Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է
15:20 - 25 հուլիսի, 2022

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

«Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է։ Դատարանի որոշմամբ Դանիելյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Այս մասին Infocom-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք՝ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2020 թվականի ապրիլի 29-ին։ Ըստ Ալեն Սիմոնյանի՝ վեճը սկսվել էր Արթուր Դանիելյանից, որը այգում զբոսնելիս իր բարեւին ի պատասխան՝ սեռական հայհոյանքներ էր հնչեցրել, որից հետո ինքն էր հարվածել նրան, ինչի արդյունքում սկսվել էր ծեծկռտուք։ Մինչդեռ «Ադեկվադ» կուսակցության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արթուր Դանիելյանն էր Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվել, ինչի համար էլ Դանիելյանը դիմել էր ինքնապաշտպանության։ Ավելի ուշ թե՛ Սիմոնյանը, թե՛ Դանիելյանը տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ՝ բուժօգնություն ստանալու:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 258-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 117-րդ հոդվածի՝ բռնության գործադրմամբ կամ դրա սպառնալիքով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Ավելի ուշ այդ ժամանակվա Հատուկ քննչական ծառայությունը (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն) հայտնել էր, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ՀՔԾ-ն հայտնել էր, որ  նախաքննության ընթացքում պարզվել է, որ Դանիելյանին հարված հասցնելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ինչը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով, ինչով պայմանավորված՝ որոշում էր կայացվել Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը, Երևանի Մալիբուի այգի կոչվող զբոսայգու տարածքում նկատելով Արթուր Դանիելյանին, բարեւել է նրան, սակայն վերջինս ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի եւ նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջեւ քաշքշուկ է սկսվել․ «Այդ ժամանակ Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երեւանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսեւորելով անթաքույց արհամարհանք եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին եւ մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»,- ասված էր ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Քրեական գործը դատարանում էր 2020 թ․ օգոստոս ամսից։ Այն գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի վարույթում, որն էլ նախորդ ամիս՝ հունիսի 20-ին, որոշում է կայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 41-րդ, 313-րդ եւ 379-րդ հոդվածների հիմքով քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Արարքը, որ մեղսագրվում էր Դանիելյանին, նախատեսում է պատիժ տուգանքով՝ 100․000-300․000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ այն հանցագործությունները, որոնց համար նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 2 տարի ժամկետով ազատազրկումը, համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, իսկ նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 2 տարի։ Նշենք, որ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումը համարվում է ոչ արդարացնող հիմք։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել