hetq.am: Վրաստանը պատրաստ է միջնորդ լինել՝ կարգավորելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտությունը։ Այդ մասին, Regnum գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Մենք չափազանց շահագրգռված ենք դրանում և, եթե Վրաստանը կարողանա խաղալ ինչ-որ միջնորդ դեր, մենք ամեն կերպ նպաստելու ենք դրան»,- ասել է վրաց քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպումից հետո Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել էր, որ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չի տվել, սակայն ստեղծվել է երկու երկրների նախարարների միջև ուղիղ երկխոսության նախադեպ։ «Կոնկրետ արդյունքների երբեք չեն հասնում բանակցությունների առաջին փուլի արդյունքներով։ Այս դեպքը բացառություն չէ»,- ասել էր Դարչիաշվիլին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
comment.count (0)