաբերյալ տվյալներ։
Մեր հարցմանն ի պատասխան ԱԺ-ից տեղեկացրել են, որ 8-րդ գումարման ԱԺ-ն ընդհանուր առմամբ 66 օր նիստեր է անցկացրել։ Այդ նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 33 անգամ (այդ թվում՝ 9 հարգելի), Վահե Հակոբյանը՝ 21 (այդ թվում՝ 3 հարգելի), Էուարդ Աղաջանյանը՝ 14 (այդ թվում՝ 7 հարգելի), իսկ Արման Եղոյանը՝ 7 (այդ թվում՝ 6 հարգելի)։
Ըստ ԱԺ-ի՝ 2021 թվականի ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 12 նիստ, որոնցից Վահե Հակոբյանը բացակայել է 8, Իշխան Սաղաթելյանը՝ 7, Էդուարդ Աղաջանյանը՝ 4, իսկ Արման Եղոյանը՝ 1 անգամ։ 2022 թ․ ընթացքում տեղի է ունեցել ԱԺ խորհրդի 16 նիստ, որոնցից 14-ը՝ մինչ Վահե Հակոբյանի լիազորությունների դադարեցումը։ Ըստ այդմ, 14 նիստերից 13-ից Հակոբյանը բացակայել է։ Ընդհանուր 16 նիստերից Իշխան Սաղաթելյանը բացակայել է 13, Էդուարդ Աղաջանյանը՝ 7, իսկ Արման Եղոյանը՝ 3 անգամ։
Ստացվում է, որ 8-րդ գումարման ԱԺ-ի խորհրդի նիստերից Վահե Հակոբյանը ընդհանուր առմամբ բացակայել է 21, Իշխան Սաղաթելյանը՝ 20, Էդուարդ Աղաջանյանը՝ 11, Արման Եղոյանը՝ 4 անգամ (տոկոսային հարաբերակցությամբ՝ համապատասխանաբար նիստերի 80, 71, 39, 14 %)։ Այսինքն՝ հիշյալ պատգամավորների՝ ԱԺ նիստերից եւ խորհրդի նիստերից բացակայություններում էական տարբերություններ կան։
Այնուհանդերձ, մենք Ազգային ժողովից հետաքրքրվել էինք նաեւ՝ նորմատիվ իրավական որեւէ ակտով սահմանվա՞ծ է արդյոք բացակայությունների այն շեմը, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովների նախագահների լիազորությունների դադարեցման որոշման նախագիծ ներկայացնել: Եթե այո, խնդրել էինք հայտնել, թե որ ակտով, եւ որքան է այդ շեմը, իսկ եթե կոնկրետ թիվ սահմանված չէ, խնդրել էինք հայտնել, թե ինչ սկզբունքով են այդպիսի նախագծեր ներկայացվում։
Ի պատասխան մեր այս հարցերին՝ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, հղում անելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կարգավորումներին, նշել է միայն հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու եւ ընտրված նախագահին հետ կանչելու ընթացակարգերը․ «Մասնավորապես, Կանոնակարգի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունի օրենքով սահմանված կարգով որոշված խմբակցությունը։ Ավելին, վերջինիս կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը պահպանվում է մինչեւ ԱԺ լիազորությունների ավարտը։ Կանոնակարգի 150-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ունի խմբակցությունը։ Վերոգրյալ նորմերից հետեւում է, որ եթե նշված պաշտոնում առաջադրման իրավունք ունեն կոնկրետ խմբակցությունները, ապա նշված պաշտոնից հետ կանչման եւ լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունքով օրենսդիրն օժտել է հավասարապես բոլոր խմբակցություններին (այս մասին առավել մանրամասն՝ ՍԴՈ-1587 որոշում,- հեղ․)»,- գրել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի նախագահի ընտրության, նրա լիազորությունների դադարեցման հարաբերությունները կարգավորող օրենսդրության համաձայն՝ նշված գործընթացները գտնվում են ԱԺ խմբակցությունների որոշումների տիրույթում։
Այսպիսով, թեեւ օրենսդրությամբ հստակ նախատեսված չէ բացակաների այնպիսի շեմ, որը հատելուց հետո խմբակցությունները կարող են հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման նախագիծ ներկայացնել, եւ որոշակի բացակաների դեպքում խմբակցություններն այդպիսի քաղաքական որոշումներ են կայացնում, այնուհանդերձ, թերթի արած համեմատությունները վիճահարույց են, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հիշյալ պատգամավորների բացակայությունների թվային պատկերում էական տարբերություններ կան։
Միլենա Խաչիկյան
comment.count (0)