Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ
 |1lurer.am|
18:01 - 25 օգոստոսի, 2022

Մինսկի խումբը վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման. Ադրբեջանի ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը դեսպան Ֆիլիպ Ռիկերին Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական նշանակելու վերաբերյալ:

Այդ քայլն Աբդուլլաևան որակել է «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»:

«Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ շարադրվել է ամենաբարձր մակարդակով։ Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- նշել է Աբդուլլաևան:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հավելել է, թե իբր Ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է, և միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան հարցի հետ կապելը որևէ կերպ չի նպաստում այդ գործընթացին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել դեսպան Ֆիլիպ Ռիկերին: Բլինքենը նշել էր, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցով բանակցություններում Հայաստանին ու Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու իր հանձնառությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել