armenpress.am։ ԱՄՆ Կոլորադո նահանգի կողմից Արցախի ճանաչումը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության հերթական հաղթանակի արդյունքն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով, բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս աշխատանքներում:
«Կատարվել է համապատասխան, հետևողական աշխատանք, և շատ կարևոր է, որ մենք հասանք այս հաղթանակին: Ի դեպ, խորհրդանշական է, որ դա տեղի ունեցավ ապրիլի 24-ին: Ցեղասպան քաղաքականության լավագույն պատասխանը hենց այս է, որ Արցախը ճանաչվի միջազգային հանրության, քաղաքակիրթ երկրների կողմից:
Սա մեզ համար մեծ հաղթանակ է: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս աշխատանքում ընդգրկված են եղել, շնորհակալություն ենք հայտնում Կոլորադո նահանգի եղբայրական բնակչությանը, պատգամավորներին: Սա իրոք մեծ հաղթանակ է, և պարտավորեցնող, որ շարունակենք այս քաղաքականությունը: Կարծում եմ՝ կլինեն այլ հաղթանակներ: Մենք պետք է մի բան հստակ իմանանք, եթե համախմբված ենք, ճիշտ աշխատանք ենք տանում, ապա ամեն ինչ հնարավոր է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հարցին, թե ճանաչումից հետո ինչպիսի հեռանկարներ կլինեն Կոլորադո նահանգի հետ համագործակցության համատեքստում, Դավիթ Բաբայանը նշեց, որ առաջին հերթին պատկերացնում են մարդասիրական ոլորտում:
«Կոլորադոն հետաքրքիր յուրահատուկ կազմավորում է և մենք տեսնում ենք փոխգործակցության խոստումնալից հեռանկարներ»,-ասաց Դավիթ Բաբայանը:
comment.count (0)