2 տարվա դադարից հետո Լիբիայում կրկին սրվել է հակամարտությունը. երկրի ներսում թեժ մարտեր են |armtimes.com|
11:06 - 29 օգոստոսի, 2022

2 տարվա դադարից հետո Լիբիայում կրկին սրվել է հակամարտությունը. երկրի ներսում թեժ մարտեր են |armtimes.com|

armtimes.com: 2 տարվա դադարից հետո Լիբիայում կրկին սրվել է հակամարտությունը: Շաբաթ օրը Լիբիայի հակառակորդ քաղաքական խմբավորումները մարտեր էին վարում Տրիպոլիում, լրատվամիջոցների որակմամբ՝ դրանք ամենակատաղին էին վերջին երկու տարվա ընթացքում:

Առնվազն 23 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնել է Ազգային համաձայնության կառավարության (GNA) առողջապահության նախարարությունը։

BBC-ի փոխանցմամբ՝ կռիվներ են ընթանում մի կողմից Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության  ղեկավար Աբդել Համիդ Դբեյբային հավատարիմ ուժերի և մյուս կողմից՝ խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետ Ֆաթհի Բաշագեի ուժերի միջև։

Զոհերի թվում 17 խաղաղ բնակիչ կա, հայտնում է Reuters-ը։ Մահացածների թվում է հայտնի երիտասարդ կատակերգու Մուստաֆա Բարաքան (լուսանկարում):

ՄԱԿ-ի առաքելությունը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունալի բախումները։

Սա ամենաինտենսիվ կռիվն է վերջին երկու տարվա ընթացքում, քանի որ ամիսներ տևած քաղաքական դիմակայությունը վերածվել է դեմ առ դեմ կռվի քաղաքի ներսում, և այժմ բախումները կարող են կրկին վերաճել ավելի լայն կոնֆլիկտի, մեկնաբանում է Reuters-ը:

Լիբիան քաոսի մեջ է դեռ սկսած ապստամբությունից հետո, որը հանգեցրեց Մուամար Քադաֆիի պաշտոնանկությանը 2011 թվականին, ՆԱՏՕ-ի երկրների աջակցությամբ։

Վերջին երկու տարիներին երկրում համեմատաբար հանգիստ շրջան էր:

Ակտիվացած հակամարտություն

Շաբաթ օրը միջազգայնորեն ճանաչված կառավարության զինված ուժերը փորձել են հետ մղել Լիբիայի խորհրդարանի կողմից  վարչապետ նշանակված Բաշագային հավատարիմ զինյալների շարասյունը:

Տեղեկություններ են ստացվել մայրաքաղաքի մի քանի թաղամասերում կրակոցների և պայթյունների մասին։ Քաղաքից ամենուր տեսանելի են եղել ծխի սև սյուներ։

Ռազմական գործողությունների շրջաններից մարդիկ տարհանվել են։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ հարվածներ են հասցվել մի քանի հիվանդանոցների:

Լիբիայում ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել է, որ արձանագրել է բնակելի թաղամասերի անկանոն գնդակոծություն և կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:

Թուրքիան, որը ակնհայտ կամ ոչ ցայտուն կերպով ներկա է աշխարհի մի շարք հակամարտությունների առանցքում, ռազմական ներկայություն ունի Տրիպոլիում և օգնել է Ազգային համաձայնության կառաարությանը հետ մղել արևելյան հարձակումը 2020 թվականին, այժմ նույնպես կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել:

2 վարչապետ

Հարաբերական խաղաղության երկու տարին ուղեկցվել են  քաղաքական գործընթացով, որը պետք է հանգեցներ ընտրությունների, բայց, ի վերջո, ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել:

 Իսկ Դբեյբայի ազգային միասնության կառավարությունն ի վերջո բախվել է Բաշագիի գլխավորած հակառակորդ վարչակազմի հետ, որն աջակցություն էր ստանում արևելյան Լիբիայի խորհրդարանի կողմից:

Շաբաթ օրը Բաշագայի հետ կապված ուժերը փորձել են գրավել Տրիպոլին մի քանի կողմերից, սակայն հիմնական ուժերը ետ են դարձել դեպի արևելք՝ դեպի Միսրատա՝ նախքան մայրաքաղաք հասնելը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին։

Նրանք երեք կողմից մոտեցել են Տրիպոլիին։ Տեղի բնակիչները հայտնել են մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում ինտենսիվ բախումների մասին: Մայրաքաղաքից հարավում ականատեսները պատմել են, որ դաժան հրաձգությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվել է քաղաքի ենթադրյալ գրոհի տեսանյութը:

 Ավելի քան 300 մեքենաներից բաղկացած հիմնական շարասյունը հյուսիս-արևելքից ծովի ափով շարժվել է դեպի Տրիպոլի, հայտնում է Reuters-ը։ 

Ականատեսների վկայությամբ՝ Բաշագան վերադարձել է Միսուրատայի իր բազան:

 

Շարունակությունը armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել