Թարմացվող․ Ադրբեջանի հարձակումը՝ Հայաստանի Հանրապետության վրա
23:39 - 21 սեպտեմբերի, 2022

Թարմացվող․ Ադրբեջանի հարձակումը՝ Հայաստանի Հանրապետության վրա

23։15-  Քիչ առաջ վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: [ՊՆ խոսնակ]

22։15- Սեպտեմբերի 21-ին` ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: 
Հայկական կողմից կա մեկ վիրավոր: Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան: [ՊՆ մամուլի խոսնակ]

20։00-  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.
«Այսօր Հայաստանը պետք է լավ մտածի: Ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել և թող ոչ ոքի վրա հույս չդնեն: Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել: Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով»։ |azatutyun.am|

19։20-  Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը հաստատեց այն տեղեկությունը, որ թշնամու կրակոցներից հայկական կողմը մեկ վիրավոր ունի, սակայն նշեց, որ, իր տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել հարեւան գյուղի՝ Սրաշենի ուղղությամբ։ Բաղդասարյանի ունեցած ինֆորմացիայի համաձայն՝ վիրավորը «Երկրապահ» կամավորականների միությունից է։ |hetq.am|

15։30- ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնn իր թվիթերյան էջում գրել է, որ հանդիպել է Եղիշե Կիրակոսյանի, խոսնակ Փելոսիի և Հայկական հանձնախմբի մյուս անդամների հետ․ «Քննարկեցինք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների սարսափելի խախտումները և Հայաստանի ջանքերը Արդարադատության միջազգային դատարանում ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»: 

14։30-  «Բաքուն հանդես է գալիս խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մեկնարկի օգտին՝ չնայած վերջին ռազմական բախումներին և ադրբեջանական կողմի կորուստներին»։ Ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպմանը։ Բայրամովի պնդմամբ՝ Բաքուն մեծ նշանակություն  է տալիս ԵԱՀԿ-ի հետ համագործակցությանը։ Նա նշել է, թե Հայաստանը ԵԱՀԿ-ի շրջանակում «ապակառուցական քայլեր է իրականացնում»։

14։10- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանում տիրող հանրային տրամադրությունները։ Գրիգորյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումն առ այն, որ ադրբեջանական զորքերն օր առաջ պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից, և ՀՀ-ն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը: Զրուցակիցները քննարկել են սեպտեմբերի 13-ին ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Քննարկվել են ՀԱՊԿ պատվիրակության օրակարգի հետ կապված հարցեր: [ՀՀ ԱԽ]

13։22- Արարատ Միրզոյանն իր թվիթերյան էջում գրել է, որ երեկ հանդիպել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ։

12։50- ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները հանդիպել են Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Անդրադարձ է կատարվել Լաչինի միջանցքի գործարկված նոր երթուղու հետ կապված հասարակության մոտ առկա որոշ խնդիրներին։ 
🇷🇺 Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարը հավաստիացրել է, որ միջանցքի անվտանգությունն ամբողջությամբ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և ընթացիկ շինարարական աշխատանքների ավարտմանը զուգընթաց կվերանան առկա խնդիրները։ [ԱՀ ԱԺ]

10։30- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ։ Միրզոյանը նրան է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները և ընդգծել դրա հետևանքների վերացման նպատակով Ադրբեջանի վրա միջազգային հանրության շարունակական ճնշման կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]

10։06-  Սեպտեմբերի 21-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՊՆ խոսնակ]

09։00- Առավոտյան 08։30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա։ ԳՇ պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ [ՊՆ մամուլի խոսնակ]

20․09․2022

23։07- Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։ Միրզոյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է նաև միջազգային հանրության թիրախավորված արձագանքի ու գործուն քայլերի անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումներին հակազդելու համար։ [ՀՀ ԱԳՆ]

22։45- Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան: [ՀՀ ՊՆ խոսնակ]

22։40- Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում քիչ առաջ հակառակորդը ինքնաձիգներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել, ինչը տևել է մի քանի րոպե։ «Այս պահին կրակ չկա, հանգիստ է, բնակչության տարհանում չկա, բայց մարդիկ անհանգիստ են»,- ասել է Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը։ |sputnikarmenia.am|

21։40- Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:  Նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը  ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար։ [ՀՀ ԱԳՆ]

20։50- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի միջև «շուտափույթ խաղաղության համաձայնագիր կնքել»։
«Մենք հավատում ենք համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը»,- ասել է Թուրքիայի նախագահը:  |factor.am|

20։25- Արարատ Միրզոյանը հանդիպել է (https://infocom.am/hy/article/88935) Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Կողմերը նշել են, որ միջազգային հարթակներում պարբերաբար տեղի ունեցող շփումները երկուստեք հնարավորություն են ընձեռում քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ծանոթանալ արդի խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին: [ՀՀ ԱԳՆ]

20։10-  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան։ Առաքելության վրա դրված են խնդիրներ՝ կապված ստեղծված իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում իրավիճակի մասին մանրակրկիտ զեկույցի պատրաստման ու Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաէսկալացման համար առաջարկությունների մշակման հետ: |armenpress.am|

20։05- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ են վարել՝ քննարկելով լարվածությունը Հարավային Կովկասում: Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը հեշտացնելու և հակամարտության՝ երկարաժամկետ քաղաքական լուծմանը հասնելու գործում: |armenpress.am|

19։30-  Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի աշխատանքների մեկնարկին։ [ՀՀ ԱԳՆ]

19։15- Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելությունը սահմանին լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկներ է մշակել։ Պատվիրակության ղեկավար Անատոլի Սիդորովը նախարար Սուրեն Պապիկյանին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում ստեղծված իրավիճակի ուսումնասիրության հիմնական եզրակացությունների և համապատասխան միջոցառումների մասին: Կառուցողական հանդիպում էր։ ՀԱՊԿ առաքելության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա։ [ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայություն] |1lurer.am|

17։13- Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ աջակցության ակցիա է իրականացվել։ Ակցիայի մասնակիցները դեսպանատան աշխատակցին փոխանցեցին «աջակցության հռչակագիր»։ «Մենք այստեղ ենք, քանի որ սիրում ենք Հայաստանը, պայքարում ենք Արցախի համար, քանի որ հարգում ենք ու ճշտորեն պահպանում ենք հայ-ռուսական բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները։ Այստեղ ենք, քանի որ գնահատում ենք Ռուսաստանի աջակցությունը, որը ոչ միայն բառերով է, սուտ խոստումներով ու արցունքներով է, այլ կոնկրետ զինվորներով, խաղաղապահներով, սահմանապահներով, զենքով», - ակցիայի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամ Հայկ Բաբուխանյանը։

17։00- Deep Purple խմբի երգիչ Յեն Գիլանը աջակցություն է հայտնել Հայաստանին՝ այսօր իր պաշտոնական կայքում տեղադրելով Queen խմբի կիթառահար Բրայան Մեյի գրառումը․ «Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանn իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»։

16։14- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը այսօր կժամանի Հայաստան։ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակության՝ սեպտեմբերի 20-25-ի ՀՀ այցը նախապատրաստելու մասին։

15։58- Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին: [Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյան]

15։27- Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են Արամ Սարգսյանը, Լևոն Շիրինյանը, Մհեր Տերտերյանը, Համբիկ Սարաֆյանը, Սեդրակ Աճեմյանը, Տիգրան Խզմալյանը, Տիգրան Արզաքանցյանը: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

14։46-  ՀՀ ԱՆ-ն, մեկնաբանելով լուրերը, թե վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք են պահանջել, շեշտում է, որ բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: Ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո:

14։32- Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողի լուծումը Ռուսաստանի խորհրդատվական օգնությամբ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում աշխատանքն է։ Օտարերկրյա դեսպաններին հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ ՌԴ նախագահը նշել է․ «Ընգծում եմ, որ մեզ մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»։

13։56- Արցախի ԱԺ խմբակցությունները այսօր մամուլի ասուլիս են հրավիրել ու ներկայացրել են ՀՀ այցի արդյունքները։ Նրանք նշել են, որ ԱՀ ԱԺ քաղաքական ուժերին հավաստիացրել են, որ օրակարգում չկա որևէ փաստաթուղթ, որը կարող է վնաս բերել Արցախին ու Հայաստանին: [ԱՀ ԱԺ]

13։40- Ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 95 հայ զինծառայողի մարմին։  Վերադարձված մարմինները ներառված են ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհվածների և անհետ կորածների թվի մեջ: Տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆ խոսնակը։

13։20-  Ինչպես հանդիպման ժամանակ նշեցի, ժամանակն է, որ զորքերը դուրս բերվեն, իսկ դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ։ Նման գրառում է արել Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան միկրոբլոգում՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած (Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի ու Էնթոնի Բլինքենի) եռակողմ հանդիպմանը։

12։26-  Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ միշտ պատրաստ են ներգրավելու որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում, եթե անհրաժեշտ լինի, հավելելով, որ Թբիլիսին այդ կապակցությամբ ոչ մի նախապայման չունի։

11։55-  Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցները (պատսպարաններ) թաքստոցներ են, որոնք նվազեցնում են հարվածային ալիքի ուժգնությունը: Այդ կառույցների կարևորությունն է՛լ ավելի է զգացվում պատերազմական պայմաններում: Պատսպարանների բարեկարգման ծրագրեր են իրականացվում հանրապետության ամբողջ տարածքում: [ԱԻՆ]

11։49-  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Միրզոյանը առանձնահատուկ նշել է Ադրբեջանի գործողությունները միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ Գործող նախագահության կողմից թիրախային ու հստակ դատապարտելու կարևորությունը։ Ընդգծվել է նաև ԵԱՀԿ շրջանակներում առկա մեխանիզմների հրատապ գործարկման անհրաժեշտությունը, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: [ՀՀ ԱԳՆ]

11։35-  Ադրբեջանի ԱԳՆ-ն եռակողմ հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե «հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ սեպտեմբերի 12-14-ը Հայաստանն է բախումներ առաջացրել՝ սադրանքներ և հարձակումներ կատարելով Ադրբեջանի դեմ»։ Ադրբեջանական կողմի հայտարարության մեջ ասվում է նաև․ «Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է իր պատրաստակամությունը մասնակցելու կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ հրատապ բանակցություններին՝ առաջնորդների միջև եռակողմ հռչակագրերին և բրյուսելյան հանդիպման արդյունքներին համապատասխան»։

11:25- Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է պայմանագրի չորրորդ կետով և այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ից չի ստացվել ադեկվատ աջակցություն: Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին են մեր սպասելիքները ՀԱՊԿ-ից, երբ հարձակում է տեղի ունենում մեր ինքնիշխան տարածքի վրա ու ներխուժում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահման: Առաջին հերթին պետք է լինիագրեսիայի ֆիքսում, երկրորդ՝ դատապարտում, երրորդ՝ ագրեսիայի հետևանքների վերացում, չորրորդ՝ պահանջի չվերաբերման դեպքում կոնկրետ գործողություն: Ցավոք, մենք չենք կարող արձանագրել, որ մեր ակնկալիքներն այս պահի դրությամբ արդարացված են: [Ռուբեն Ռուբինյան]

11:22- Սեպտեմբերի 16-ից 18-ը Հայաստան այցելած ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ըստ նրա տարածած հաղորդագրության, «եղել է Ջերմուկ քաղաքի շրջակայքում, որը, ենթարկվել է հրետակոծության ադրբեջանական կողմից ՀՀ տարածք խորքային առաջխաղացման ժամանակ»։ Զատուլինը հանդիպել է ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Վերջինիս հետ հանդիպմանը քննարկվել են ներքին և արտաքին օրակարգը, հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը։

10։09-  ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ Գուտերեշը կարևորել է Երևանի ու Բաքվի հարաբերությունների նորմալացումը։ Նա նշել է, որ հարկավոր է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը։

09։00- Սեպտեմբերի 20-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [Պն]

08։34-  Էնթոնի Բլինքենը Միրզոյանին ու Բայրամովին հորդորել է մինչև ամսվա վերջ հանդիպել ևս մեկ անգամ։ Այս մասին ասված է հանդիպման վերաբերյալ Պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։

08։26- Թե՛ վարչապետ Փաշինյանի, թե՛ նախագահ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Ուժեղ, կայուն դիվանագիտական   ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական   ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը: [ԱՄՆ պետքարտուղարը` ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը]

08։05- Գիտության և երաժշտության Starmus միջազգային փառատոնի խորհուրդը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ իրականացվող հրահրված և անարդարացի ռազմական գործողությունը։ Այս դաժան գործողությունը, որի արդյունքում բազմաթիվ անմեղ կյանքեր են կորսվել, անհարկի է, անհիմն և դեմ քաղաքակրթության դրսևորումներին։ Starmus-ի վեցերորդ փառատոնը բոլորովին վերջերս հաջողությամբ պսակվեց Հայաստանում՝ Երևանում, և մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր հրաշալի հայ ընկերներին։ Գիտելիքի փոխանցումը, գիտության առաջընթացը, մարդասիրության փառաբանումը՝ երաժշտության միջոցով և այլ դրական գործողությունները պետք է մեզ ուղղորդեն՝ դեպի ավելի լավ աշխարհ։ [Starmus-ի խորհուրդ]

02։09- Ջեյհուն Բայրամովի հետ Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։ [ՀՀ ԱԳՆ]

00։13- Նյու Յորքում մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ [ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ]

  19.09.2022

22։45- Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում  է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Միրզոյանը իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մանրամասները՝ մատնանշելով, որ այն ուղեկցվել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ վայրագությունների և խոշտանգումների իրականացմամբ։ [ՀՀ ԱԳՆ]

22։30-  Իրանը տարածաշրջանի սահմանները փոխելու երազանքը կվերածի մղձավանջի։ Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովն ուսումնասիրում է  վերջին զարգացումները։ Իրանը կկանխի տարածաշրջանի սահմանների փոփոխությունը։ [Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադե] |1lurer.am|

22։20- Խորապես անհանգստացած եմ Հայաստանում հակառուսական տրամադրությունների հրահրման միտումներից։ Որքան էլ դրանք լինեն արհեստական և ուղղորդվող, միևնույն է, դրանք պարունակում են ահռելի ռիսկեր մեր պետության, ազգային անվտանգության և մեր ժողովրդի համար։ Հայաստանը կարող է և պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ այլ տերությունների հետ, զարգացնի միջպետական հարաբերություններ այլոց հետ, բայց դա չի կարող լինել ընդդեմ և ի հակակշիռ հայ-ռուսական հարաբերությունների։
Հայ-ռուսական հարաբերությունները կարիք ունեն ոչ թե վտանգման, այլ բազմաշերտ և արդյունավետ խորացման՝ ռազմաքաղաքական, անվտանգային, տնտեսական և այլ ոլորտներում։ [Գագիկ Ծառուկյան]

22։00- Սեպտեմբերի 19-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
[ՊՆ]

19։55- Կրտսեր սերժանտ Եսայի Յանեսի Արզիևը վերադաս հրամանատարությանը փոխանցել է ադրբեջանական զինծառայողների կուտակումների կոորդինատները։ Քիչ անց հրետանային միջոցներով նշանառու հարված է հասցվել թշնամուն, ինչի շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Արզիևը շարունակում է փառքով ծառայել Հայրենիքին:[ՊՆ]

19։15- Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։ Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

16։55- Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Անվտանգության խորհուրդը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանելու է իր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ օկուպացված տարածքներից: [ՀՀ ԱԽ հայտարարությունը]

16։41- Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ այսօր Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

16։28-  ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպմանը մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: [ՀՀ ԱԺ]

15։46-  Այս պահին մեր գրասենյակն ունի 16 զինծառայողի վերաբերյալ տվյալ, որոնք գերության մեջ են գտնվում, բայց այս թվերը կարող են շատ արագ փոփոխվել։ Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Human rights watch-ի հետ և իմ ներկայացրած փաստերի ուժով իրենց խնդրել եմ դիտարկել փաստահավաք առաքելություն իրականացնելու և հատուկ զեկույց ներկայացնելու հնարավորությունը: [ՄԻՊ Քրիստինե Գրիգորյան]

14։55- «Տելեգրամի» ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Stickerner-ներ․ արձանագրել ենք 119-ը, որոնք 5 օրում ունեցել են առավել քան 20 000 ներբեռնում: Մեզ աջակցող մասնագետի ջանքերով այդ հնարավորությունը Տելեգրամը փակել է, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն օգտագործվելու է հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով: Այս հանցավոր արարքը ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը խոր արմատավորվել է ադրբեջանական հասարակությունում և ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրության կոչերն ուղղակի շղարշ են միջազգային հանրության աչքերի համար, որով թաքցնում են իրենց իրական մտադրությունները։ [Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան]

14։30- Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում կրթության իրավունքից զրկվել է շուրջ 25 000 դպրոցահասակ և ավելի քան 6 000 նախադպրոցական տարիքի երեխա։ Այս տվյալները հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Մենք ունենք տեղեկություն Գեղարքունիքի մարզում երկու դպրոցական շենքերի վնասման մասին․ խոսքը Սոթքի և Այրքի դպրոցներին է վերաբերում։ Բնականաբար, շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ դպրոցներում շենքերին պատճառված վնասի վերացման ուղղությամբ։ [ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյան]

14:09-  Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին։ Վերջինս ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։ [ՊՆ մամուլի խոսնակ]

13:45- ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նենսի Փելոսիի այցը Հայաստան․ «Այն ամենը, ինչը ոչ թե խոսքով է, այլ գործով, ոչ թե աղմուկ է, ոչ թե պոպուլիզմ, այլ իրականության մեջ անաղմուկ և գործնական կերպով կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը, կարող է ողջունելի լինել։ Արդյո՞ք նման բարձրագոչ գործողություններն ու հայտարարություններն իրականում կարող են նպաստել այդ կարգավորմանը։ Տեսնենք, ժամանակի ընթացքում այդ ամենը պարզ կլինի»։ |ria.ru|

13։40- 32 մարմինների փոխանցումն արվել է առանց ԿԽՄԿ-ի։ Մենք աշխատել ու շարունակում ենք աշխատել դատաբժշկական փորձաքննության ընթացքում, այդ թվում խորհրդատվություն են տրամադրում այն իրականացնողներին։ Աշխատում ենք գործընթացը կազմակերպող կառույցների հետ և սպասում ենք, որ նրանց կողմից հետագա քայլերը հստակեցվեն։ [ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի]

13։05- Մենք չենք կարող այլեւս ուրիշների շահերին ենթակա ու աշխարհաքաղաքական պայմաններին անձնատուր լինել: Քաղաքական երկխոսությունը, ճկունությունը եւ իրապաշտությունը չպետք է մեզ առաջնորդեն վտանգելո Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը եւ անկախությունը: Սա մեր ազգի ու հայրենիքի համար կարմիր գիծ է։ [Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին]

13։03- Թբիլիսիում ոստիկանությունը թույլ չի տվել երեկ բողոքի ակցիա իրականացնող հայերին երթ իրականացնել դեպի Ադրբեջանի դեսպանություն։ «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ-ն տեղեկացնում է, որ կազմակերպության նախագահ Արթուր Միրզոյանը սադրանքներից խուսափելու նպատակով փորձել է կազմակերպել և շարունակել երթը դեպի Վրաստանի ԱԳՆ շենք, սակայն ձերբակալվել է երթի մասնակիցներից մեկի հետ միասին։ Մյուսները փորձել են կասեցնել սա, ինչի հետևանքով ձերբակալվել է կազմակերպության ևս չորս անդամ։ Այս պահին նրանք ազատ են արձակվել։

12։33- Ժամկետային զինծառայող Դավիթ Գիշյանը սպանվել է ադրբեջանական գերության մեջ։ Այս մասին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը՝ նշելով, որ այս մասին այսօր առավոտյան տեղեկացրել են ՄԻԵԴ-ին։ «Տեղեկացրել ենք ԵԴ-ին, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը։ Դիմել ենք նաև ՄԻԵԿ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառել հրատապ միջոց, ոչ թե ժամանակ խնդրել պատասխանի համար»,- նշեց Սամվելյանը՝ հավելելով, որ նույն տեղեկությունները կուղարկվեն նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ 

12։13- Ադրբեջանական ԶՈՒ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, ժամը 10:00-ի դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է՝ վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:

12։05- Մենք կարող ենք հույս գտնել Հայաստանի պատմության մեջ, որը տոկունության և ուժի պատմություն է: Հույս կարելի է գտնել արվեստի միջոցով, և ինչպես գրել է բանաստեղծ Պարույր Սևակը, բոցը երբեք չի մարել, այլ երկար դարերի ընթացքում շարունակել է վառ մնալ (նկատի ունի Սևակի բանաստեղծությունը․ «Բայց վրեժի ահեղ բոց էր ահեղ մարտում, Եվ հրախաղ, որ հաղթանակ էր ավետում...  Եվ չի մարել նա դարերում մահամնա, Մնացել է, որովհետև մի հուր էր նա»,- խմբ․): Պատիվ էր տեսնել, թե ինչպես է Հայաստանի հուսադրող կրակը պայծառ վառվում։ [Նենսի Փելոսին՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում ունեցած ելույթի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման մեջ]

11։30-  Այսօր Ստեփանակերտում ընդդիմադիր ակտիվիստներին չհաջողվեց փակել նախագահականի շենքի մուտքերը ու հարցեր ուղղել Արայիկ Հարությունյանին։ ՍիվիլՆեթի հետ զրույցում ընդդիմադիր գործիչ Տիգրան Պետրոսյանը ասաց․ «Ինքը (ԱՀ նախագահը- խմբ․) միշտ աջ կողմով է մտնում շենք, գնացել ենք, որ հենց գա, փակենք ավտոների դիմաց։ Մյուս կողմով գաղտագողի, շատ արագ եկավ, վազելով մտավ շենք։ Ժողովուրդը հավաքվել է մի մտահոգությամբ, երբ լսել է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ թուղթ է ուզում ստորագրել, թեև նա հետո հետ է կանգնել իր խոսքերից, իսկ մենք գիտենք, որ թուղթ ստորագրելը 5 րոպե ա, 1 րոպե ա, և օրերով սպասել մինչ Արայիկ Հարությունյանը ուղերձով կդիմի, մի քիչ անտրամաբանական է։ Ինքը գնաց պատվիրակության հետ Հայաստան, բանակցություններ վարեց, հետ եկավ, ինչն է պատճառը, որ երկու օր անց է այդ պատասխանները հնչեցնում, մանավանդ որ գիտի՝ հազարավոր մարդիկ, այստեղ կանգնած, իրեն են սպասում»։

10։05- Սեպտեմբերի 19-ի ժամը 10:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՀՀ ՊՆ]

09։45-  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: [ՀՀ ԱԺ]

09։26- Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին․ «Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին»։

00։48- ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը կիրակի օրը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ հորդորելով Իլհամ Ալիևին պահպանել Հայաստանի հետ հրադադարը «Պետքարտուղարը կոչ է արել նախագահ Ալիևին հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել զինուժը և աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս չլուծված հարցերը խաղաղ բանակցություններով կարգավորելու ուղղությամբ»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ |azatutyun.am|

00։24- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Նենսի Փելոսիին ներկայացրել եմ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների  համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: [ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան]

18․09․2022

22։19- Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր:
Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ: Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ: [«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան]

22։10- Սեպտեմբերի 18-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՀՀ ՊՆ]

21։29- 2022թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: [ՀՀ ՊՆ]

19։45- Նիկոլ Փաշինյանը և Նենսի Փելոսին անդրադարձել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ դրսևորված ագրեսիային և ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին, ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

19։39-  ՌԴ Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերը․
«Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՀԿ-ների կողմից, և, ցավոք, դրանք շատ են... Բնականաբար, Փելոսիի ժամանումը կանխատեսել էին այն ուժերը, որոնք այսօր դուրս են եկել ցույցերի»,- ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում։ |tert.am|

18։54- Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են Նենսի Փելոսիի հետ։ Իշխան Սաղաթելյանը հանդիպումից մանրամասներ ներկայացրեց․
«Առաջինը, բնականաբար, խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին, փոխանցեցինք մեր դիրքորոշումը․ Ադրբեջանը, որը շարունակում է պատերազմը, մեզ համար անընդունելի է Ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին։ Խոսքը ոչ միայն ծավալների մասին է, այլ նաեւ ռազմաքաղաքական աջակցության։ Խոսեցինք 907-րդ բանաձեւի մասին, եւ առհասարակ հաջորդ տարի օգնություններն ու աջակցությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին»։

16։50- Անհիմն ու անարդար մեղադրանքները, որոնք Փելոսին հնչեցրել է Ադրբեջանի հասցեին, անընդունելի են։ Սա լուրջ հարված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ջանքերին: Այդօրինակ միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները չեն նպաստում տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, ճիշտ հակառակը` մեծացնում են լարվածությունը։ [Ադրբեջանի ԱԳՆ] |azatutyun.am|

16։40-Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին բախումների մասին հաղորդումներն ինձ շատ ցավ պատճառեցին։ Իմ հոգեւոր մտերմությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարի ռեժիմը։ Խաղաղությունը հնարավոր է, երբ նրանք մի կողմ դնեն իրենց զենքերը եւ երկխոսության մեջ լինեն: [Հռոմի Ֆրանցիսկոս պապ]

16։25- Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը և դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը: [ՀՀ Առաջին նախագահի գրասենյակ]

16։05- Վերջին իրադարձությունները այլևս որևէ կասկած չեն թողել, որ Հայաստանը ժամ առաջ պետք է հայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը, որի նպատակը ոչ թե ՀՀ տարածքն է, ոչ թե սահմանային այս կամ այն տարածքն է, այլ Հայաստանի պետականությունն է, Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի սուվերենն է։ [Արման Բաբաջանյանի ելույթը՝ «Դուրս ՀԱՊԿ-ից» ակցիայի ժամանակ]

15։20- «Ազատության» հրապարակում ընթանում է «Դո՛ւրս ՀԱՊԿ-ից» բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները պահանջում են դուրս գալ ՀԱՊԿ-ից։Այս պահին  մասնակիցները քայլերթ են իրականացնում դեպի «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ հանդիպելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։

15։05- «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ելույթին զուգահեռ տեղի է ունենում ակցիա։ 
Ակցիայի մասնակցիները շնորհակալություն են հայտնում խոսնակին։ Նրանք վանկարկում են՝ «Շնորհակալ ենք Նենսի Փելոսի։ Կանգնեցրե՛ք ագրեսիան, պահպանե՛ք ժողովրդավարություն»։

13։55- Ես իմ անունից կխոսեմ։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս անվտանգային միավորման մասն է։ Մենք այդ մասով ոչինչ չենք առաջարկում, մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն շատ մտահոգված է Հայաստանի անվտանգության համար։ 
Մենք ուզում ենք անել ինչ կարող ենք, որպեսզի ավելի աջակցենք Հայաստանի անվտանգությանը։ Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ տեսնենք՝ ինչ կարող է անել ԱՄՆ-ն, որպեսզի օգնի Հայաստանին անվտանգության հարցում առանց Ռուսաստանին կամ ռուսական միավորմանը հղվելու։ [ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից]

13։10-  Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ ես հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու։ [ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիեր]

12։45- Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հստակ եւ վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի ԼՂ հակամարտությանը։ [ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի]

12։35- ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար։ Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ եւս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները եւ ավտորիտար պատերազմը՝ ժողովրդավարության դեմ։ [Ալեն Սիմոնյանը՝ Նենսի Փելոսիի հետ համատեղ ասուլիսում]

12։15-  Երբ մենք որևէ երկիր ենք գնում, մեզ համար կարևոր է անվտանգությունը: Չգիտեինք, որ մեր այցը կհամընկնի ռազմական գործողություններին հաջորդող օրերին: ԱՄՆ-ում հպարտանում ենք, որ շրջապատված ենք հայրենասեր հայերով, որոնք նաև մեր քաղաքացիներն են: Նրանք մեր ուժն են, մեր ամբողջության կարևոր բաղադրիչը։ [ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը]

12։12- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր՝ ներառելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հետագա գործընթացներին վերաբերող մանրամասներ: [ՀՀ ԱԺ]

10։30-  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 
Փելոսիին  ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ |armenpress.am|

09։55- Սեպտեմբերի 18-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՀՀ ՊՆ]

17․09

23։02- ՀՀ ՊՆ-ն հաստատում է, որ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի։ [ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյան]|armenpress.am|

22։45- Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ «Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներից 32 հայ զինծառայողների դիեր են այսօր հանձնվել Հայաստանին»։
Ադրբեջանական trend.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների գործերի պետական հանձնաժողովը։ Հայկական կողմն այս մասին դեռ պաշտոնապես չի հաղորդել:

21։51- Մեր հիմնադիրները 1787թ.` Սահմանադրության օրը,  ժողովրդավարությունը գերադասեցին բռնապետությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք այդ ընտրությունը:
Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը: [Նենսի Փելոսի]

21։05- Սեպտեմբերի 17-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՀՀ ՊՆ]

20։35- ՄԻՊ-ը Սյունիքում արձանագրել է ադրբեջանական ԶՈւ ագրեսիայի արդյունքում հասցված վնասը․ «Քարաշեն բնակավայրում արկակոծության հետևանքով վնասվել է գյուղի հանդիսությունների սրահը, որի մոտակայքում են գտնվում դպրոցն ու համայնքապետարանի շենքը։ Գյուղի թիրախավորման պատճառով բնակիչների մի մասը դուրս է եկել գյուղից։ Վաղատուր համայնքում արձակվել է 13 արկ․ վնասվել են համայնքապետարանի շենքը, 4-5 տուն, այգիներ։ Համայնքի վրա տարբեր ինտենսիվությամբ կրակ բացվել է սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշեր՝ ժամը 12։10-12։30-ն ընկած ժամանակահատվածում»։

20։19- ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության խմբի ղեկավար Անատոլի Սիդորովի խոսքով՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ տաջիկ-ղրղզական սահմանային գոտում «ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել»․
 «Միևնույն ժամանակ, և՛ մեր կանոնադրության մեջ, և՛ փաստաթղթերում, և՛ հենց Հավաքական անվտանգության պայմանագրում գրված է, որ առաջնահերթությունը տրվում է քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։ Հետևաբար մենք առայժմ «ոչ մի սուր չենք հանում պատյանից» և փորձում ենք հնարավորինս խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները», - լրագրողներին հայտնել է նա։ |«ՌԻԱ Նովոստի»|

19։54- Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով առնվազն 20 նոր ռազմագերի ունենք, թեև այս պահին կարողացել ենք նույնականացնել 10-ին։ Օրեր առաջ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կողմից միջպետական գանգատ է ներկայացվել անհապաղ միջոցների համար, որտեղ այս պահին դեռևս մեկ նույնականացված անձի տվյալ է ներկայացվել։ Մեր հաշվարկներով՝ ռազմագերիների թիվը երկու տասնյակ է, սակայն աշխատանքները շարունակվում են, հույս ունենք՝ առաջիկա օրերին հստակ թիվ ու անուններ կունենանք։ [ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյան] |factor.am|

19։50- Ջերմուկում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։ Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։ [ՀՀ ՄԻՊ]

19։30- Նենսի Փելոսին քիչ առաջ ժամանեց Հայաստան։ Փելոսիին օդանավակայանում դիմավորեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ու ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ: 

19։26- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում։ Հայ զինվորականները ցուցադրել են հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի տարածքում գնդակոծության հետևանքները։ Առաքելությունը այցելել է Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկը հարվածելու հետևանքով վնասվել է բնակելի տունը: |factor.am|

18։56-  Կազմակերպության և կազմակերպության անդամների որդեգրած դիրքորոշումները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային խաղաղության նկատմամբ, ինչպես նաև Պայմանագրի կարևորագույն կետի խախտումը հիմք են տալիս պահանջել ՀՀ կառավարությունից և խորհրդարանից դուրս գալ ՀԱՊԿ-ից օր առաջ և առավելագույնս խորացնել հարաբերությունները մեզ աջակցած բոլոր երկրների հետ։ [«ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» բողոքի ակցիայի մասնակից Նարեկ Այվազյան]

18։48- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանի իրավիճակի վերաբերյալ հարցին, խոսել է Բաքվի հայտարարության մասին՝ իբր, «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտելու մասին.
«Հաշվի առնելով օպերացիայի ավարտը՝ կարծում եմ՝ այս պահին չարժե ուռճացնել թեման։ Ալիևի՝ ինձ տրամադրած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանում մեր եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը։

18։40-  «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցությունը Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի առիթով ողջույնի հավաք է իրականացնում։

18։29- Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Զգալի վնաս է հասցվել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը՝ հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիները (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում։ [ՇՄՆ]

18։10- Այդ գիշեր (Շուշի մտնելուց հետո- խմբ․) Ալիևը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք և հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ Այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն։ Նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից, այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար։ Արևմուտքը նույնպես Հայաստանի իշխանությունների ենթադրաբար տված խոստման պատանդն է։ [ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հոդվածը

17։55-  Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր տարիներին ԼՂՀ անվտանգության երաշխավորն էր և միջնորդական գործառույթներ էր իրականացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման բանակցություններում։ Բայց Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյություն ունեցող կարգավիճակի փոփոխություն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ լեգիտիմ չէ և իրավաբանական ուժ չունի։ Ճանաչե՛ք ԼՂՀ անկախությունը, մի՛ մասնակցեք Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող Հայոց ցեղասպանությանը։ [Ստեփանակերտում ընթացող հանրահավաքի մասնակիցների հայտարարությունը]

17։10- Տոյվո Կլաարը հայտնել է, որ վերադարձել է Բրյուսել Երևանում, Բաքվում և Վիեննայում կայացած հրատապ հանդիպումներից հետո։ Նա գրել է․ «Բարդ ու երբեմն էմոցիոնալ քննարկումներ։ Դեռ շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունեմ՝ հրադադարը կպահպանվի։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին»։

16։48- Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանում։ Ընդ որում՝ մեկը ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել։ [ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան]

16։39- Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է ԱՄՆ հաստատակամ վճռականության՝ ունենալու խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի և Հայաստանի երկար տարիների բարեկամի ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ արդյունավետ հանդիպումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն ՀՀ հետ մեր գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը։ [Նենսի Փելոսիի գրասենյակ

15։23-  Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կհանդիպի Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում: Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։ [Հայաստանում ԱՄՆ դեսպանություն]

14։52- Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ ռազմական գործողությունների հետևանքով ունի 284 վիրավոր, որոնցից երկուսը, ադրբեջանական կողմի պնդմամբ, խաղաղ բնակիչներ են։ Այս պահին, ըստ Ադրբեջանի պաշտոնական տվյալների, իրենց զոհերը 79-ն են։

14։35- Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սեպտեմբերի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես կգա տեսաուղերձով, որը կհեռարձակվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ և ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջով: [Արցախի տեղեկատվական շտաբ]

14։25- Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցներին՝ Միշելը գրել է․ «Մենք կարծիքների էական փոխանակում ունեցանք կայուն դեէսկալացիա ապահովելու միջոցների և տարածաշրջանում տևական խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ»։

14։20-  ՄԻՊ փաստահավաք թիմերն աշխատում են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից թիրախավորված բնակավայրերում։ Պաշտպանը եղել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ համայնքներում։ Ծանոթացել իրավիճակին, զրուցել բնակիչների հետ։ [ՄԻՊ]

13։30- Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին մանրամասն անդրադարձել է երկու հյուսիսային հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշմանը․ «Ինչ վերաբերում է հյուսիսային հարեւաններին, ապա Իրանի դիրքորոշումները հայտնի են արդեն 30 տարի եւ բազմիցս հնչեցրել են հեղափոխության առաջնորդը, նախագահը, ԱԳ նախարարը եւ ԱԳՆ մամուլի քարտուղարը, այն է՝ միջազգային սահմանների անփոփոխությունը եւ հակադրությունն աշխարհաքաղաքական փոփոխություններին»։ 

13։20-  ՊՆ-ն հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ: Վերոհիշյալ նպատակներով տարատեսակ դրամահավաքների և այլ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն այս պահին չկա: Եթե որևէ ձևաչափով բանակին աջակցելու ցանկությունը մեծ է, անհրաժեշտ է գործընթացը կազմակերպել և իրականացնել ՊՆ հետ սերտ համագործակցության շրջանակում: [ՊՆ խոսնակ]

13։12- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:  Վարչապետը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով սահմաններին լարվածության պահպանման փաստը: Շառլ Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Քննարկվել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: [ՀՀ կառավարություն]

12։41-  Հայաստանը  դիմում է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հիմքով։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը նշեց, որ նամակն ուղարկել են, սակայն պաշտոնապես կհրապարակեն սեպտեմբերի 19-ին: |armenpress.am|

12։37 - Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։

12։18- «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ 50 000 զինծառայող է տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ։ Al Arabiya-ն էլ հայտնել է, որ Թեհրանը զրահատեխնիկա և սպառազինություններ է ուղարկել իր հյուսիսային սահմաններ։ Իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, պատասխանելով CivilNet-ի լրագրողի հարցին, թե ինչու, ի տարբերություն 2020-ի և 2021-ի, Իրանը զորավարժություններ չի սկսում կամ զորքեր, զինտեխնիկա չի մոտեցնում հայ-ադրբեջանական սահմանին, նշել է․ «Երեկ հայտարարություն էր հնչել Ադրբեջանի և տարածաշրջանի հարցերի շուրջ ուղղակի Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և վերջին լուրերն այն են, որ արդեն տեղաշարժ կա զինամթերքի, սպառազինությունների դեպի սահման»։ Լրագրողի ճշտող հարցին՝ հաստատվա՞ծ, պատգամավորը պատասխանել է՝ այո։

12։00- Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զինծառայող է գերեվարվել: Այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը: Նա նշեց․ «Պատկերը դեռ խաբուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գերիների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»։ |armenpress.am|

11։39- Էրդողանի հետ հանդիպմանը, անդրադառնալով Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Իրանի նախագահ Ռաիսին բացատրել է Իրանի ռազմավարական քաղաքականությունը՝ ողջունելու «Ղարաբաղի ազատագրումը և պատրաստակամությունը մասնակցելու դրա վերականգնմանը»։ Նա միաժամանակ ասել է, որ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է Իրանի համար։

09։43- Չի ավարտվել այս ամենը․ մենք սպասում ենք նոր ագրեսիայի։ Բնականաբար, դիվանագիտական աշխատանքը տարվում է ՄԱԿ, ԵՄ, ԱՄՆ հետ, ՌԴ, Ֆրանսիայի հետ, մյուս կողմից՝ հողի վրա կանգնած՝ զինվորականությունը, զինվորը հայրենիքի պաշտպանության համար է պայքարում։ [Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան]

09։24-  Սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՊՆ]

01։38- Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան, ներկայում գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը ցնցված է ավերածությունների այն պատկերներից, որ այսօր հետկեսօրին տեսել է Ջերմուկում։ Նա մեկն էր այն մոտ 50 դիվանագետներից, որոնք հրավիրված էին այդ քաղաքում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների կազմակերպած բրիֆինգին։ «Ես չափազանց մտահոգ եմ։ Մենք ապրումակցում ենք հայ ժողովրդին»,- ասել է դեսպանը։ [Հայաստանում Գերմանիայի դեսպանություն]

00։44-Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը Infocom–ի հետ զրույցում պատմեց՝ լավ հիշում է՝ գյուղի ուղղությամբ առաջին հարվածը եղել է գիշերը՝ ժամը 00:05–ին, հետո հասկացել են՝ «մի բան էն չի», ու սկսվել է ինտենսիվ հրետակոծությունը՝ ըստ էության, չդադարելով այդ գիշեր ու հաջորդ օրերին․ «Բնակիչներից ով մեքենա ուներ՝ դուրս եկավ, հետ եկավ, մյուսներին տարավ, արդեն չորսի կողմերը բնակիչների մեծ մասը տարհանված էր»,- պատմում է վարչական ղեկավարը։ 

 

16.09.2022

23։07-Սուրեն Պապիկյանը տեսակցել է վիրավորում ստացած զինծառայողներին։

22։34- Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, այսպես ասած, շարունակվում են, քննարկվում են, եւ ես մեծ հույս ունեմ, որ այդ պայմանագիրը մենք մոտ ապագայում կկարողանանք իրագործել»։ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նաեւ նշեց, որ իրադրությունը ԳՇ պետի հայտարարություններից հետո քիչ փոփոխության է ենթարկվել․ «Այս պահի դրությամբ կա ներթափանցած 1-2 խումբ, հիմա որոնման աշխատանքներ են տարվում, դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, ենթադրում եմ՝ շատ արագ։ Մխրճվել են մի քանի տեղ, եւ փառք Աստծո, որեւիցե բնակավայր գրավված չէ, եւ որեւիցե բնակավայրում հակառակորդ չկա»։

21։54-Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ. ՄԻՊ

21։36- ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ ՌԴ խաղաղապահների կողմից երեսուն դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

21։07-ՀՀ ՊՆ հաղորդմամբ՝ սեպտեմբերի 16-ի ժամը 21:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:  

20։36-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը հաջողվել է դադարեցնել այդ թվում եւ առաջին հերթին Ռուսաստանի աջակցությամբ։

20։18- ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ։ Մակրոնը Փաշինյանին հարցեր է հղել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը 

19։47- Սամարղանդում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագար Իլհամ Ալիևի հանդիպումը։ Պուտինը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման առնչությամբ։ Ի պատասխան Ալիևը նշել է․ «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն»։

19։34-Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունու և Վարդենիսի բժշկական կենտրոններ, ինչպես նաև Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ` Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների հետևանքով տուժած վիրավորների առողջական վիճակին և բուժման կազմակերպման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով:

19։30- ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ընթացքում նշել է, որ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան և դրա հետևանքներն անտեսելը կհանգեցնեն եվրոպական անվտանգային ճարտարապետության հետագա քայքայմանը և լրջորեն կխաթարեն կազմակերպության հիմնարար սկզբունքները։Շեշտվել է միջազգային մանդատ ունեցող բանակցային ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսման հրատապությունը:

19։19–
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի հետ հանդիպմանն ասել է․ «Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը եւ հույս ունեն, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր կխաղա իրադրության կայունացման եւ իրավիճակի սրումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»:

18։24-
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ և այսօր այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։ Քննարկվել են հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։

18։02- 
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին, նշել է․  «Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիքս է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում»: |azatutyun.am|

17։48- Շանհայի գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին. «2020-ի վերջին ԼՂ հակամարտության կարգավորումը նոր հնարավորություններ ստեղծեց մեր տարածաշրջանում տրանսպորտային-հաղորդակցական նախագծերի զարգացման համար։ Զանգեզուրի միջանցքի բացումից հետո ավելի կմեծանան տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները և այն շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար»,- ասել է նա։ |civilnet.am|

17։43- Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ: [ՀՀ ՄԻՊ]

17:28- Հարցին, թե մտավախություն կա՞, որ ադրբեջանական կողմը կարող է մոտ օրերս հարձակվել, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը պատասխանեց․ «Ոչ, ոչ մի մտավախություն չկա, մեր ստորաբաժանումները դիրքավորված են, զբաղեցրած են իրենց դիրքերը, հենակետերը, շրջանները և ադրբեջանական ԶՈՒ-ն այդ մխրճման գագաթից ոչ մի քայլ չեն կարող շարժվել։ Մեր ուժերը բավական են, և այս ուղղությամբ մենք, հակառակորդին համապատասխան կորուստներ պատճառելով, հետ կշպրտենք, եթե փորձեն նորից իրենց հարձակողական գործողությունները սկսել»։

17:19- Լիտվայի սեյմասի ՀՀ-ի հետ միջխորհրդարանական կապերի խումբը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումը՝ ընդգծելով․ «Ուկրաինային ամբողջ արեւմտյան քաղաքակրթությունը պաշտպանում է Կրեմլի իմպերիալիզմից, Հայաստանի հետագա ներկայությունը ֆաշիստական Ռուսաստանի հետ ցանկացած ռազմական եւ քաղաքական դաշինքներում թուլացնում է Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը՝ նրան ավելի ու ավելի մեկուսացնելով ժողովրդավարական աշխարհի աջակցությունից: Առաջարկվում է ՀՀ-ին դիտարկել ՌԴ-ի հետ ցանկացած միությունից դուրս գալու հնարավորությունը եւ, միաժամանակ, ակտիվ բանակցություններ սկսել ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ երկրների եւ այդ կազմակերպությունների հետ՝ խնդրելով ապահովել Հայաստանի անվտանգ ապագան»։ |factor.am|

17:12- Նենսի Փելոսին այսօր հաստատել է, որ շաբաթ օրը այցելելու է Հայաստան։ Լրագրողների հետ նա այսօր խոսել է Բեռլինում և նշել, որ մտադիր է Հայաստան մեկնել պատվիրակության հետ, որի կազմում է նաև Կալիֆորնիա նահանգից հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրը։ |azatutyun.am|

16։34- Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը վայրագություններ են կատարել, մասնատել են կին զինծառայողին, կտրել ոտքերը, մատները, մերկացրել նրան. այս ամենը վկայող ապացույցը՝ տեսանյութը ՀՀ ԶՈւ ԳՇ պետը խոստացավ ցույց տալ Ջերմուկ այցելած դիվանագետներին։ Ասրյանը շեշտեց՝ ոչ մի պետության ռազմական ուժ, զորք, ստորաբաժանում, զինծառայող իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նմանատիպ վայրագրությունների դիմել: Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է: |armenpress.am|

16։15- Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետը Ռոման Գոլուբիցկին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին: «ՀՀ ՌԴ սահմանապահ վարչության պատասխանատվության գոտում իրավիճակը շարունակում է կայուն լարված մնալ: Այսօրվա դրությամբ առավել հանգիստ հատվածներն, իհարկե, հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններն են»,- ասել է Գոլուբիցկին՝ հավելելով, որ համագործակցելով ՀՀ զինված ուժերի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ձգտում են ապահովել սահմանային անվտանգությունը բոլոր ուղղություններով: |armenpress.am|

16։13- Միայն մի կետում հակառակորդի մեկ խումբ գտնվում է Ջերմուկի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ Իսկ բլրի գագաթից, [որտեղ գտնվում է այդ խումբը], աջ և ձախ, այսինքն՝ դեպի հարավ և հյուսիս, հակառակորդի մխրճման խորությունները, հաշվի առնելով նաև Ջերմուկ քաղաքից հեռավորությունը, 8,10 կմ դեպի թևեր է։ Չենք թույլատրի, որ ապահովվի նրանց կենսունակությունը, մեքենաների շարժ դեպի մեր տարածք չի լինի, ներկա դրությամբ էլ չկան․ չեն կարողանում բերել իրենց սնունդը և ջուրը ու ապահովեն, և կենսունակությունը կորցնելով՝ խումբը հետ կքաշվի ու կմիանա իրենց հիմնական ստորաբաժանումներին, որոնք գտնվում են Ջերմուկի մատույցներից ավելի մեծ հեռավորությունների վրա՝ յոթ, ութ, տասը, նույնսիկ սահմանի վրա։ Այսօր նաև դիտարկել ենք, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբ հետ է քաշվել դեպի ՀՀ պետական սահման։ [ԶՈՒ ԳՇ պետը՝ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում]

15։41- Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի և Հայաստանի ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»: |armenpress.am|

15։37- ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի կողմից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել։ Այս մասին ճեպազրույցների ընթացքում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․ «Նախիջևանում տեղակայված զորամասը 10 տարի առաջ վեր է ածվել առանձին համազորային բանակի, որը աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, ծրագրերը ներդաշնակեցված են Թուրքիայի ԶՈւ հետ, ինչը մեծ սպառնալիք է ստեղծում ՀՀ-ի համար։ Դեռ չեմ խոսում, որ Նախիջևանից ամենամոտ հատվածը Երասխի ուղղությունն է, էլ չասեմ, թե Երասխից Երևան ինչ հեռավորություն է ու պատերազմական ճակատը մայրաքաղաքից ինչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»։

15։05- Ադրբեջանական կողմը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, Հայաստանի վրա հարձակման հետևանքով ընդհանուր 77 զոհ ունի։

14։58- Հրետակոծության հետևանքով Սյունիքի մարզի 5 խոտածածկ տարածքներում, Ջերմուկի մոտակայքի 7 խոտածածկ տարածքներում և 3 անտառապատ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ։ Այս պահին բոլոր նշված օջախները մարված են՝ բացառությամբ մեկ ծխացող օջախի Ջերմուկի անտառների շրջանում, որը դիտարկվող տարածք է։ Հրդեհ չկա, ուղղակի ծխապատ տարածք է, որը ավելի շատ նախկինում եղած հրդեհի մարման հետևանքն է և վտանգ չի ներկայացնում։ [ԱԻ փոխնախարար]

14։50- Գեղարքունիքի մարզում Վերի Շորժա, Կութ, Սոթք, Այրք բնակավայրում 195 շենք շինություն է վնասվել, որոնց թվում են տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասանգոմեր և օժանդակ շինություններ։ Կա 150 հա ցորենի գարու ցանկատարածությունների, խոտհարքների վնասում։ Սյունիքի մարզում հիմնական վնասները հասել են Ակներ, Վերին Շեն, Քարաշեն, Նորավան  և Աղիտու բնավայրերերին։ Վնասվել են 5 շենք շինություններ, որոնց թվում են  4 տուն և 1 հանդիսությունների սրահ։ [ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյան]

14։10- Ի պատասխան այն հարցի, թե որքան է եղել ՀՀ տարածքում ամենախորը կետը, որ թիրախավորել է Ադրբեջանը, ԶՈՒ ԳՇ պետը նշեց․ «Ադրբեջանն իր գործողությունների արդյունքում նաև թիրախավորել էր Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը (առնվազն 37,5 կմ հեռու սահմանին ամենամոտ կետից- խմբ․)»։

14։09- Ջերմուկից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11, 12 կիլոմետր։ Այն ինչ ես ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման խորության մասով տեղի է ունեցել սկսած սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը մինչև հրադադարի ռեժիմ հաստատելը։ [ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը]

14։07- Տարածքներում, որտեղ հիմա, ըստ էության, առաջխաղացում են ունեցել ադրբեջանական զորքերը, բնակիչներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ չկան․ արոտավայրեր և այլ տարածքներ են, ըստ էության, լրացուցիչ օգտագործման տարածքներ են, որ անասնապահական և այլ նպատակներով են օգտագործվում։ [Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը]

13։58- Միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Ինչու, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը։ [ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը]

13։54- Հանցագործությունները (Ադրբեջանի ԶՈՒ կողմից) իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնեց ԳՇ պետը։ Դիվանագիտական ներկայացուցիչներից մեկը խնդրեց մանրամասներ ներկայացնել այդ հանցագործությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ասրյանն ասաց, որ վերջում տեսանյութերը կփոխանցի նրանց։

13։51- Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունեցել է տարբեր պետություններից, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։ Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին։ [ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը]

13։50- ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է իրականացվում։ Infocom-ի հետ զրույցում Ոստիկանությունից հայտնեցին, որ կա բերման ենթարկված 3 անձ։ «ՌԴ-ն չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ ՀՀ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Հավաքի նպատակն է ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումը ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Հավաքը կուսակցական չէ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է գալու իր պաստառով, իր կոչերով ու իր պահանջով»,- ասված է ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։

13:48- Եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ։ Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։  Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա։ [ԶՈՒ ԳՇ պետը՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը]

13։13- Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, մեկինը՝ միջին ծանրության: Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել:  Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է: [ՀՀ ԱՆ]

12։16- [ՄԱԿ ԱԽ-ում] քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]

12։03- Շատ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցավծներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր։ Բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են ԼՂ հակամարտության մասին, և, ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավել, որ ԼՂ հիմնախդնիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք ու հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։ [ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]

11։56- Արդեն իսկ հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության՝ ագրեսիայի ակտ իրականացնելու, ինչպես նաև միջազգային մարդասիրական կոպտագույն խախտումների վերաբերալ։ Լայնածավալ քննչական գործողություններ են տեղի ունենում․ ՔԿ-ն հայտարարությամբ հանդես կգա։ [ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյան]

11։34-  Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիկաան բնակչությունը։ Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից․ նա որևէ զինված ծառայության մեջ ներգրավված չէ։ Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի տվյալ։ Մենք նույնականացրել ենք այդ անձանց, այցելել ենք նաև, այսինքն՝ կան ապացույցներ։ Եվ այս ամենը ներկայացվել է ԱԳՆ-ին։ Թիրախավորվել են նաև լրագրողներ․ դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ։ [ՀՀ ՄԻՊ]

11։26- Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը ապահովելու համար՝ զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի։ [Սուրեն Պապիկյան]

11։18- Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, որոնք համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել։ [ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]

11։17- Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել, ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույքեր։ Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Ունենք նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր, և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել ու մասնավոր մեքենաներ։ [ԱԻ նախարար]

11։10- ԱԽ մակարդակով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։ [Նիկոլ Փաշինյան]

11։05- Այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է․ այս թիվը դեռ վերջնական չէ։ Ունենք բազմաթիվ վիրավորներ։ [Նիկոլ Փաշինյան]

10։38- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է, ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են ՀԱՊԿ ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: [ՀՀ կառավարություն]

10:36- Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված:

09:34- Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Բլինքենը ԱՄՆ ցավակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար։ Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։ Բլինքենը նաև նշել է, որ դիվանագիտությունը առաջընթացի միակ ուղին է, և ընդգծել, որ անձամբ ներգրավված է լինելու այդ գործընթացում։ [ԱՄՆ պետքարտուղարություն]

09:25- Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՊՆ խոսնակ]

00:20- Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ ԼՂ-ում ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ |tert.am|

00:10- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ակնկալում է նոր շփումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ՝ կապված տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ ողջունելով «երկրների կողմից հրադադարի ռեժիմի շարունակական պահպանումը»: |news.am|

15.09.2022

23:35- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր առավոտյան վերսկսված ինքնաբուխ հանրահավաքը շարունակվել է նաև երեկոյան: Հանրահավաքի ընթացքում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է երևանյան հանդիպումների արդյունքները: «ԱՀ նախագահի մասնակցությամբ Երևանում կայացել է ԱԽ նիստ, որտեղ հստակ դրվել է պահանջ, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինելու: Բարձրաձայնվել են բնակչությանը մտահոգող հարցերը: Մեզ հավաստիացրել են, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում»,- նշել է Թովմասյանը: |artsakhpress.am|

23:25- Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցումը և կշարունակենք աշխատել կողմերի հետ՝ ձգտելով ամրապնդել այն: ԱՄՆ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն: [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն]

23։05- Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը։ Երկուստեք շեշտվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անվերապահ պահպանման և ուժի կիրառման անթույլատրելիության անհրաժեշտությունը։ [ՀՀ ԱԳՆ]

23:00- Կայուն հրադադարի հասնելու և հայկական ու ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադառնալու նպատակով մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ։ Իմ կարծիքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, իսկ սահմանային հարցերը՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակներում՝ ՌԴ խորհրդատվական աջակցությամբ։ [ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյանը՝ՄԱԿ ԱԽ նիստում]

22։55-ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ժամանել է Հայաստան: Խումբը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ խումբը արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ: [ՀՀ ՊՆ]

22։55- Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի Լեո Դոքերթիի հետ։ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտման կարևորությունը: [ՀՀ ԱԳՆ]

22։45-Սեպտեմբերի 15-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: [ՀՀ ՊՆ]

22։05- ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած։ [ՀՀ ԱԻՆ խոսնակ]

22:00- {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Politico-ն, վկայակոչելով տեղյակ երկու անձանց, հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին շաբաթավերջին կմեկնի Հայաստան՝ հաջակցություն Ադրբեջանի հետ մահացու կռվի մեջ գտնվող երկրի։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ նախատեսվում է, որ Փելոսին Երևանում հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև կառավարության այլ պաշտոնյաների հետ։ ԱՄՆ-ի ներկայացուցիչների տան խոսնակի աշխատակազմից տեղեկությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել են։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մինչ այս պահը չի մեկնաբանել այս տեղեկությունը։ |azatutyun.am|

21:35- ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր մեկնել է Ջերմուկ՝ տեղում իրավիճակին և ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու համար։Նախագահը հանդիպումներ է ունեցել Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի, տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ, որոնց գլխավորությամբ կազմավորվել էին քաղաքի պաշտպանության կամավորական ջոկատները։ Նա շրջել է քաղաքում և այցելել դիրքեր, հանդիպել է առանձին դիրքում կանգնած զինվորների հետ, որոնք իրենց հերոսական գործողություններով զգալի վնաս են պատճառել թշնամի ագրեսորին, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող մարտիկների հետ։ [ՀՀ նախագահի աշխատակազմ]

21:35- Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը ՄԱԿ ԱԽ նիստին նշել է .«Ընդգծում ենք, որ պետք է հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը․ այլ երկրի սուվերենության և տարածքային ամբողջականության խախտումը չի կարող երբևէ ընդունելի լինել, պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք եղել են մինչ այս էսկալացիան։ Հարկավոր է վերադառնալ դիվանագիտական ճանապարհով հակամարտության հանգուցալուծման»։

21:30- Միացյալ Թագավորության դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները, և բոլոր ուժերը հետ քաշել մինչև էսկալացիան եղած ելման դիրքեր։ [Միացյալ Թագավորության ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստում]

21:10- News.am-ը և lurer.com-ը սխալ են ներկայացրել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչայի խոսքը՝ գրելով, թե վերջինս հայտնել է, որ «ՄԱԿ-ը Հայաստանի խնդրանքով առաքելություն կուղարկի երկիր՝ գնահատելու սահմանին տիրող իրավիճակը՝ անդամ երկրներին հետագա զեկույցներով»։ Միրոսլավ Յենչան խոսել է ոչ թե ՄԱԿ, այլ ՀԱՊԿ առաքելության մասին։ 

21:10- Սեպտեմբերի 16-ին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները կայցելեն ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տուժած շրջաններ: [ԱԳՆ մամուլի խոսնակ]

21:05- Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի ԱԺ պատգամավորների պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի: [ՀՀ ԱԳՆ]

21:00- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարեց. «Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը ծրագրում է ևս մեկ ռազմական հարձակում՝ ընդլայնելով ագրեսիայի աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ, որպեսզի կյանքի կոչի Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ստեղծելու անօրինական իր նկրտումները»: |civilnet.am|

20:35- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում Հնդկաստանի ներկայացուցիչը հայտարարեց․ «Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել: Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակն էլ ավելի վատթարանա: Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող գործընթացները օգտակար մեխանիզմ են ապահովում բոլոր չլուծված խնդիրները հանգուցալուծելու համար»։ 

20:25- ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը հայտարարեց: Խիստ մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողություններով, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածների հրետակոծությամբ։
Պետք է ապահովել երկու կողմից ուժերի դուրսբերումը։ Պետք է անհապաղ վերադառնալ բանակցությունների, որը կհանգեցնի հակամարտության երկարատև լուծման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ ԱՄՆ-ը վճռականորեն ասում է, որ չկա հակամարտության ռազմական լուծում։ Մենք կոչ ենք անում վերականգնել ուղիղ հաղորդակցությունը դիվանագիտական ու ռազմական ուղիների։ |factor.am|

20։20- Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է, որ ադրբեջանական կողմի նման գործողությունները խաթարում են տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղություն հաստատելու ջանքերը՝ այս համատեքստում ընդգծելով միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական և համարժեք դատապարտումը: Կարևորվել է նաև հրադադարի ռեժիմի պահպանումը և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների շուտափույթ վերացումը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հարթակի արդյունավետության վերաբերյալ։ [ՀՀ ԱԳՆ]

20։10- ԱԺ-ում բողոքի ակցիայի ժամանակ Կարին Տոնոյանը ներկայացրեց գալիք օրերի իրենց օրակարգը․ «Մենք առաջարկում ենք վաղվանից շրջափակել բոլոր այդ հենասյուներ կոչվող իշխանական կառավարման օբյեկտները և թույլ չտալ, որ նրանք շարունակեն իրենց հայրենակործան, ազգադավ գործունեությունը։ Վաղվանից հայտարարել դասադուլ և գործադուլ։ Ես կոչով դիմում եմ բոլոր գործատուներին՝ վաղը գործի մի թողեք ոչ ոքի և ասեք, որ նրանց աշխատավարձը կպահպանվի։ Մեզանից է կախված վաղը և մյուս օրը»։

20։05- ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Միրոսլավ Յենչան ԱԽ նիստին ասաց, որ որ ՄԱԿ֊ը լիովին աջակցում է միջնորդական ջանքերին, որոնք գործադրվում են, մասնավորապես, Ռուսաստանի ու ԵՄ կողմից․«Այս շաբաթվա իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, և կարևոր է, որ բոլոր դերակատարները` տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, կառուցողական քայլեր ձեռնարկեն և ճնշում գործադրեն կողմերի վրա, որպեսզի վերջիններս աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ»։ |azatutyun.am|

19։50- ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջնորդությանը ու դրան աջակցելուն և միտված են երկարաժամկետ խաղաղության հաստատմանը երկու երկրների միջև ու ամբողջ Հարավային Կովկասում։ Շարունակական այս բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարվա ընթացքում գրանցված որևէ առաջընթացին, այլև արդեն ավելի քան 100 հոգու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքեր արժեցան ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի կողմից։ [ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Պեր Ժոան Պոնս] |armenpress.am|

19։35- Չինաստանի ներկայացուցիչը ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց․ «ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժան է ԼՂ հակամարտության կարգավորումից։ Մենք աջակցում ենք հակամարտության՝ երկխոսության միջոցով կարգավորմանը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում»։ |factor.am|

19։20- Արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ խախտում են վերջին իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունների ժամանակագրությունը, մասնավորապես` որպես հրատապ լուր ներկայացնելով նախորդ օրվա իրադարձությունները: Այդպիսով շփոթմունք է առաջանում մեր քաղաքացիների շրջանում: Գործընկերներիս խնդրում եմ ուշադիր լինել այս հանգամանքին և հետևել հաղորդագրությունների ժամանակագրությանը: [ՊՆ խոսնակ]

19։15- Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կատարվող իրադարձություններով, որոնք տասնյակ կորուստների են հանգեցրել։ Հայաստանի որոշ տարածքների ուղղությամբ կրակում են, հաղորդվում է քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելու մասին։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Կողմերը պետք է բանակցեն առկա խնդիրները լուծելու համար։ [Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ նիստին]

18։55- Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին: [ՀՀ-ում Իրանի դեսպանություն] |1lurer.am|

18։40- ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։ Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք։ [ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյա

18։35- Մեկնարկել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը, որտեղ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան։ [ԱԳՆ մամուլի խոսնակ]

18։30- Ազգային ժողովի շենքի դիմաց քաղաքացիները վերսկսել են բողոքի ակցիան։

18։10- Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։

18:01- Սամարղանդում մամուլի համար փակ ռեժիմով կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ |aa.com.tr|

17։47- ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները սեպտեմբերի 15-ին Արմեն Փամբուխչյանի հրամանով գործուղվել են Վայոց Ձորի մարզ: Նպատակն է ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ համատեղ իրականացնել բժշկական աջակցության և այլ գործառույթներ։ [ՀՀ ԱԻՆ]

17։41- Կոչ ենք անում զանգվածային ակցիաների ընթացքում չենթարկվելու հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: [ՀՀ ոստիկանություն]

17։37- Ողջունելուց բացի՝ մենք ԵՄ-ից և միջազգային հանրությունից ակնկալում ենք, որ ձեռնարկվեն համապատասխան քաղաքական միջոցներ ինչի արդյունքում Ադրբեջանի զորքերը կազատեն Հայաստանի տարածքի օկուպացված հատվածը և կվերադառնան մինչև 2021թ․ մայիսի 12-ի դրության հայ-ադրբեջանական սահմանի ելման դիրքեր: [ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան]

16։42- ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 14-ին՝ ժամը 20:00-ից սկսած։ Հիշեցնենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

16։00- Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: «Ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, ընդգծել որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է: Իրավիճակի հանգուցալուծման առումով շեշտել եմ տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:

15։30- Վրաստանը ցավում է մեր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիայի համար։ Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որից կշահի մեր բնակչության ապագան: [Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի]

15։18- ՀՀ ԱԽ նիստին քննարկվել են Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ իրագործվելիք քայլերը: Մտքեր են փոխանակվել ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ վիճակի մասին: Ընդգծվել է արտաքին սպառնալիքներին դիմակայման համատեքստում համաժողովրդական համերաշխության և համախմբվածության հրամայականը: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

15։14- Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել՝ չնայած լարվածության ներկայիս սրմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է՝ Ռուսաստանը ձգտում է մերձեցնել կողմերի դիրքորոշումները: |armeniasputnik.am|

14։53- Ֆրանսիան չպետք է բավարարվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանման պահանջով: Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ պահանջի ագրեսոր Ադրբեջանի դեմ, որին աջակցում է Թուրքիան։ Այն, ինչ վավեր է Ռուսաստանի համար, պետք է վավեր լինի այս բռնապետության համար։ [Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայե]

14։49- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստին։ Նա հայտնել է, որ տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում է մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։

14:43- Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ սկսած պատերազմի հետևանքով ադրբեջանական կողմում հայտնված հայ գերիների ընտանիքների հետ: ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ իրենք չեն կարող գերիների թվի մասին վիճակագրություն հրապարակել, հատկապես հիմա, երբ դեռ հավաքագրում են տվյալները: Անդրադառնալով զինծառայողների դիերը Հայաստանին վերադարձնելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությանը՝ նա ասաց, որ իրենք այդ հարցերով երկխոսության մեջ են ՀՀ իշխանությունների հետ։ |armenpress.am|

14։02- Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով, նախնական տվյալներով, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։ Նրա խոսքով այլ կարգի ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհների փլուզում, ջրամատակարարման խափանումներ, չկան: |armenpress.am|

13։47- «Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն և զորահավաք հայտարարելու դեպքում, ինչպես նաև վարժական հավաքներ անցկացնելու մասին՝ կառավարության առանձին որոշումներով։ Այս պահին նման որոշում չկա»,- ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ ի պատասխան հարցի, թե կա՞ որոշում հանրահավաք իրականացնող տղամարդկանց առաջնագիծ ուղարկելու։ Ինչ վերաբերում է Ալեքսանյանի հայտարարությանը, թե «զինկոմիսարիատը կգնա միտինգավոր տղամարդկանց ետևից», խոսնակը նշեց․ «ԶՈՒ-ն զբաղված է մարտական խնդիրների և ՀՀ պետական սահմանների ու ինքնիշխան տարածքի պաշտպանությամբ։ ՊՆ-ն քաղաքական հայտարարություններին մեկնաբանություններ տալ չի պատրաստվում»։ |civilnet.am|

13:43- Մեր երկիրը հերթական անգամ բախվել է դաժան և բացահայտ ագրեսիայի: Ադրբեջանի ռազմաքաղաքական նպատակները պարզ ու հասկանալի են, բայց դրանց հասնելու համար նա պետք է կարողանա մեզ ստիպել հանձնվել և դադարել հավատալ ինքներս մեզ: Մենք չենք կարող թույլ տալ, որ հակառակորդը հասնի իր նպատակին: Այս պահին բոլորս պետք է դրսևորենք մեր գլխավոր որակները՝ տոկունություն և հավատ սեփական ուժերի հանդեպ: Այսպիսի պահերին չկա ոչ մի «ես», կա միայն «մենք» որպես մի ամբողջություն՝ համախմբված մեկ միասնական նպատակի շուրջ՝ պաշտպանել մեր պետականությունը: [ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյան]

13:28- Ադրբեջանական կողմը, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ընդհանուր 71 զոհ ունի։

12։57- ԵԽ երեկվա նիստում գերմանացի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի անդամ Մարտին Զոննեբորնը, իր խոսքը մասնավորապես ուղղելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, ասել է․ «Մեզ պոկելով գազի մի մատակարարից՝ Պուտինից, դուք մեզ համար գտել եք մեկին, որը դաժան պատերազմ է վարում՝ Ալիևին։ Եվ մինչ գերմանական բազմաթիվ լրատվամիջոցներ լուռ են, նախկինում բռնապետ, իսկ հիմա ձեր բնութագրմամբ՝ վստահելի գործընկեր Ալիևը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա։ Մեր նոր լավագույն ընկեր Ադրբեջանը Ռուսաստանից էլ հեռու է ժողովրդավարության, մամուլի ազատության և քաղաքացիական ազատությունների առումով»։ |hetq.am|

12։52- Վաղը Պուտինն ու Ալիևը հանդիպում կունենան Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի թեման «նույնպես կլինի օրակարգի առաջին տեղում»։ |tass.ru|

12։09- Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետի հետ ասուլիսի ժամանակ, «պատասխանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման մասին հարցին, հակամարտությունն անվանել է «անիմաստ» և կոչ արել Հայաստանին ու Ադրբեջանին հրաժարվելու հետագա ռազմական գործողություններից և հակամարտությունը լուծելու բանակցությունների միջոցով»։ Նշենք, սակայն, որ ռազմական գործողությունները տեղի են ունենում ոչ թե Արցախի Հանրապետությունում, այլ ՀՀ տարածում։

12:01- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գերմանիայի կանցլերի հետ ասուլիսի ժամանակ, պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանի իրադրության վերաբերյալ հարցին, ասել է․ «Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են, և այն, ինչ տեղի է ունենում այս երկրներում, մեզ համար անընդունելի է, ու մենք մեծ մտահոգությամբ ենք հետևում այդ իրադարձություններին»։ |tert.am|

11:55- Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը ու, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, քննարկել են «ադրբեջանա-հայկական պետական սահմանին ներկա օպերատիվ իրավիճակը»։ Աքարն ընդգծել է, որ «Թուրքիայի զինված ուժերը մշտապես բարոյական աջակցություն են ցուցաբերում ադրբեջանական բանակին»։

11:42- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս Երևանում է։ [ԱՀ նախագահի խոսնակ]

11:14- Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: [ՀՀ ՊՆ խոսնակ]

11:12- Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստանի Հանրապետություն։ Այս պահին պատվիրակության անդամները Երևանում են՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված քաղաքական հանդիպումներ ունենալու նպատակով։

10:01- Մենք մասնավորապես խիստ մտահոգված ենք Հայաստանի ներսում քաղաքացիական անձանց վիրավորումների մասին տեղեկությունների առնչությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ վերահաստատելով նախորդ անդրադարձներում արված հայտարարությունները։ |armenpress.am|

09:58- ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Հանրայինին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանելով երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիան, գիշերը նշել է․ «Գործակալական որջերից, պադվալներից, գետնի տակերից դուրս են վազում ինչ-որ առողջ ուժեր, երիտասարդներ, որոնց, ի դեպ, օգտվելով եթերից, շնորհավորում եմ․ նրանք շահել են զինկոմի ուղեգիր: Նրանք էս պահի դրությամբ (սեպտեմբերի լույս 15-ի գիշերվա,- խմբ․), եթե չեմ սխալվում, ունեն մոտ 8 ժամ իրենց իրերը, բանը հավաքեն, որովհետև առավոտյան 9-ից, մենք չենք կարող մեզ թույլ տալ էդ ճոխությունը, որ նման մեծ ոգի ունեցող ռեսուրսը չգնա առաջնագիծ։ Պարոն Անդրանիկ Քոչարյանի հետ էի խոսում, ինքն էլ արդեն խոսել էր զինկոմի հետ․ էս ոգով, ուժեղ երիտասարդները (ակցիայի մասնակիցները,- խմբ․) վաղը առավոտվանից (սեպտեմբերի 15-ի,- խմբ․) կստանան արդեն իրենց ուղեգրերը ու կմեկնեն առաջնագիծ»։

09։48- Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։

09։35- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր կրկին կքննարկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Քննարկումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի կապակցությամբ։ |news.am|

08։38- 08։30-ի դրությամբ Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ [ՊՆ մամուլի քարտուղար]

03։19- ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, պատասխանելով հարցին, թե կա արդյոք մտավախություն, որ «ռուսական վերադիրքավորումը կներառի վերադիրքավորում Հայաստանում», ասել է. «Մենք դա չենք տեսել: Այն, ինչ մենք ուզում ենք տեսնել, թշնամական գործողությունների ավարտն է: Ըստ երևույթին, ռուսները նախորդ գիշերվա ընթացքում միջնորդել էին սկսել հրադադար, ինչը գրեթե անմիջապես խախտվել էր: Մեր կողմից ակնհայտ է, որ ուզում ենք տեսնել ուժի մեջ մտնող հրադադար»:

02։23- Սյունիքի մարզի Նորավան համայնքում երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Զոհված բնակիչը Գևորգ Հայրապետյանն է` ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետևից, երբ դեպքը պատահել է։ [Նորավան համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյան] |news.am|

01։08- Ի պատասխան համացանցում շրջանառվող կեղծ տեղեկությունների՝ հայտնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզում ոչ մի բնակավայր չի անցել ադրբեջանական վերահսկողության տակ։ ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, և հակառակորդը ստանում է արժանի պատասխան։ Ուստի կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։ [Վայոց ձորի մարզպետարան]

00։57- Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։ [Գեղարքունիքի մարզպետարան]

00։22- Ջերմուկի վերաբերյալ համացանցում շրջանառվող լուրերի մեծ մասը իրականությանը չի համապատասխանում: Ջերմուկում իրավիճակը վերահսկվում է: Եվս մեկ անգամ կոչ ենք անում խուճապ չտարածել և հետևել միայն պաշտոնական աղբյուրներին: [Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյան]

00։21- Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ Ազգային ժողով գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար։

00։08- Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։ Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։ Հավելեմ՝ առ այսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ։ [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

14․09․2022

23:43- Տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզից որևէ բնակավայր Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցել, ու այդ առնչությամբ համացանցում շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ կոչ ենք անում զերծ մնալու կեղծ ու չհիմնավորված լուրերի տարածումից։ [Սյունիքի մարզպետարան]

23:28- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի շուտափույթ հրադադարին և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Հիմա քննարկվում են «տարրերը մամուլի համար», փորձագետներն աշխատում են դրա վրա։ [ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյա] |armenpress.am|

22։55- ՊՆ-ի հաղորդագրությունը տեղերում հաստատում են. պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը գրել է, որ 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ |civilnet.am|

22։ 45- ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը տարբեր լրատվամիջոցների կողմից ձևախեղվել և նենգափոխվել է։ Կոչ ենք անում տուրք չտալ մանիպուլատիվ հայտարարություններին, և հիմնավորապես վերահաստատում ենք, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի նախապատրաստվում ստորագրվել։ Վարչապետի խոսույթը վերաբերել է բացառապես ՀՀ արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը և կայուն խաղաղությունն ապահովող փաստաթղթի ստորագրման պատրաստակամությանը, որին պետք է ձգտել: [ԱԱԾ]

22:14- Ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վայրերին շարունակվող հարվածների՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիչը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ադրբեջանի Զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով»։

22։10- Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ չունենք։ Մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան]

22։00- Իմ այսօրվա ասածը նշանակում է հետևյալը, որ մենք խաղաղության օրակարգ ենք որդեգրել, և դրա իրականացումը միայն մի կողմից չէ կախված. դա կախված է մի քանի կողմերից, որոնք դեր ունեն այս պրոցեսում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները։ ԺԽաղաղության պայմանագրի համար Ադրբեջանը ասել է կետեր, մենք ասել ենք, որ այդ կետերում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք ամբողջական չեն և լրացրել ենք Ադրբեջանի կողմից ներկայացված օրակարգը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները և սրանից բխող կարգավիճակը։ [Նիկոլ Փաշինյան]

21։50- Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։ [ՊՆ]

21։45- ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է իրենց բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։ Բանաձևով առաջարկվում է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին, աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Շիֆը նաև գրել է, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի անմեղ հայ խաղաղ բնակիչներիnն ահաբեկելը և նրանց վրա հարձակումները։

21։45- Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել: Որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և չի պատրաստվում ստորագրման: Սա տեղեկատվական դիվերսիա է՝ ուղղորդված արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից՝ երկրի դիմադրողականությունը կոտրելու համար: [Նիկոլ Փաշինյան]

21։30- Սեպտեմբերի 14-ին` ժամը 13։00-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում՝ սահմանային դիտարկվող հատվածում։ Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի։ [ԱԻՆ]

21։15- Այսօր ևս միջազգային շփումներիս ընթացքում կոչ եմ արել գործընկերներիս աշխարհաքաղաքական իրադարձությունների թոհուբոհի մեջ տեսնել, պաշտպանել ու առաջ մղել հարձակման ներքո գտնվող մարդկանց ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։ [ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել Ջերմուկից]

21։10- Իրանական Fars գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցի մասին իրանական կողմի հաղորդագրությունը, որում ի թիվս այլնի նշվում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը կարևորել է նաև Իրան-Հայաստան սահմանի փոփոխության անթույլատրելությունը։ Նա մասնավորապես ասել է․ «Իրանի և Հայաստանի սահմանը պատմական հաղորդակցության ուղի է և պետք է մնա անփոփոխ»։

21։00- ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց։

20։45- Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով բանագնաց Միխայիլ Շվիդկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին միակողմանի մարդասիրական հրադադար հաստատելու առաջարկ է ներկայացրել։ Հայաստանի ԱԳՆ խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ այս պահի դրությամբ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։ |azatutyun.am|

20։35- Ռուսաստանի դեսպանությունը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին խուսափելու Հայաստանի սահմանամերձ շրջաններ այցելելուց։ Դեսպանությունը խորհուրդ չի տալիս այցելել Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններ։

20։30- Հակառակորդի ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում 10-ից 12, Նորաբակում 5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը: Հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են, տեղափոխվել ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով: [Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան] |armenpress.am|

20:29- Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն: [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան]

20։25- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է կարիերային դիվանագետ Լին Թրեյսիին առաջադրել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ |factor.am|

20։20- Նոր դուրս եկա Ջերմուկից։ Ադրբեջանը լայնածավալ զինված հարձակում է գործում բոլոր ուղղություններով՝ հրթիռակոծելով քաղաքի բնակելի հատվածները։ Չխորանամ այն հարցերում, թե միջազգային իրավունքի քանի նորմ է խախտվում։ Դա այս նոր աշխարհում այդքան էլ հետաքրքիր չի։ Բանակի հերոս տղերքը զսպում են թշնամուն։Ստեղծված իրավիճակում հանրությանը թմբիրի մեջ պահելը, անհարկի հանգստացնելը, ժամերով քաղաքական հարց ու պատասխան անելը, խնդրին չառնչվող նախագծեր քննարկելը, օր առաջ հանրության միասնականության ու մոբիլիզացիայի հարցերով չզբաղվելը սահմանակցում է տգիտության/հանցավորության հետ։ [Իրավագետ Տարոն Սիմոնյան]

19։35- Ակնկալում ենք, որ Ադրբեջանը անհապաղ կերպով պիտի իրականացնի հետևյալ գործողությունները՝ կրակի ամբողջական դադարեցում, Ադրբեջանի զինված ուժերի վերադարձ իրենց նախնական դիրքեր, հայ ռազմագերիների ազատ արձակում։ Արդեն այսօր տեղի ունեցող ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվելու է ստեղծված իրավիճակը։ [ՀՀ ԱԳ նախարար Արարարտ Միրզոյանի ելութը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ հանդիպմանը]

19։28- Հայաստանը հստակ վտանգ է տեսնում, որ Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող մահացու բախումները կարող են վերաճել լայնածավալ պատերազմի, ուստի կոչ է անում մեծ տերություններին ավելի շատ ուշադրություն դարձնելու ստեղծված ծանր իրավիճակին: [ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությանը] |armenpress.am|

19։20- ՀԱՊԿ առաքելության անդամների առաջին խումբը Հայաստան կժամանի վաղը։ Խումբը ղեկավարելու է ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստան կուղևորվի հաջորդ շաբաթ։ [ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինով] |azatutyun.am|

19։15- Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին։ [ՀՀ կառավարություն] |news.am|

18։55- Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբնեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Ժամը 15:00-ից 17:00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որի ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ [ՊՆ հաղորդագրություն]

18։30- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած բախումների թեման։
 Ամերիկացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս առկա տարաձայնությունների «քաղաքական և դիվանագիտական լուծման օգտին և պատրաստ է ամեն կերպ աջակցել կարգավորման գործընթացին»։ |azatutyun.am|

18։25- Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ։ [Նիկոլ Փաշինյանը` այն մասին, թե որ դեպքում կստորագրի խաղաղության պայմանագիր]

18։13- Այս պահի դրությամբ ևս 10 քառակուսի կմ օկուպացրել են մեր երկրից․ նախորդ տարվա մայիսի 12-ին օկուպացրել էին 40 քառակուսի կմ տարածք։ Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք․ դա փաստ է։ Մեր ԶՈՒ-ն աշխատում են դա վերացնելու ուղղությամբ։ [Նիկոլ Փաշինյան]

18։06- Ադրբեջանն ասում է՝ եկեք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչենք, ասում ենք՝ համաձայն ենք։ Այն տարածքները, որտեղ իրենք ներխուժել են՝ Շորժա, Վերին Շորժա, դա ո՞ւմ տարածքային ամբողջականության մեջ է։ Եթե Ադրբեջան ասում է, որ իր տարածքն է, ապա մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, որովհետև դա մեր տարածքն է, դա վիճելի տարածք չէ։ [Նիկոլ Փաշինյան]

18։03- Առաջարկությունների նոր փաթեթը ես առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին այն ընդունեն, մենք պատրաստ ենք դրա իրագործմանը։ Այդ առաջարկությունը այն մասին է, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ։ [Նիկոլ Փաշինյան]

17։33- Երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ առաջարկություն է հնչել՝ դիտարկելու դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կարծում եմ՝ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական խնդիրներից մեկը։ [Նիկոլ Փաշինյան]

17։25- Գուցե կոպիտ հնչի․ մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ Մեր քաղաքական խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա։ Ինչ վերաբերում է մեր բանակին և կամավորական ջոկատներին, ակնհայտ է, որ նրանք առյուծի նման կռիվ են տալիս, և ուզում եմ ՀՀ ու ժողովրդի անունից երախտագիտության, շնորհայկալության և գնահատանքի խոսք ասել մարդկանց, որոնք, զենքը ձեռքին, պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, և փառք ընկած հերոսներին։ [Նիկոլ Փաշինյան]

17։22- ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար։ Մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հարցը։ Եվ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, եթե անհրաժեշտություն լինի, զենքը ձեռքին՝ պետք է պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը։ ՀՀ տարածքները անսահմանափակ չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք․ այն Խորհրդային Հայաստանի տարածքն է։ [Նիկոլ Փաշինյան]

17։20- Ես կարծում եմ, և գուցե շատերին տարօրինակ թվա, որ Ադրբեջանը այսպես արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից։ Շատ տարօրինակ բան եմ հիմա ասում, հասկանում եմ՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, պետք է արձանագրեմ, որ ինչքան էլ մենք երջանիկ չենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է դրա դրույթները ի չիք դարձնելու համար։ [Նիկոլ Փաշինյան]

17։15- Նախորդ օրը կեսգիշերից ռազմական դրություն մտցնելու նախագիծը դրված է իմ սեղանին։ Մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Գտնում ենք, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, ոչ թե որովետև ագրեսիա չկա, որովհետև դա շատ լուրջ որոշում է, որ ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին չի կայացվի։ Կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից։ [Նիկոլ Փաշինյան]

17։07- Չնայած խոսույթը կա, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի ունեցած չէ, բայց մեր երեկվա նիստի ընթացքում [ՀԱՊԿ-խմբ․] մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք։ Եթե այդ ֆորմատում նման նախադասություններ հնչել են, չպետք է մնան անհետևանք։ [Նիկոլ Փաշինյան]

17։00- ՀԱՊԿ-ից խնդրել ենք, դիմել ենք օգնության՝ այդ թվում ռազմական, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ՀՀ տարածքից Ադրբեջանի ԶՈՒ դուրսբերումը ապահովելու համար։ Այս վերնագրի ներքո նկատի ունենք նաև նախորդ տարվա ներխուժումը։ [Նիկոլ Փաշինյան]

16։58- Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է։ [Նիկոլ Փաշինյան]

16։55- Պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկու փուլանի ագրեսիա է իրականացրել։ Մենք ուսումնասիրել ենք, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանների և քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։ Եվ մենք առաջարկել ենք, որ այս հենքի վրա իրականացվի դեմարկացիա և դլիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները ԱՊՀ ձևավորման հռչակագրով և հետագայում համապատասխան վավերագրով ճանաչվել են։ [Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հարցին]

16։51- Միջազգային հանրությունից ակնկալում ենք ոչ միայն Ադրբեջանի ագրեսիայի դադարեցում, այլ նաև այն, որ ադրբեջանական ԶՈւ-ն հետ քաշվի մինչև 2021թ. մայիսի` Ադրբեջանի ագրեսիայից առաջվա ելման դիրքեր, ինչպես նաև ոչնչով չպրովոկացված` Ադրբեջանի ագրեսիայի իրավական պատասխանատվության հարցի բարձրացում։ [ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ Ֆեյսբուքի իր էջում]

16։49- ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է ապահովել բանակի կարիքները, և այս փուլում, երբ հայտարարված չէ մոբիլիզացիա, մենք խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին։ Խնդրում եմ ինքնագործունեությամբ չզբաղվել։ Այդ աջակության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը։ [Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան]

16։41- Կարծում ենք՝ ՀԱՊԿ առաքելությունը կժամանի արդեն վաղը։ Մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է։ [ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ հարցուպատասխանին]

16:26- Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կապակցությամբ։ |factor.am|

16։19- Ադրբեջանական ուժերի հրետակոծությունից այսօր գլխի շրջանում վիրավորում է ստացել Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչը։ «Գորհայքի սարերից անասուններին իջեցրել է, հետո, երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները սկսել են կրակել են, ինչի հետևանքով վնասվել է մեր համագյուղացու գլուխը։ Նրան տեղափոխել են «Սիսիան» ԲԿ, որտեղ վիրահատել են, ուշքի է եկել, ինչից հետո տեղափոխել են Երևան»,- ասել է Տեղի գյուղապետ Դավիթ Ղուլունցը։ |factor.am|

16։14- Խորապես անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդագրություններով: Մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Մենք աջակցում ենք Շառլ Միշելի ներկայացրած ապաէսկալացիայի առաջարկին։ [Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ]

16:04- Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմաններում հողի մակերեսի ակտիվ հրդեհների արբանյակային տվյալներից կարելի է փաստել, որ հայկական կողմի վրա տեղի է ունենում լայնամասշտաբ հարձակում Ադրբեջանի կողմից։ Սա վերջին մեկ օրվա պատկերն է, որը ներկայացված է Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգում (ներկայացված են սեպտեմբերի 13-ի և 14-ի տվյալները)։ Հիմնվելով այն փաստի վրա, որ ՀՀ ԱԻՆ-ը վերջին 2 օրերի ընթացքում այդ հատվածներում բռնկված հրդեհների մասին ոչ մի հաղորդագրություն չի տարածել, կարող ենք ենթադրել, որ այս բոլոր բարձր ջերմային ֆոնով տարածքները ինտենսիվ մարտական գործողությունների կամ դրանց արդյունքում բռնկված հրդեհների հետևանք են։ Ինչպես երևում է քարտեզից, բարձր ջերմային ֆոն է գրանցվել ոչ միայն սահմանային հատվածում, այլ նաև ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող տարածքներում։ Այսպիսով, Հայաստանի բնակավայրերում արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

15։59- Ադրբեջանական ստորաբաժանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

15։48- Ադրբեջանական կողմից հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող ՌԴ ԱԴԾ տրանսպորտային միջոցներին։ Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

15։47- Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած՝ Սոթքից Գորիս ընկած սահմանագծով թշնամին սկսել է հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

15։43- Եվրոպական դատարան ենք ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող հայ ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանության համար, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։ Զուգահեռաբար, համապատասխան կառույցների հետ, շարունակում ենք գերեվարված անձանց նույնականացման գործընթացը։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]

15։35- Սեպտեմբերի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի հետ: ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները նաև քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ [ՀՀ ԱԽ]

15։30- Ուզբեկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ կողմերին կոչ անելով բանակցությունների միջոցով լուծելու ստեղծված իրավիճակը:

14։42- ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ Հայաստան չի ժամանել։ «Ոչ, դեռ չի ժամանել, որքան ես գիտեմ։ Ի վերջո, որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, և պետք է հասնել այնտեղ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ |factor.am|

14-29- Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությունը մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

13։48- Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»։ Նա նշել է, թե «Բաքուն չէր կարող չպատասխանել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի գործողություններին»։

13։42- Դիտարկմանը, որ երբ ՀԱՊԿ-ը զորքեր ուղարկեց Ղազախստան, հնչում էին հայտարարություններ, թե առաջին անգամ գործարկվեցին ՀԱՊԿ մեխանիզմները, իսկ այս դեպքում ինչու Հայաստանը չկարողացավ նույնը անել, Եղոյանը պատասխանեց. «Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան: Ղազախստանում այլ շահեր էին, այլ դեպք էր, Հայաստանում այլ շահեր են»: |news.am|

13։39- Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը հայտնում է․

  •  Քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է:
  • Քաղաքային իշխանությունները տարհանում չեն կազմակերպել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան։
  • Այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են: Ակտիվ գործում է բուժհաստատությունը։
  •  Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են։ |armenpress.am|

13:23- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին․ «Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»։

13։20- Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է Հայաստանի սահմաններին Ադրբեջանի իրականացրած հարձակմանը։ Մովսիսյանը հայերին կոչ է արել միանալու․ «Ադրբեջանը կրկին հարձակվել է մեր սահմանների վրա: Հայաստանը կրկին ստիպված է պաշտպանվել Ադրբեջանի կողմից հրահրած պատերազմում։ Հայեր, միացե՛ք»։ |armtimes.com|

13։16- Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։ Վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների՝ հոսպիտալներին օգնություն փոխանցելու գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում բուժհաստատության անձնակազմի համար, ինչն այս պահին անցանկալի է։ [ՀՀ ՊՆ]

13։07- Հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով: Այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա: [ՀՀ ԱՆ]

13:04- Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային. «Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար»:

12:59- Տարածաշրջանի յուրաքանչյուր աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլահիանն Իրանում ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանի հետ հանդիպմանը։ Նա ընդգծել է վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: |armenpress.am|

12։45- Ժամը 12։00-ի դրությամբ հակառակորդի ագրեսիայի մնացած ուղղություններում փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։ [ՊՆ խոսնակ]

12։43- Այս գիշեր ադրբեջանական ԶՈՒ-ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ [ՊՆ խոսնակ]

12։40- Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ պնդելով, թե իբր սեպտեմբերի 13-ի, լույս 14-ի գիշերը հայկական ստորաբաժանումները հրետակոծել են ադրբեջանական դիրքերը։ Սա հերթական ապատեղեկատվությունն է, որը, ինչպես արդեն համոզվել ենք, ծառայում է որպես տեղեկատվական հենք ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական ագրեսիա իրականացնելու համար։ [ՊՆ խոսնակ]

12։17- ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը անդրադարձել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին․ «ՀԱՊԿ երեկվա գագաթնաժողովի արդյունքը մակերեսային է, ու դա զարմանալի չէ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան ուղարկելը գագաթնաժողովում գերիշխող կեղծ հավասարակշռության ֆոնին դատարկ որոշում է՝ խուսափելու Հայաստանի դեմ հարձակման կոլեկտիվ պատասխանատվությունից»։ Նա նաև անդրադարձել է Ղազախստանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ նշելով, որ դա լավագույնս ցույց է տալիս «ՀԱՊԿ-ի անիմաստությունը»։

11։59- Ժամը 10։30-ի դրությամբ ադրբեջանական ստորաբաժանումները Ջերմուկի ուղղությամբ կիրառել են ականանետեր, հրետակոծել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին news.am-ին ասել է ՊՆ խոսնակը։ «Սիվիլնեթ»-ի թղթակիցն էլ հայտնում է, որ Ջերմուկում հակառակորդը քաղաքացիական մեքենա է թիրախավորել։ Լուսանկարում այդ ավտոմեքենան է Ջերմուկ տանող խաչմերուկում։

11։53- ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին կանոնավոր այցեր կկատարի Երևան և Բաքու՝ շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի վրա։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

11։51- Չնայած ՊՆ կոչերին և զգուշացումներին՝ արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց՝ դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։ Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում հայտնված քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը։ [ՀՀ ՊՆ]

11։47- Սոթք գյուղում հրետակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Սոթք գյուղի տներից մեկի հարակից կիսաքանդ անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել և մարվել է։ [ՀՀ ԱԻՆ]

11:38- Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: «Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերով: Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական համայնքներին և ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներն ուղղված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանին, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմաններին և միանգամայն անհիմն էին»: |armenpress.am|

11։36- Նախագահ Ալիևը նույն մահացու հարձակումներն է իրականացնում ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի ԼՂ պատերազմից ի վեր՝ իր շարունակական թշնամանքի և հարձակումների համար և ստիպելով Հայաստանին տեղի տալ իր տարածքային անհիմն պահանջներին։ Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած նստեն և կեղծ, երկիմաստ հայտարարություններ անեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք հորդորում ենք Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան և վերջապես պատասխանատվության ենթարկելու Ալիևին իր ապակայունացնող գործողությունների համար։ [Ֆրենկ Փալոնի և ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հայտարարությունը]

11:35- Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, որոնք բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել։ Թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն։ ԱԳ նախարարը երկու կողմերին կոչ է անում զերծ մնալու հետագա էսկալացիայից։ [Լյուքսեմբուրգի ԱԳՆ]

11։22- Հայ զինծառայողների գերեվարման մասին համացանցում տարածվող տեսանյութերը Կառավարության Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում ուսումնասիրվում են։ Մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը նշեց, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են, առայժմ հստակ թվեր չեն հաղորդվում։ |news.am|

11:19- Ադրբեջանն ու Հայաստանը հաշտեցման ճանապարհի միայն սկզբում են: РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը՝ հավելելով, որ «կայուն արդյունքների հասնելու համար երկուստեք ժամանակ և զգալի ջանքեր կպահանջվեն»։

10:58- Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին նշել է, որ Ղրղզստանն անհանգստացած է երկու բարեկամ երկրների (Հայաստան, Ադրբեջան- խմբ․) սահմանին առկա լարվածությամբ: Նա ընդգծել է իրավիճակը բացառապես դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ կողմերը հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից և միմյանց միջև առկա տարաձայնությունները կլուծեն խաղաղ միջոցներով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման հիմքի վրա։ |armenpress.am|

10:51- Էդմոն Մարուքյանը երեկ անդրադարձել է ՄԱԿ ԱԽ և ՀԱՊԿ դիմելուն․ «ՀԱՊԿ դոմինանտ երկիրն [ՌԴ-ը] էսօր գտնվում է մեծ պատերազմի մեջ և ունի ծանր կորուստներ և անհաջողություններ։ Հիմա էդքանը հասկանալով՝ ակնկալիքներն էլ պետք է ըստ դրա լինեն։ Բայց ՀԱՊԿ-ին դիմելը, Ռուսաստանին դիմելը, ՄԱԿ-ին դիմելը քաղաքական քայլեր են․ ես չեմ ակնկալում, որ հիմա ուրիշ զորքեր են գալու, մեզ պաշտպանեն, բայց քաղաքական ճնշումը կլինի Ադրբեջանի նկատմամբ, էդ հույսը մենք ունենք, էդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանք է տարվում։ Ոչ ոք իլյուզիաներ չունի, որ կապույտ սաղավարտները գալու են, մտնեն Հայաստան։ Առաջին կարևոր հանգամանքը ՄԱԿ ԱԽ դիմելու այն է, որ Ադրբեջանի ագրեսիան և Հայաստանի տարածքի օկուպացիան արձանագրվեն ՄԱԿ համապատասխան ընթացակարգերով»։

10։48- Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան` ճանաչելով դատարանի իրավազորությունը: Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: [Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան]

10:44- Infocom-ի լրագրողը Գորիսի Վերիշեն գյուղից հայտնում է, որ հարևան Ակներ գյուղի ուղղությամբ հրետանու հարվածներ են լսվում։ Վերիշենում այս պահին կրակոցներ ու պայթյուններ չկան։

10։22- Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը երեկ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հայտնել է, որ սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հայկական տարածքներ է օկուպացրել։ Ընդդիմությանը քննադատելու համատեքստում Մարուքյանը նշել է․ «Մայիսի 21-ին 2021 թ․ [ադրբեջանցիները] մտան Սոթք-Խոզնավար՝ դեպի Սև լիճ, և Հայաստանի տարածքից մոտ 45 կմ օկուպացրին։ Էսօր գիշեր էլ են օկուպացրել, թվերը կնայենք, կասենք՝ ինչքան է ավելացել»։

10։16- Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդին ասել է, որ Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց չի քննարկվում։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը սահմանազատված չէ, և այդ պատճառով «դժվար է խոսել սահմանի որևէ խախտման մասին»։ |mediamax.am|

09։46- Infocom-ի լրագրողը Սյունիքից հայտնում է, որ արդեն երկու ժամից ավելի է՝ Գորիսից լսվում են պայթյունների ձայներ` հիմնականում Իշխանասարի ուղղությունից:

09։38- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը հայ-ադրբեջանական սահմանին։ |armenpress.am|

09:18- Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես, Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։ [ՀՀ ՊՆ]

02:27- Մենք զգալի ապացույցներ ենք տեսել, որ Ադրբեջանը հրետակոծում է Հայաստանի տարածքը և զգալի վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Սակայն ամենակարևորը մեզ համար այն է, որ երկու կողմերն էլ հանձնառու լինեն ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում ապաէսկալացմանը: [ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի անդրադարձը]

02:11-
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ «Մակրոնը Ալիևին ասել է ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը պահպանելու հրատապության մասին: Մակրոնը պնդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային ջանքերը շարունակելու և ակտիվացնելու անհրաժեշտությունը և հիշեցրել իր և բոլոր գործընկերների, մասնավորապես՝ Եվրամիության պատրաստակամության մասին՝ համատեղ նպաստելու բանակցություններին»- ասված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։ |hetq.am|

00։35-
Մի քանի ժամ է՝ Կապան քաղաքի մոտ գտնվող Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում կրակահերթեր, հրետակոծություններ չկան։ Այս մասին ասել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ հայտնել է, որ Գորիսի ուղղությամբ մոտ երեք ժամ է՝ կրակոցներ կամ էլ հրետակոծություններ չկան։ |news.am|

00։30- Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ մեկնարկած հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Երկուստեք կարևորվել է ՀՀ տարածքային ամբողջականության անվերապահ պահպանումը և հրադադարի ռեժիմի խիստ հարգումը: [ՀՀ ԱԳՆ]

00։05- ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում, Վաշինգտոնը փոխգործակցում է Երևանի և Բաքվի հետ։ Մենք նաև երկու կողմերին կոչ ենք անում վերականգնելու կապի երկու ալիքները՝ դիվանագիտական և ռազմական, ու կրկին վերահաստատելու դիվանագիտական գործընթացին պատրաստակամությունը՝ ճգնաժամի հաղթահարման համար։ [Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբի] |hetq.am|

00։00- Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում։ [Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլի]

 

13.09.2022

23։42- Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ մանրամասն քննարկում եմ ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Իրավիճակի ապաէսկալացման և հրադադարի ռեժիմի պահպանման կոչ եմ արել։ Շտապ անհրաժեշտ է խաղաղ երկխոսություն։ [ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել]

23։40- Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկելու բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և կարգավորելու, ուժային մեթոդների կիրառումից հրաժարվելու համար։ Տոկաևն իր ելույթում ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը՝ կողմերին հորդորելով անհապաղ սկսել բանակցությունները։ |armenpress.am|

23։30- ՄԻՊ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից։ Սոթքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ուղիղ կրակի արդյունքում վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզում այցելել են նաև քաղաքացիական բժշկական կենտրոն, որտեղ գտնվել է ադրբեջանական գործողությունների պատճառով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձ, որոնցից մեկը՝ տարեց կին։ [ՄԻՊ գրասենյակ]

23։20- ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Մյուս քայլը ՀԱՊԿ Քարտուղարության և Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումն է իրավիճակի վերլուծության և առաջարակների համար։ |tert.am|

23։10- Գեղարքունիքի մարզին հարակից հատվածում արդեն շուրջ մեկ ու կես ժամ հարաբերական անդորր է։ Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով մարզում ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։ Ունենք, որ համայնքի վարչական շենքն են ռմբակոծել, ունենք, որ բնակելի տուն է այրվել։ [Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան] |armeniasputnik.am|

22։45- ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայումը Հայաստանում ստեղծված իրավիճակում կլիներ լավագույն լուծումը, այստեղ հիմա նոր ու բազմազգ ներկայություն է պետք, սակայն այդ գործընթացն այսօր բարդ է պատկերացնել ու կանխատեսել՝ հաշվի առնելով գլոբալ քաղաքական իրողությունները։ Մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակներով դիմել ենք ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչ նրա հայրենադարձումը։ [Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան]

22։35 - Ս.թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիառել ընդդեմ Ադրբեջանի: Ներկայացված դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության և ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը: [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]

22։20- ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ անհանգստացած է, որ Ռուսաստանը կարող է փորձել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության «կրակի վրա յուղ լցնել»: Մարտական գործողությունների մեկնարկից հետո Վաշինգտոնը հակամարտության երկու կողմերին կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները։ |reuters.com|

22։10- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

21:47- Սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։ [ՊՆ-ի հայտարարությունը]

21։20- ՄԱԿ գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է սահմանին վերսկսված բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկելու լարվածությունը մարելու ուղղությամբ, առավելագույն զսպվածություն ցուցաբերելու և առկա բոլոր հարցերը լուծելու երկխոսության և առկա ձևաչափերի միջոցով։ |azatutyun.am|

22։00- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Al Jazeera English հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի վերաբերյալ հստակ շեշտել է, որ դա հարձակում է սուվերեն երկրի վրա, հարձակում է ՄԱԿ-ի անդամ երկրի վրա: 

21։46- Ծայրաստիճան մտահոգված եմ Հայաստանի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակման մասին հաղորդումներով: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու և այս անընդունելի հարձակումների համար: Դա պետք է ներառի Ադրբեջանին Միացյալ Նահանգների աջակցության անհապաղ դադարեցումը։ [ԱՄՆ սենատոր Գարի Փիթերս]

21։38- Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: 

21։22- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկելու սահմանային լարվածությունը թուլացնելու համար․ «Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է սահմանին վերսկսված բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը մարելու ուղղությամբ, առավելագույն զսպվածություն ցուցաբերել և առկա բոլոր հարցերը լուծել երկխոսության և առկա ձևաչափերի միջոցով»։

21։12- Մեկնարկել է ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովը, որը գումարվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության ֆոնին։ Վլադիմիր Պուտինը մասնակցում է գագաթնաժողովին: [ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tert.am|

21։10- Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել, որ ԱՄՆ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները: [ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքեն]

21։05- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին բախումները և տարածաշրջանում լարվածությունը։ |news.am|

21։00- Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է իր 50 զինծառայողների զոհվելու մասին: Հաղորդագրության համաձայն՝ զոհվածներից 42-ը զինծառայողներ են, 8-ը՝ սահմանապահներ: |azatutyun.am|

20։50- Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին հետ կանգնելու ցանկացած հետագա քայլից, որը կարող է վատթարացնել իրավիճակը, հարգելու միջազգային համաձայնագրերը և անհապաղ ներգրավվելու խաղաղ բանակցություններում։ Ռազմական ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է Եվրախորհրդի անդամ պետությունների միջև վեճերը լուծելու հարցում: [ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Սայմոն Քովենիի և ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի ընդհանուր հայտարարությունը] |armenpress.am|

20։45- Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալու դիրքերում կանգնած զինվորներին: Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար: Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալու, հետևելու համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին։ [Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյան]

20։40- Սյունիքից Infocom-ի լրագրողը հայտնում է, որ Իշխանասարի և Նորավանի ուղղություններով հրետանային հարվածների ձայներ են լսվում։ Երկու կողմերում էլ հրդեհներ կան։

20։35- Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների սրման և հարակից հումանիտար հետևանքների առնչությամբ։ Ռազմական գործողությունները վտանգում են սահմանամերձ շրջանների բնակչության կյանքն ու անվտանգությունը՝ խաթարելով կենսական ենթակառուցվածքներին հասանելիությունը։ [Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակություն] |armenpress.am|

20։30- Մինսկը հորդորում է «բարեկամ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին» զսպվածություն ցուցաբերել և հետևել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Բոլոր հակամարտությունները կարող են և պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ [Բելառուսի ԱԳՆ] |azatutyun.am|

20։18- Ռումինիայի ԱԳ փոխնախարարի հետ անդիպմանը Գարեգին Բ-ն անդրադարձավ Ադրբեջանի՝ Հայաստանի հանդեպ սանձազերծած ռազմական գործողություններին, որի հետևանքով կան զոհեր, վիրավորներ և ավերածություններ։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը միջոցներ կձեռնարկի զսպելու Ադրբեջանի ագրեսիան՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման։

20։10- Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակը լարված է։ Շատ տներ վնասվել են, բնակչությանը տարհանել ենք։ [Կութի համայնքապետ Գրիգորի Ավագյան] |factor.am|

19:50- Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը խոր մտահոգություն է հայտնում այսօր գիշերը Հայաստանի տարածքում հայկական դիրքերի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության սրման կապակցությամբ: Կիպրոսի Հանրապետությունը պաշտպանում է վեճերի խաղաղ կարգավորումը միջազգային իրավունքի հիման վրա։ [Կիպրոսի ԱԳՆ] |1lurer.am|

19:47- ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ֆիլիպ Ռիքերի այցի նպատակն է քննարկել ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: |armenpress.am|

19:45- Ռազմական գործողությունների սրումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի: Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր: [ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաու] |armenpress.am|

19:40- Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանում հրետակոծությունների կապակցությամբ։ Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնելու ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հասնելու համար:

19:40- Ռուսաստանը խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ, կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերելու և պահպանելու հրադադարի ռեժիմը: Մենք, իհարկե, ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման կապակցությամբ։ Հայաստանի խնդրանքով սեպտեմբերի 13-ին տեսակապի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ. քննարկումը փակ կլինի։ [ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակով] |1lurer.am|

19:30- Հաշվի առնելով առկա իրավիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ որոշում է կայացվել Գեղարքունիքի և Սյունիքի մարզի այդ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Միաժամանակ, տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկվել է հիշյալ բնակավայրերում ժամանակավորապես դադարեցնել կրթության գործընթացը նախադպրոցական ուսումնական հաստատություններում: [ԿԳՄՍՆ]

19։03- Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Դեսպան Սմբատյանը վրացական կողմին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»։

18։40- Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ։ Չնայած իրավիճակի կայունացման մասին դեռ վաղ է խոսել, սակայն կեսգիշերին արձանագրված հրետակոծության ինտեսիվությունը զգալիորեն թուլացել է։ [ՊՆ] 

18։35- Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները։ Ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Երկու կողմին կոչ ենք անում շարունակել բանակցությունները՝ կայուն ու խաղաղ լուծման հասնելու համար: [Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամա Բահչի]

18։32- ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նախատեսում է Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնելու հարձակումները Հայաստանի և Արցախի վրա։

18։25- ԱՄՆ-ն պետք է խիզախ ու անդրդվելի լինեն հայ ժողովրդին աջակցելու հարցում ու ադրբեջանական բռնության դեմ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Սիսիլայնը: «Սա Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի վրա չսադրված ու անհիմն հարձակում է և վերջին պայմանավորվածությունների ակնհայտ խախտում, ու մենք պետք է նրան (խմբ․ - Ադրբեջանին) պատասխանատվության հրավիրենք»,- գրել է նա:

18։15- Հորդորում եմ մեր քաղաքացիներին, ՀՀ բոլոր քաղաքական ուժերին, կուսակցություններին և հասարակական կառույցներին մի կողմ թողնել քաղաքական տարաձայնություններն ու հակասություններն ու միահամուռ կերպով, անվերապահորեն նեցուկ կանգնել ՀՀ Զինված ուժերին ու հանրային միասնությանը: [ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը]

18։14- Կեսգիշերից հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու հարձակման և հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված լարված իրավիճակի պատճառները մի քանիսն են: Եվ, իհարկե, այդ ամենում զգալի դեր ունի միջազգային հանրության հասցեական գնահատականի բացակայությունը: Բաքվի հերթական ագրեսիան, որն այս անգամ ՄԱԿ-ի անդամ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ է իրականացվում, պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք։ [«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյան]

17։55- Ակցիա իրականացնող ծնողներից մեկը լրագրողներին հայտնեց․ «Մենք չենք ուզում, որ մեր հոգեվիճակի ծնողները էլ ավելի շատանան։ Մենք այստեղ չպիտի լինեինք, այստեղ պիտի ուղղակի քաղաքացիներ լինեին՝ անհանգստացած գիշերվա մեր այսքան կորուստներից ու այս իրավիճակից։ 18 տարեկան երեխեքի ծնողները, որոնք հիմա տանը նստած են, չգիտես՝ ինչի են սպասում։ Առաջինն իրենք պիտի էստեղ լինեին»։

17։25- Երկրապահ կամավորականների միությունում իմ հրամանով կեսգիշերն անց հայտարարվել է Համար 1: Արդեն իսկ ձևավորված ԵԿՄ գումարտակները շարժվել և շարունակում են շարժվել սահմանային լարված վայրեր: [ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան]

17։21- Իրավիճակը լարված է, ինտենսիվ մարտեր են ընթանում: Սոթքի, Վերին Շորժայի, Ախպարաձորի հատվածներում դեռ գիշերը սկսված բախումները շարունակվում են: Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` առնվազն 43 վիրավոր կա զորքի շրջանում: Եղել են ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց տեղափոխել ենք Երևան: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ, դրանից հետո որևէ այլ տվյալ չունենք: [Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան]

17։16- Ուկրաինայի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը․ «Հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման կոչ ենք անում կողմերին՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն: 

17։13- Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագաh Իգոր Խովաևին: Զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիային և ստեղծված իրավիճակի հաղթահարմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Վարչապետն ընդգծել է ՄԽ համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան:

17:03- Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ՝ ընդգծելով, որ բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը: Ռազմական գործողությունները դադարեցնելը և վերադառնալը բանակցային սեղանի շուրջ չափազանց կարևոր է։ |armenpress.am|

16:55- Արարատ Միրզոյանն հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ։ Միրզոյանը Բարձր ներկայացուցիչ Բորելին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ ադրբեջանական ագրեսիայի թիրախ են դարձել ոչ միայն ռազմական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Արարատ Միրզոյանի կողմից ընդգծվել է Ադրբեջանի գործողությունների հասցեական և համարժեք միջազգային արձագանքի անհրաժեշտությունը:

16:54- 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց։

16:46- Հայկ Մամիջանյանը ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի հայտարարության տեքստի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած կետերը։

16:26- Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Միրզոյանը Խովաևին է ներկայացրել իրավիճակը՝ շեշտելով Ադրբեջանի գործողություններին հասցեական և համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Զրուցակիցներն անդրադարձել են կատարել նաև հանդիպման նախնական օրակարգին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների և ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին։ [ՀՀ ԱԳՆ]

16:07- Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը։ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը նշել է, որ Հայաստանը, դիմելով ՀԱՊԿ-ում իր դաշնակիցներին, ակնկալում է նրանցից գործուն հավաքական քայլեր ՀՀ-ի անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման համար՝ ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում։ Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին։ [ՀՀ ԱԳՆ]

15։50- Ադրբեջանական ու թուրքական քաղաքացիական օդանավերն այսօրվանից չեն մտնում Հայաստանի երկինք․ թռիչքներն իրականացվում են Իրանի տարածքով։ Մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ Հայաստանի օդային տարածքով են իրականացվել «AZAL»-ի Բաքու-Նախիջևան-Բաքու 3 չվերթեր՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան։ |hetq.am|

15։38- Ժոզեպ Բորելի խնդրանքով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի Երևան և Բաքու՝ աշխատելու հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ: [ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշել]

15։31- Ադրբեջանի հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարությունն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության առաջարկները, որոնք չներառվեցին ԱԺ հայտարարության մեջ։

15։29- Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ ՀՀ սահմանին իրավիճակի սրման մասին․ «Ցավոք, քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին անկարող, վախկոտ, ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբն է, որը բանակցություններ է վարում մեր պետության և ժողովրդի անունից, հետևանքներն այսպիսին են լինելու»։ 

15։19- Ըստ Դատախազության՝ արդեն իսկ ձեռք բերված տվյալների՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ սանձազերծված ագրեսիայի ակտը Ադրբեջանը պատրաստվել և պլանավորվել է նախապես, այդ նպատակով տևական ժամանակահատվածում միջոցներ են ձեռնարկվել նախահարձակ ռազմական գործողությունների համար արհեստական հիմքեր ստեղծելու ուղղությամբ: [ՀՀ Գլխավոր դատախազություն]

15։10- Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ գիշերվա զինված դիմակայությունը վտանգավոր էսկալացիա է, որը պետք է կանգնեցնել։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ ԵՄ-ն կապի մեջ է երկու կողմերի հետ, որպեսզի նպաստի լարվածության թուլացմանը: [ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել]

14:58- Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով 19։00 տեղի կունենա ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ։ [ԱԳՆ մամուլի խոսնակ]

14։53- Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է. «Բաքվի ու Երևանի միջև խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա։ Անկարան սատարում է Բաքվին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին լարվածության լույսի ներքո»։ |civilnet.am|

14:50- Հայաստանը դիմում է ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Վաղ առավոտից մասնագետներն աշխատում են փաստաթղթի վրա, մինչև օրվա վերջ դիմումը կուղարկեն և հանդես կգան հայտարարությամբ: [Կառավարության՝ Միջազգային իրավական հարցերով գրասենյակ] |hetq.am|

14:47- Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը՝ հավելելով, որ Վրաստանը կներդնի բոլոր ջանքերը դրան նպաստելու համար: [ՀՀ Կառավարություն]

14:39- ՊՆ-ն մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական թելեգրամ ալիքներում հրապարակվող տեսանյութերը՝ կապված հայ զինծառայողների հետ․ դրանց վերաբերյալ կլինեն հավելյալ պարզաբանումներ։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

14:37- Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ [ՀՀ ՊՆ խոսնակ]

14։35- Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ [ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար]

14:23- Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք համայնքների ուղղությամբ լարվածությունը պահպանվում է, բնակիչների փոխանցմամբ՝ կրակոցները չեն դադարում։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը նույնպես հայտնում է, որ վիճակը լարված է նաև Ներքին Հանդում։ |factoe.am|

14:10- Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պետք է հարգել այդ պարտավորությունը։ ԵԽ-ն պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը։ [ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչ] |azatutyun.am|

14:00- Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդում կբարձրացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների թեման։ Այս մասին հայտնել են նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակից։ |reuters.com|

13։53- Հայկական կողմի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին Հայաստանի Հանրապետությանը աջակցության կոչով դիմելու կապակցությամբ կազմակերպության քարտուղարությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ համատեղ աշխատանքներ է կազմակերպել իրավիճակի կարգավորման ՀԱՊԿ մեխանիզմների ակտիվացման ուղղությամբ։ [ՀԱՊԿ քարտուղարություն]

13:23- Հայաստան-Ադրբեջան սահմանի ամբողջ երկայնքով սկսված ռազմական գործողությունները և Հայաստանի քաղաքացիական օբյեկտների վրա հարվածները պետք է անհապաղ դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դիվանագիտությունը պետք է գերակայի: [ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթեր] 

13:20- Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Նրանք քննարկել են սահմանային իրավիճակը։

13:16- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական իրադրության սրումը պետք է անհապաղ դադարեցվի։ Դիվանագիտական ճանապարհին ձեռք բերված առաջընթացը չպետք է վատնել։ Նախագահությունը պատրաստ է աջակցել կայուն լուծմանը: [ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահություն]

12։55- ՌԴ ԱԳՆ-ն ստացել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ աջակցելու իրավիճակի կարգավորմանը առկա երկկողմ պայմանագրերին համապատասխան և ՀԱՊԿ-ի միջոցով։

12։48- Վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, շրջանառությունից հանել և, եթե կարելի է այսպես ասել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, և այս սադրանքների կոնտեքստում նաև այս մղումը և նպատակն են երևում։ [Նիկոլ Փաշինյան]

12:46 - Գարեգին Բ-ն ուղերձ է հղել․ «Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր»։

12։37 - ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ, պաշտպանական զենք-զինամթերքը: Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են։ Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ ՀՀ-ն զենք գնի այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել։ Սա կարող է թվալ, թե պատրաստ չեն՝ պատրաստ չեն, իրենց գործն է, բայց այս պատրաստ լինել և չլինելը իր հետևից բերում է հետևանքներ, այդ թվում՝ անվտանգային։ [Նիկոլ Փաշինյան]

12։33 - Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել՝ կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը։ Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում։ [Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձե] 

12։29 - ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ»։ |

12։28 - Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։ [ՀՀ ԱԳՆ]

12։18 - Ադրբեջանի ԶՈւ կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ բավարար: [ՀՀ ԱՆ]

12։16 - ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինի պնդմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար է ձեռք բերվել, հայտնում է «ՌԻԱ Նովստին»։ Հայկական, ինչպես նաև ադրբեջանական կողմից այս հայտարարությունը դեռ չեն հաստատում։

12։11 - Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ։ [Նիկոլ Փաշինյան]

12։05 - Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈւ մեկնարկած լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Միրզոյանը տեղեկացրել է ՀՀ կողմից ձեռնարկված քայլերի՝ այդ թվում ՌԴ, ՀԱՊԿ, ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին՝ ադրբեջանական ագրեսիան կասեցնելու և դրա հետևանքները վերացնելու նպատակով։ [ՀՀ ԱԳՆ]

11։52 - Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ իրականացվող սադրիչ և ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պատերազմն անընդունելի է և Իրանն ուշադրությամբ հետևում է զարգացումներին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտոթյունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և պետությունների տարածքային ամբողջականոթյան վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է: [ՀՀ կառավարություն]

11։27 - Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։ Երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։ Կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ուղղությամբ, 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն էր ավելացել։ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են պատասխան Հայաստանի կողմից ինչ-որ սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանագրենք, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և սուտ։ [Նիկոլ Փաշինյան]

11։25 - Այս պահին 49 զոհ ունենք՝ հաստատված ՊՆ կողմից, բայց այդ թիվը վերջնական չէ։ [Նիկոլ Փաշինյան]

11։20 - Ադրբեջանի զինված ուժերը, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խոր թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը։ Մասնավորապես՝ հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։ [ՔԿ]

11։14 - ԱՄՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի այն տարածքներից, որտեղ այժմ մարտեր են ընթանում։

11:07 - Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Իսլամական հանրապետությունը հետևում է հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացմանը և պատրաստ է աջակցել հարևան երկու երկրների միջև տարաձայնությունների լուծմանը։ [Իրանի ԱԳՆ]

11:02 - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է․ «Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել եմ Հայաստանի սադրանքները Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին։ Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները և կենտրոնանա խաղաղության բանակցությունների ու Ադրբեջանի հետ համագործակցության վրա»։

11:00 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Վարչապետը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի, և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար: [ՀՀ կառավարություն]

10:56 - Անվտանգության կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում: [ՀՀ ԱԻՆ]

10:47 - Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է սեպտեմբերի 13-ին ՀՀ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները, Հայաստանի սուվերեն տարածքի ռմբակոծությունները և ուժի կիրառումը։ Այս գործողությունները հայատյացության և ցեղասպան քաղաքականության վառ դրսևորում են, միջազգային իրավունքի և նորմերի կոպտագույն խախտում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ զերծ մնալով ամորֆ և անհասցե կոչերից ու գնահատականներից, կիրառել համապատասխան քայլեր ագրեսորի նկատմամբ։ [ԱՀ ԱԳՆ]

10:45 - Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ ԵՄ-ն սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու դեէսկալացիային։ [Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար]

10:42 - Ալեն Սիմոնյանն առաջարկեց հայտարարության նախագիծն առանց ընդմիջումների քննարկել։ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ 20 րոպեն շատ քիչ ժամանակ է, և առաջարկեց տալ 1 ժամ ժամանակ, որ իրենց առաջարկները քննարկման և իրացման հնարավորություն ունենան։ Ալեն Սիմոնյանը նշեց՝ նորից ընդմիջում կհայտարարի, որ ընդդիմադիր պատգամավորներն այդ հնարավորությունն ունենան։ Նրա խոսքով՝ հարցը կքննարկեն վարչապետի հետ հարցուպատասխանից հետո, իսկ ընդդիմադիրների առաջարկները, «եթե որևիցե արտառոց բան չլինի», կներառվեն: Հայտարարվեց ընդմիջում։

10։36 - Գեղարքունիքի մարզում, ըստ անհրաժեշտության, բնակչությունը տարհանվել կամ էլ պատսպարվել է։ Այս մասին հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Որտեղ գնահատվել է, որ տարհանման անհրաժեշտություն կա, ժողովուրդը տարհանվել է, իսկ որտեղ գնահատվել է, որ ժողովրդին ապաստարաններ տեղափոխելու խնդիր կա, տեղափոխել ենք ապաստարաններ»,- ասաց նա։ 

10։31 - Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել ԱՀ Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։ Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար։ Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է։ [ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]

10։31 - Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։ [ՀՀ ՊՆ]

10։29 - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Նա ռուս գործընկերոջն է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Պապիկյանն ու Շոյգուն պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբ: [ՀՀ ՊՆ]

10։23 - ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ-ում են։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայնտեց, որ իրավիճակի վերաբերյալ հայտարարության տեքստ է նախապատրաստվել, Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ իրենք էլ հայտարարության տեքստ են պատրաստում։ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց․ «Լավ միտք չէ այսօր մրցակցող հայտարարություններ քննարկելը»։ Նա առաջարկեց բոլորով միասին ընդունել հայտարարության նախագիծը։ Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ իրենց հայտարարության տեքստի մասին նկատառումներ կարող են ունենալ։ Նա առաջարկեց քննարկում ունենալ, հետո նախագիծ ընդունել։ 20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որ խմբակցությունները քննարկեն միասին հայտարարության տեքստը։

10։16 - Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների՝ Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս պահի տեղեկատվությամբ շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։ [ՀՀ ՄԻՊ]

10։11 - Ադրբեջանական հրետակոծության հետևանքով երկու կին բեկորային վիրավորումներով տեղափոխվել է Մարտունիի բժշկական կենտրոն։ Այս մասին ասաց կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։ Հարությունյանի խոսքով՝ քաղաքացիների վիճակը նորմալ է։ Նախնական տեղեկություններով, 83 և 24-ամյա կանայք վիրավորում են ստացել Սոթքում։ |news.am|

10։08 - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամը 11։00-ին կգա Ազգային ժողով՝ ներկայացնելու իրավիճակը այդ պահի դրությամբ։

09։58 - «Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն: Նա խստորեն դատապարտել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։

09:40 - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել: Քննարկվել են ընթացող բախումներն ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։ Բայրամովն ասել է, որ «վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ Հայաստանի կողմից պարբերաբար կրակ բացելու, Ադրբեջանի սահմանների երկայնքով ռազմականացման ավելացման և տարածքների շարունակման ականապատման փաստը վկայում են այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի»: [Ադրբեջանի ԱԳՆ]

09:35 - Կոնգրեսմեն Ջիմ Կոստան դատապարտել է Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. «Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի համար, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք»:

09:19 - Ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ, և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

08:48 - Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ այս պահին հակառակորդը հրետակոծում է Սոթքը: Հիմնականում հարվածում են տների ուղղությամբ. վնասվել է գյուղապետարանի շենքը, ինչպես նաև բնակելի մի քանի տուն։ Կանայք և երեխաները տարհանվել են, տղամարդիկ մնացել են գյուղում։

08:35 - Լրագրող Թաթուլ Հակոբյանը առավոտյան 07:00-ին Սոթքից հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակառակորդը ինտենսիվ կրակել է, սակայն առավոտյան այդ ինտենսիվությունը մի փոքր ընկել է։

08:29 - Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։ [ՊՆ]

08:14 -
Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. «Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի համարր, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք», Twitter-ում գրել է նա:

07:46 - Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է Ռուսաստանին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: [ՀՀ վարչապետի աշխատակազմ] |armenpress.am|

06:38 -
ԱՄՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումների մասին հաղորդագրություններով։ Ինչպես վաղուց հստակ հասկացրել ենք, հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ [ԱՄՆ պետքարտուղարություն] |tert.am|

06:07 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ [Վարչապետի աշխատակազմ]

05:48 -
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ:
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միրզոյանը շեշտել է, որ հայկական կողմը ձեռնարկելու է հնարավոր բոլոր ջանքերը՝ ուղղված ադրբեջանական ագրեսիայի ետ մղմանը։[ԱԳՆ]

05:46 -
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: [ԱԳՆ]

05:38 -
Ժամը 05:00-ի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ [ՊՆ]

05:22 - Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի հարավային հատվածի վրա։ Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան։ 
Պետդեպարտամենտը և պետքարտուղար Բլինքենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար։ [ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն]

05:19 - Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել։ [ՀՀ ԱՆ]

05:08 -
ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալբերտ Բաղդադյանը հանդիպել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին և ներկայացրել ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում ստեղծված իրադրությունը: [ՊՆ]

04:50 - Ադրբեջանը, օգտվելով միջազգային լարված իրավիճակից, փորձում է ուժի կիրառմամբ ոտնձգություն իրականացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Տեղի ունեցող իրադարձությունները բացահայտում են, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի իրական դեմքը և հայ ժողովրդին մատուցվող կեղծ օրակարգի վտանգավորությունը: Ակնկալում ենք մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ից՝ հայ-ռուսական ռազմաքաղաքական պայմանագրերով նախատեսված գործողությունների իրականացում: [«Հայաստան» խմբակցության հայտարարությունը սահմանային իրավիճակի մասին]

04:42 -
Ես խստորեն դատապարտում եմ Հայաստանի վրա այդ հարձակումը։ Ադրբեջանական ուժերի կողմից այս շարունակական ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի։ [ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաո]

04:40 -
Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանը հրետակոծել է Արցախի անմեղ բնակիչների տները և այժմ գրոհում է Հայաստանի սահմանը: Սա հրադադարի ռեժիմի արտառոց խախտում և Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի հարձակում է։ ԱՄՆ-ն պետք է անհապաղ և ընդմիշտ դադարեցնի ցանկացած օգնություն՝ ուղղված Ադրբեջանին։ [ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆ]

04:38 -
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: [ՀՀ վարչապետի աշխատակազմ]

04:25 -
Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։ 

04:22 -
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։ [ՊՆ խոսնակ]

04:07 -
2020 թվականի սցենարը կկրկնվի։ Այս գիշեր Ադրբեջանը հրետակոծությամբ խախտել է ինքնիշխան Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե Ադրբեջանի այս հարձակումը հաստատվի, անհրաժեշտ կլինի միջազգային միասնական և անհապաղ արձագանք։ [Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայե]

03։57 - Սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված ՀՀ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։ Հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել։ [ՀՀ ոստիկանություն]

03։51 - Հայաստանից եկող լուրերը շատ անհանգստացնող են: Եթե Ադրբեջանի այս հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հաստատվի, միջազգային արձագանքը պետք է լինի միասնական և անհապաղ։ [ֆրանսիական Պրովանս-Ալպեր-Լազուր ափ երկրամասի մարզային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելիե]

03։39 - Մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, ինչպես նաև Վարդենիսի և Սոթքի ուղղությամբ ադրբեջանական Զինված ուժերի իրականացրած հրետակոծության կապակցությամբ։ Կոչ ենք անում անմիջապես դադարեցնել կրակը և հորդորում ենք կողմերին խաղաղ լուծում գտնել։ [Freedom House] |factor.am|

03։25 - Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը:

03:10- Հրետակոծման են ենթարկվել Սոտքի, Վարդենսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ [ՀՀ ՊՆ]

03:01- Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Տվյալները ճշտվում են։ [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ]

02-52 - Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում արկեր են ընկել, «Ազատության» հետ զրույցում ասաց Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը:
Ըստ նրա` այս պահին տեղում ինտենսիվ կրակոցներ են, երեխաներից ոմանց տարհանել են, մյուսներին դեռ չի հաջողվել: Ըստ Ավետյանի` Գեղամասարի այլ շրջաններում ևս նմանատիպ իրավիճակ է:

02:50-ՀՀ ՄԻՊ-ը հայտնում է՝ իրենց ստացած տեղեկություններով թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները. «Սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է, որը նախորդիվ օրերի մանիպուլյատիվ տեղեկություններով նախապատրաստվում էր հարևան պետության կողմից։ Ապօրինի այս գործողությունները պետք է անմիջապես դադարեցվեն»։

02:40-Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է փոխանցել Ադրբեջանի ԶՈւ կողմից Հայաստանի սուվերեն տարածքի ուղղությամբ կեսգիշերից սկսված սադրիչ, ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, որոնք ուղեկցվել են հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակահերթերով:

 Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ադրբեջանական կողմի գործողություններն ու ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Զրուցակիցները պայմանավորվել են լինել օպերատիվ կապի մեջ: [ՀՀ Կառավարություն]

02:30- Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ` իմ հրամանով ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի՝ անհրաժեշտության դեպքում արձագանքելու համար։ [ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյան]

02-25- Գորիս համայնքի Խոզնավար բնակավայրի գյուղապետ Վարո Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցում փոխանցեց, որ գյուղում կրակոցներ լսվում են։Նրա փոխանցմամբ՝ հակառակորդը կիրառում է և հրետանի, և հրաձգային զինատեսակներ։ Հեռվում նաև անօդաչուներ են նկատել։ Ճշտող հարցին՝ ԱԹՍ-ներ երևում են գյուղի վրա՞, գյուղապետն ասաց՝ հեռվում են երևում, իսկ հարվածները սարերի մոտ են, այդ թվում՝ Իշխանասարի ուղղությամբ։ Մեր զանգի պահին պայթյունի ձայներ չկային, բայց գյուղապետն ասաց՝ զանգից առաջ հարվածները շարունակվում էին։ Նրա փոխանցմամբ՝ բնակիչները նկուղներում, գյուղի քարանձնավներում են պատսպարվում։

02:10- Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի նախկին ղեկավար Արարատ Օրդյանն Infocom-ի հետ զրույցում րոպեներ առաջ տեղեկացրեց, որ արդեն մոտ 15-20 րոպե է՝ հակառակորդը հարվածներ է հասցնում նաև Վերիշենի ուղղությամբ։ Օրդյանն ասաց, որ կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր։ Ըստ նրա՝ հակառակորդը կրակ է բացել նաև տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։

 

01:55- Պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում ադրբեջանական կողմի ագրեսիվ ռազմական ակտիվ գործողություններով`տեղեկացնում ենք, որ 01:50-ի դրությամբ Արցախի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է։ [Արցախի Տեղեկատվական շտաբ]

01:50- Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։ [ՀՀ ՊՆ]

01: 37 - ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում չհրապարակել ընթացող ինտենսիվ փոխհրաձգության տեսանյութեր: [ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ]

01:34-Գորիս քաղաքում լսվում են հրետակոծության ձայներ։ |civilnet.am|

01:25- Այս պահին ԱԹՍ-ների, հրետանու կրակոցների ձայներ եմ լսում, երևի հայկական դիրքերի ուղղությամբ են դեռ կրակում։ [Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունց] |news.am|

01:05- Ջերմուկի բնակիչներից մեկն Infocom-ի հետ զրույցում ասաց, որ, ըստ ամենայնի, հրետանի է կիրառվել։ Նա նշեց, որ քաղաքին հարակից դաշտերում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ բնակչի՝ այս պահին Ջերմուկում հանգիստ է։

01:00- Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: [ՀՀ ՊՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել