Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Մարզպետն անդրադարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեությանը՝ կարևորելով հիմնադրամի առաքելությունը Շիրակի մարզում: «Այն առաքելությունն ու այն աշխատանքային ուղղությունը, որ նախընտրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցած տասնամյակների ընթացքում, կարևոր է եղել մեր մարզի համար, խոսքս, հատկապես, աղքատության հաղթահարման, երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառներին է վերաբերվում։ Ունենք դրական տեղաշարժ երկու առումով էլ։ Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի և վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք նոր արդյունքներ գրանցել։ Այդ կերպ հնարավոր կլինի ոչ միայն հայտնաբերել խնդիրները, այլև գործել ի նպաստ քաղաքացու և, բնականաբար, ի նպաստ երեխաների լավագույն շահի»,- ասել է նա։
Քրիստինե Վայգանդը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ բարձր է գնահատում համագործակցության պատրաստակամությունը՝ անդրադառնալով Հայկասարում և Նահապետավանում մանկապարտեզների կառուցման ծրագրերին՝ կարևորելով նախադպրոցական կրթությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ամասիայում և Անիում ուսուցիչների՝ շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին, «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» տարածքի ընդլայնման ու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերի, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությանն ու դեռահասների նախաձեռնողականության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը միտված ծրագրերին։
Քրիստինե Վայգանդը մարզպետին տեղեկացրել է Արթիկ համայնքում «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական նոր կենտրոն հիմնելու մտադրության մասին։
Մարզպետը ողջունել է նախաձեռնությունը՝ կարևորելով պետություն-համայնք-միջազգային կառույցներ համագործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երեխաների իրավունքների պաշտպանության, ոլորտում առկա մարտահրավերների և առաջնահերթությունների, հնարավոր համագործակցության մի շարք այլ հարցերի շուրջ:
comment.count (0)