Քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության առկայության մասին. ՔԿ նախագահ
12:02 - 18 օգոստոսի, 2022

Քրեական գործով չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության առկայության մասին. ՔԿ նախագահ

Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվում, սակայն այս պահի դրությամբ չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորյալ հանցակազմի առկայության մասին։ Այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով «Սուրմալու»-ի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին։

Քյարամյանը հավելեց, որ այս պահին քրեական գործում առկա ապացույցները «ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ տեսագրություններից պարզ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը բացառվում է․ «Քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, այսպես ասած ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը, ըստ էության, բացառվում է։ Տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն, և, ըստ էության, նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում  է այդ հանգամանքը»։

Փաշինյանը նաև ասաց, որ 2020 թ․-ի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո համապատասխան գերատեսչություններին հանձնարարական է տվել՝ հավաքել բոլոր հնարավոր այն օբյեկտների, ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ, որոնք գործ ունեն պայթյունավտանգ իրերի հետ, նաև տեղեկություններ հավաքել այն օբյեկտների վերաբերյալ, որտեղ կարող  են լինել մեծ քանակի պայթյունավտանգ նյութեր։ «Եվ, իհարկե, դեպքից հետո առաջին գործողություններից մեկը, որ արել եմ, հաշվետվություն եմ փորձել ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ։ Այս պահի դրությամբ այդ մասով տեղեկատվությունը ամփոփվում է։ Պիտի հանձնարարեմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և ինձ ամբողջական զեկուցի, թե իմ տված հանձնարարականը ինչպես է կատարվել»։

Փաշինյանը հավելեց, որ հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետներ չեն եղել․ «Բեյրութում տեղի ունեցածից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որ Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Երևան քաղաքի դատախազի պաշտոնակատարի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։ Հարցաքննվել է 50 անձ, այդ թվում՝ տաղավարների սեփականատերեր։ Առևտրի կենտրոնի սեփականատերը դեռևս չի հարցաքննվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել