ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ զենք-զինամթերքը. Նիկոլ Փաշինյան
12:42 - 13 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ զենք-զինամթերքը. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ-ն ֆինանսական առումով ունի բոլոր հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը»։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց էր հղել Փաշինյանին՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք մեր ինքնապաշտպանության նպատակով, ինքնապաշտպանական բանակը զինելու նպատակով, երբ դիմում ենք մեր ռազմավարական գործընկերոջը եւ բարեկամ երկրներին, կա արգելք, որ որեւէ երկիր չցանկանա կամ արգելի, որ մենք կարողանանք ձեռք բերել ինքնապաշտպանական զենքեր, քանի որ այս ագրեսիան հարատեւ է, եւ մենք պարտավոր ենք պաշտպանել մեր երկիրը։

Ի պատասխան հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հարցը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն եւ տրամաբանական է, որ դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն, բայց այդ հարցը բաղկացած է 4 բաղադրիչից։ Առաջինը ֆինանսական բաղադրիչն է, երկրորդը՝ քաղաքական, երրորդը՝ տեխնիկական, չորրորդը՝ տրանսպորտային։ Երբ մենք խոսում ենք զենք-զինամթերքի ձեռքբերման մասին, պետք է արձանագրենք,որ այն բաղկացած է այս 4 բաղադրիչներից»,- նշեց Փաշինյանը։

Խոսելով քաղաքական բաղադրիչից՝ նա ասաց․ «Բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, բայց կան երկրներ, որոնք պատրաստ են։ Բայց կան երկրներ, որոնք պատրաստ չեն այն փաստին, որ ՀՀ-ն զենք գնի այն երկրից, որը պատրաստ է իրեն զենք վաճառել։ Սա կարող է թվալ, թե պատրաստ չեն՝ պատրաստ չեն, իրենց գործն է, բայց այս պատրաստ լինել եւ չլինելը իր հետեւից բերում է հետեւանքներ, այդ թվում՝ անվտանգային։ Այսինքն՝ սովորաբար զենք ինչի՞ համար են գնում․ ավտանգային սպառնալիքը կառավարելու համար։ Բայց լինում են իրավիճակներ, երբ զենք գնելը կապված է անվտանգային նոր սպառնալիքներ ստեղծելու հետ»։

Ինչ վերաբերում է երրորդ՝ տեխնիկական բաղադրիչին, ըստ Փաշինյանի՝ կան երկրներ, որոնք ուզում են, պատրաստ են ՀՀ-ին զենք վաճառել, եւ չկա որեւէ խնդիր, բայց ամենատարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով չունեն անհրաժեշտ զենքը վաճառելու համար․ «Եվ օրինակ, այն տրամաբանությամբ, որ իրենց արտադրական ծավալները եւ պատվերները առաջիկա տարիներին, երբեմն՝ շատ երկար տարիներին, այնպես են դասավորված, որ իրենք ներքին կարիքների, նաեւ շուկայում իրենց դիրքերը չկորցնելու համար պետք է պայմանագրային որոշակի պարտավորոյթյուններ կատարեն»։

Անդրադառնալով չորրորդ՝ տրանսպորտային բաղադրիչին՝ Փաշինյանը ցավով արձանագրեց, որ ՀՀ-ն ելք չունի դեպի ծով․ «Դա նշանակում է, որ կարելի է որոշակի պայմաններում, օրինակ, գնել զենքը վաճառող երկրներից, եւ միջազգային ջրերով ներկրել ՀՀ։ Շատ դեպքերում տրանսպորտային բաղադրիչը իր բարդությամբ չի տարբերվում նախորդ բաղադրիչներից, երբեմն ավելի սրվում է, այդ թվում՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»։

Ամփոփելով իր պատասխանը՝ Փաշինյանը վերահաստատեց՝ ՀՀ-ի ֆիանսական միջոցները անսահմանափակ չեն, բայց մենք ունենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ մեր  պաշտպանողականությունը էական բարձրացնելու եւ մեզ բավարարելու համար․ «Արդյո՞ք մենք աշխատում ենք այդ հնարավոր խնդիրները առկա լինելու դեպքում հաղթահարելու համար․ իհարկե աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, եւ սրանում որեւէ չափազանցություն իսկապես չկա»-, եզրափակեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել