Դատարանները կարճել են Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 27 տարվա վաղեմության գործը, ապա՝ բեկանել կարճման որոշումը
15:22 - 31 օգոստոսի, 2022

Դատարանները կարճել են Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ 27 տարվա վաղեմության գործը, ապա՝ բեկանել կարճման որոշումը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդու՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով ՀՀ դատական ատյաններում նոր զարգացումներ են տեղի ունեցել։

Հրանտ Գրիգորյանը, հիշեցնենք, 1994 թ․ դեկտեմբեր ամսին մեղավոր էր ճանաչվել 1961 թ․ Քրեական օրենսգրքի 259․1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքի մեջ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով գործարար Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար։ Աշտարակի նախկին ժողդատարանի դատավճռով նա դատապարտվել էր 1 տարի ժամկետով ազատազրկման։ Դատավճիռը չէր բողոքարկվել՝ մտնելով օրինական ուժի մեջ։ Դեպքից 24 տարի անց՝ 2018 թվականի հուլիս ամսին, սպանված Մհերի Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ նշելով, որ Հրանտ Գրիգորյանը դիտավորյալ է սպանել իր հորը, սակայն դեպքի իրական հանգամանքները խեղաթյուրվել են։ 

Հաղորդման հիման վրա հարուցվել էր նոր քրեական գործ 2003 թ․ ՔՕ 314-րդ հոդվածի՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու հատկանիշներով, որի շրջանակում ձեռքբերված փաստական տվյալների հիման վրա Զինվորական դատախազությունը վերանայման վարույթ էր հարուցել եւ նոր երեւան եկած հանգամանքներով վերաքննիչ բողոք ներկայացրել։ Դրանով Դատախազությունը պահանջել էր բեկանել 1994 թ․ դատավճիռը եւ գործը վերստին քննել։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, 2020 թ․ մարտ ամսին բավարարել էր բողոքը՝ բեկանելով 26 տարվա վաղեմության դատավճիռն ու գործն ուղարկելով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության։ Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված նյութերը վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք նախկինում մեղադրական դատավճիռ կայացնելիս հայտնի չեն եղել, եւ  որոնք վկայում են Գրիգորյանի կողմից ավելի ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մասին, քան այն, որի համար նա դատապարտվել է:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ 1994 թ․ դատավճռի ուսումնասիրությամբ պարզ չէ, թե դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ինչ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել Մհեր Պողոսյանի մարմնի վրա, որոնք են եղել մահվան պատճառները, քանի կրակոցից է մահացել նա, ինչ տրամաչափի զենքից է կրակվել եւ այլն։ Պարզ չէ նաեւ՝ հարցաքննվել են արդյոք տվյալ ռեստորանային համալիրի աշխատակիցները, իրավական գնահատական տրվել է գործով անցնող մյուս անձանց արարքներին, թե ոչ․ «Դատավճռից պարզ չէ նաեւ՝ նշանակվե՞լ է արդյոք դատաձգաբանական, դատահետքաբանական փորձաքննություն թե՞ ոչ: Եթե նշանակվել է, ապա դրանց եզրակացությունները չեն արձանագրվել դատավճռում, դատարանը դրան որեւէ անդրադարձ չի կատարել»,- նշել էր դատարանը։ Վերջինս նաեւ արձանագրել էր, որ վկաները նախկինում հայտնած տեղեկություններից տարբերվող, նոր ցուցմունքներ են տվել։ Դրանից բացի, որպես նոր ի հայտ եկած հանգամանք էր դիտվել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի անվամբ գրությունը, ըստ որի՝ Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ, եւ ՀՀ նախագահի կողմից հետմահու արիության մեդալով է պարգեւատրվել, մինչդեռ Պողոսյանի անվամբ բացված զինծառայողի անձնական գործի համաձայն՝ նա երբեւէ զինծառայող չի հանդիսացել։

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը վարույթ ընդունել։ Արդյունքում, գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել դատավոր Արթուր Ադամյանին։ 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է վերաբացված քրեական գործը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, քննելով պաշտպանական կողմի միջնորդությունը, նախորդ տարի՝ 2021 թ․ հուլիսի 23-ին, որոշում է կայացրել քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։

Մասնավորապես, դատարանն իր որոշման հիմքում երկու հանգամանք է դրել։ Առաջինը գործի նյութերի բացակայությունն է։ Դատարանը նշել է, որ գործը սահմանված կարգի համաձայն ՀՀ ազգային արխիվի կողմից արխիվացվել եւ ոչնչացվել է, իսկ մշակման արդյունքում պահպանվել են միայն դատավճռի, մեղադրական եզրակացության, քրեական գործի նախաքննության, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին եւ առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին որոշումների բնօրինակները․ «Այսինքն՝ քրեական գործի նյութերը բացակայում են, եւ առանց քրեական գործի առկայության առարկայազուրկ է քրեադատավարական վարույթի իրականացումը ակնհայտ պարզ պատճառով․ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այնպիսի իրավահարաբերություններ կարգավորող իրավական նորմեր, ինչպես 1994 թվականի, այնպես էլ 2020թ. դրությամբ չի սահմանել եւ չէր էլ կարող նախատեսվել, քանի որ քրեական գործի բացակայությունը վերոնշյալ քրեադատավարական նորմերի ուժով ինքնին բացառում է վարույթի իրականացումը»,-նշել է դատարանը։

Մեջբերելով 1961 թ․ Քրեական օրենսգրքի դրույթները՝ դատարանն արձանագրել է նաեւ, որ Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված արարքից հետո անցել է 25 եւ ավելի տարի, որի պայմաններում եւ եղած նյութերով արդեն իսկ անցել են վաղեմության ժամկետները։ Նկատի ունենալով, որ 1961 թվականին ընդունված քրեական օրենսգրքով անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետների անցնելու հիմքով, եւ նկատի ունենալով, որ չնայած Հրանտ Գրիգորյանը կրել է մեղադրական դատական ակտով իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է այդ դատավճիռը՝ Առաջին ատյանի դատարանը եկել է եզրահանգման, որ պետք է ղեկավարվել գործող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով, ըստ որի՝  ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար, ուստի, ըստ դատարանի, մնում է միայն կիրառել վաղեմության ժամկետների անցնելու հիմքը եւ այդ հիմքով կարճել քրեական գործի վարույթը։

Վերաքննիչ դատարանը բեկանել է քրեական գործը կարճելու որոշումը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշման դեմ դարձյալ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Տուժող եւ մեղադրող կողմերը բողոքով պահանջել են բեկանել քրեական գործի կարճման որոշումը եւ գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս անգամ բողոքը քննվել է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով՝ հաշվի առնելով այն, որ բողոքարկվող որոշումը գործն ըստ էության լուծող, այսինքն՝ գործի ելքի վրա ամբողջությամբ ազդող դատական ակտ է։ Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, կազմով Ռուզաննա Բարսեղյանի եւ Նարինե Հովակիմյանի, այս տարվա փետրվար ամսին որոշել է բավարարել այն՝ քրեական գործը դարձյալ ուղարկելով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով նոր քննության։

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ Եվրոպական կոնվենցիայով, ո՛չ Եվրոպական դատարանի որոշումներով, ո՛չ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով եւ ո՛չ էլ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով նոր երեւան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վարույթի համար վաղեմության ժամկետն անցած լինելու կամ այլ հիմքով վերապահումներ չեն սահմանվել կամ նման վերապահումների հնարավորության մասին չեն խոսվում, ուստի Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վարույթը պետք է իրականացվեր՝ նոր երեւան եկած հանգամանքի՝ որպես դատավարական ինստիտուտի կոնվենցիոն ու քրեադատավարական կարգավորումներն ու նպատակները հաշվի առնելով:

Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել, որ դատավճիռը բեկանելու 2020 թ․ որոշմամբ արդեն իսկ արձանագրվել է, որ ստացված նյութերը վկայում են այնպիսի էական հանգամանքների մասին, որոնք Աշտարակի ժողդատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելիս հայտնի չեն եղել, եւ որոնք առերևույթ վկայում են Գրիգորյանի կողմից ավելի ծանր ենթադրյալ հանցանք կատարելու մասին, քան այն, որի համար նա դատապարտվել է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426․3-րդ հոդվածը սահմանում է, որ նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերը վերանայվում են, եթե, ի թիվս այլնի, ի հայտ են եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այլ հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչեւ այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է․ «Ավելին, այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, եթե միայն ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ օրենսգրքի 426․3-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա»,- նշել է դատարանը՝ եզրահանգելով, որ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով գործի քննություն չիրականացնելու արդյունքում Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հիմք է որոշման բեկանման համար։

Վերաքննիչ դատարանի այս որոշումն էլ օրեր առաջ բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Բողոքը վարույթ ընդունել–չընդունելու վերաբերյալ տեղեկություն առայժմ չկա։

 

Լուսանկարում՝ ձախից՝ Հրանտ Գրիգորյանը, Մհեր Պողոսյանը

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել