Շուռնուխում 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին
12:42 - 23 օգոստոսի, 2022

Շուռնուխում 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը եւ քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում:

Ինչպես տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն, «այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: Մեկնարկել են նաեւ տների ներքին հարդարման աշխատանքները: Բացի այդ, կառուցվել է թաղամասի նոր ճանապարհի պաստառը, մեկնարկել են ինժեներական ենթակառուցվածքների եւ պարիսպների կառուցման աշխատանքները:

Նոր թաղամասում նախատեսվում է կառուցել կոյուղու համակարգ՝ մաքրման կայանով, արտաքին էլեկտրամատակարարման հաղորդագիծ ու արտաքին լուսավորության համակարգ, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր տնատիրության համար կառուցել անասնագոմ, պարսպապատել ու ցանկապատել հողամասը:

Շրջայցի ժամանակ կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ կոմիտեի պատասխանատուները քննարկել են նախագծային լուծումները, ցուցումներ տվել՝ արձանագրված որոշ թերությունները շտկելու եւ լրացուցիչ աշխատուժ ներգրավելու վերաբերյալ: Հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շինարարական աշխատանքների ողջ ծավալը սահմանված ժամկետում եւ որակով ավարտելու նպատակով:

Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի ապրիլի 26-ին: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամ: Աշխատանքներն իրականացվում են՝ համաձայն կապալի պայմանագրի եւ բյուջետային հատկացումների: Նախատեսվում է թաղամասը շահագործման հանձնել 2022 թվականի չորրորդ եռամսյակում»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել