Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը
10:23 - 12 օգոստոսի, 2022

Կասեցվել է գազավորված ըմպելիքի արտադրամասի գործունեությունը

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների իրականացրած վերահսկողության ընթացքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են արձանագրվել անհատ ձեռնարկատեր Գառնիկ Շիրինյանին պատկանող գազավորված ըմպելիքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գյուղ Արտիմետ):

Հայտնաբերվել է, որ արտադրամասում տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չէ այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում՝ հատակին եղել են ճաքեր, պատերին և առաստաղին՝ բորբոս, սարքավորումները՝ կոռոզիայի ենթարկված:

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքի այս արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:

Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասի գործունեությունը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել