Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը սահմանային իրադրությունը ներկայացնելիս։
Մենք նախկինում էլ ասել ենք և ասում ենք, որ Ադրբեջանի կողմից առաջարկված այն սկզբունքներից մեկը, օրինակ, որ վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, մեզ համար անընդունելի չէ։
Եվ այստեղ ամեն ինչ չի ավարտվում․ ի՞նչ նկատի ունենք՝ տարածքային ամբողջականություն ասելով։ Օրինակ՝ Ադրբեջանը, Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով, արդյո՞ք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք կա՛մ 2021թ․ մայիսի 12-ի գործողությունների արդյունքում, կա՛մ Առաջին ղարաբաղյան պատերազմի ընթացքում օկուպացվել են Ադրբեջանի կողմից։
Այս հարցը, համենայն դեպս, մեր տպավորություններով և քննարկումներով, միանշանակ արձագանք ադրբեջանի կողմից չի ստանում։
Բնականաբար, Ադրբեջանն ակնկալում է, որ ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչի որպես Ադրբեջանի մաս, ինչը տրամաբանորեն բխում է իրենց՝ քիչ առաջ իմ հիշատակած ընդգծումից, այսինքն՝ իրենց դիրքորոշման ձևակերպումից։
Հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է․ եթե տեսականորեն լինի այդպիսի ըմբռնում և արձանագրում, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը, մասնավորապես՝ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի և չի ունենալու։ Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, որ այո՛, ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց երբ խոսակցություն է գնում, օրինակ, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է դեմարակցիայի և դելիմիտացիայի գործընթացների համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ և բնորոշմամբ, իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների վերաբերյալ, և այդ տարածքների անունները նրանք իրենց հրապարակային ելույթներում արձանագրում են։
Չնայած, մեծ հաշվով, պիտի արձանագրենք նաև, որ երբ նման բովանդակությամբ հարցազրույցներ կամ հայտարարություններ են հնչում, նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով։
Եթե սրանք լինեին պարզապես հարցազրույցներ և հայտարարություններ, կարելի էր դրան նույնիսկ չանդրադառնալ, բայց բոլոր փաստերը, այդ թվում՝ դիվանագիտական փաստերը, այդ թվում՝ բանակցային փաստերը, վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից։
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, արդեն ասացի, որ նրանց դիրքորոշումը գնալով ավելի ու ավելի հստակ է դառնում, որ ԼՂ խնդիր չկա, ԼՂ խնդիրը լուծված է, և հետևաբար ՀՀ հետ քննարկելու անհրաժեշտություն չկա, և այդ հարցը իրենք կարող են քննարկել միջազգային կազմակերպությունների հետ, նաև չի բացառվում, իրենց ձևակերպմամբ, ԼՂ հայերի ներկայացուցիչների հետ Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում»,- ասաց ՀՀ վարչապետը։
comment.count (0)