Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են ընթացող բախումներն ու հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը։
Բայրամովն ասել է, որ «վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիրքերի և խաղաղ բնակչության ուղղությամբ Հայաստանի կողմից պարբերաբար կրակ բացելու, Ադրբեջանի սահմանների երկայնքով ռազմականացման ավելացման և տարածքների շարունակման ականապատման փաստը վկայում են այն մասին, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ ռազմական սադրանքի»:
«Ընդգծվել է, որ Ադրբեջանի դեմ հայկական կողմի ագրեսիան կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթները, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ ամբողջությամբ հակասելով ընթացող կարգավորման ու խաղաղության գործընթացներին։ Տեղեկացվել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ ավելացնել ռազմական լարվածությունը այն ժամանակ, երբ Ադրբեջանն օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնողական և շինարարական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում։
Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ՝ Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում աճող լարվածության և ռազմական բախումների կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է հեռախոսազրույց ունեցել Քերըն Դոնֆրիդի հետ:
Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ընդգծել Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին միջազգային հանրության կողմից հասցեական ու համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ փոխանցմամբ՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են։ Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
comment.count (0)