Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կեսգիշերն անց ՀՀ ՊՆ-ն հայտարարեց՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
comment.count (0)