Լիզ Թրասը խոստանում է Մեծ Բրիտանիան դուրս հանել էներգետիկ ճգնաժամից |hetq.am|
11:47 - 07 սեպտեմբերի, 2022

Լիզ Թրասը խոստանում է Մեծ Բրիտանիան դուրս հանել էներգետիկ ճգնաժամից |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Լիս Թրասը հանդես է եկել առաջին ելույթով, որտեղ նշել է իր կառավարության ներքին քաղաքականության հիմնարար առաջնահերթությունները։ Հանդես գալով վարչապետի նստավայրի դիմաց` նա խոստացել է իջեցնել հարկերը, հաղթահարել էներգետիկ ճգնաժամը և բարեփոխել Առողջապահության ազգային ծառայությունը (NHS)։

Շնորհակալություն հայտնելով նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին և նրան անվանելով բավական ազդեցիկ վարչապետ՝ Թրասն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան մեծացնում է ազատության, ձեռներեցության և կանոնների արդար պահպանման նկատմամբ հիմնարար հավատը։ «Եկել է ժամանակը լուծելու խնդիրները, որոնք կանգնեցնում են Բրիտանիային»,- հայտարարել է նոր վարչապետը՝ հավելելով` դա, իհարկե, հեշտ չի լինի, սակայն կհաջողեն։ 

Մինչ ելույթը Լիզ Թրասը հանդիպել էր Եղիսաբեթ II թագուհու հետ։ Հանդիպումը կայացել էր Բալմորալ ամրոցում, որը Շոտլանդիայում ամառային թագավորական նստավայրն էր։ Ավելի վաղ, թագուհին ընդունել էր Բորիս Ջոնսոնի հրաժարականը, որի հեռանալու մասին հայտնի էր դարձել հուլիս ամսին։ 

Ինչպես նշել է Թրասը, նոր կառավարությունը «Մեծ Բրիտանիան կվերածի բարձր վարձատրվող աշխատանքով, անվտանգ փողոցներով և հնարավորություններով հավակնոտ երկրի, որին արժանի է յուրաքանչյուր քաղաքացի»։

Թրասի խոսքով՝ այս շաբաթ իր կառավարությունը քայլեր կձեռնարկի էլեկտրաէներգիայի խոշոր հաշիվների դեմ, որոնք առաջացել են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ «Ես վստահ եմ, որ միասին մենք կկարողանանք վերապրել այս փոթորիկը։ Մենք կկարողանանք վերականգնել մեր տնտեսությունը և դառնալ ժամանակակից փայլուն Մեծ Բրիտանիա, որը, ես գիտեմ, մենք կարող ենք լինել»,- ասել է Միացյալ Թագավորության վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել