Ադրբեջանը փորձում է արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը․ Նիկոլ Փաշինյան
12:48 - 13 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանը փորձում է արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում սահմանային իրադրությունը ներկայացնելիս անդրադարձավ նաև կոմունիկացիաների բացման թեմային։

«Գիտեք, որ Ադրբեջանը, այլակերպելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով  միջանցքներ կամ միջանցք ունենալու մասին։ Միջանցք ասելով՝ կոնտեքստը պարզ է հարցի։ Մեր դիրքորոշումը եղե է և շարունակում է մնալ հետևյալը, որ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով նաև ճանապարհների բացմանը և ապաշրջափակմանը այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը։

Եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանցի համանախագահողը՝ Ալեքսեյ Օվերչուկը, նաև Հայաստանում հրապարակային հայտարարություն է արել, որ աշխատանքային խմբի պայմանավորվածություններն են, որ նոր բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների սուվերենության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ Հայաստանի ԶՈՒ-ն և բանակը որոշակի պոտենցիալ են հավաքում, որը, իր ձևակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, իրենք նախահարձակ գործողություններ են իրականացնելու։ Չնայած այն բանին, որ մենք հայտարարել ենք (դա արձանագրված է նաև մեր պաշտոնական փաստաթղթերում)` մենք զինված ուժերի բարեփոխումներ ձեռնարկում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելու և պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, այն փուլերում, երբ որ մենք, այսպես ասած, կենտրոնանում ենք զինված ուժերի և բանակի բարեփոխումների թեմայի վրա, այդ ժամանակներում նաև նման սադրանքներն իրականացվում են նաև պրոցեսը՝ արդեն հայտարարված օրակարգով, խոչընդոտելու համար։

44-օրյա պատերազմից հետո, ինչքան էլ այդ մասին ամենատարբեր հայտարարություններ են հնչել նույնիսկ Հայաստանի ներսում, ակնհայտ է, որ այդ պատերազմի արդյունքում, այո, մենք ծանր կորուստներ ենք ունեցել, ՀՀ-ն այդ պատերազմի արդյունքում չի կոտրվել։

Այդ (նոյեմբերի 9-ի,- խմբ․) հայտարարության մեջ 3+1 կարևոր ինստիտուցիոնալ արձանագրում․ առաջինը Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի արձանագրումն է այն պայմաններում, երբ Ադրբեջանը ասում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է նաև Ադրբեջանի ստորագրությունը, որտեղ արձանագրվում է, որ կա Լեռնային Ղարաբաղ, այդ լեռնային Ղարաբաղ միավորը պարփակված է որոշակի գծով, որը փաստաթղթում անվանված է շփման գիծ, կան տեղակայված ռուս խաղաղապահներ, որոնց ներկայության իմաստը և տրամաբանությունը այդ շփման գծի, հետևաբար՝ տարածքում ապրող մարդկանց անվտանգությունն ապահովելն է, և կա Լաչինի միջանցք, որն ապահովում է երթևեկությունը, այսինքն՝ մարդկանց, բեռների անարգել երթևեկությունը ԼՂ և Հայաստանի միջև։

Վերջերս նաև ԱԽ քարտուղարն այցելել էր ԼՂ, և ԱԺ պատգամավորներ էին այցելել, որին եղավ արձագանք հերթական անգամ Ադրբեջանի կողմից։ Եռակողմ հայտարարությամբ հստակ արձանագրված է, որ Լաչինչ միջանցքի գոյության իմաստը ԼՂ և Հայատանի միջև մարդկանց և բեռների կապն ապահովելն է, և Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումներն ընդհանրապես տրամաբանական չեն, որովհետև, մեր մեջ ասած, այդ հայտարարության մեջ չկա որևէ սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ ԼՂ, և ովքեր չեն կարող գնալ ԼՂ։

Վերջին շրջանի գործողություններում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, շրջանառությունից հանել և, եթե կարելի է այսպես ասել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, և այս սադրանքների կոնտեքստում նաև այս մղումը և նպատակն են երևում։

Մենք բազմիցս ենք ասել, որ մենք, որդեգրելով խաղաղության օրակարգը, նաև արձանագրում ենք և հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ։ Ընդհակառակը, այս գործողություններով նաև Ադրբեջանը ուզում է և փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը, որովհետև խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ ՀՀ-ը կարող է զարգանալ, ընդ որում՝ մեծ տեմպերով զարգանալ, և խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ և ԼՂ անվտանգությունը։

Մեր դաշնակցային հարաբերությունների և անվտանգային հարաբերություններում մեխանիզմների, հարաբերությունների և պարտավորությունների կատարելագործումը չափազանց կարևոր է։ Որովհետև շատ կարևոր է, ինչպես նախկինում ասել եմ, հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք»,- հայտարարեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել