tert.am: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ:
«Ծայրաստիճան մտահոգված ենք, կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից և անշեղորեն պահպանել հրադադարը, մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։
Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ։
Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
comment.count (0)