Հայաստան-Ադրբեջան սահմանին մարտերի մասին լուրերը չափազանց մտահոգիչ են: Անհրաժեշտ է ամբողջական և կայուն զինադադար: Խաղաղությանը և կայունությանը այլընտրանք չկա, և դիվանագիտությունն այլընտրանք չունի դա ապահովելու համար: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ես կապի մեջ եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։ Ժոզեպ Բորելի խնդրանքով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կմեկնի Բաքու և Երևան՝ աշխատելու հետագա էսկալացիայի կանխման ուղղությամբ»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ՊՆ փոխանցմամբ հակառակորդը Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառում է հրետանային միջոցներ, ականանետներ, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
comment.count (0)