Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ
18:32 - 13 սեպտեմբերի, 2022

Նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա․ Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները։

«Ես խորապես վշտացած եմ երեկվա հաղորդագրություններից այն մասին, որ Ադրբեջանը հերթական անգամ մահացու և անհիմն հարձակումներ է իրականացնում հայ ժողովրդի դեմ՝ այս անգամ հրետակոծելով Արցախի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի տները, իսկ ավելի ուշ՝ կրակելով Հայաստանի սահմանամերձ քաղաքների՝ Գորիսի, Սոթքի և Ջերմուկի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Այս հայկական քաղաքները վիճելի հողեր չեն, դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ և տարածքներ են»,- հայտարարել է Ադամ Շիֆը:

Նրա խոսքով՝ սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտում է, այլև ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ. «Դա տեղի է ունեցել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմումից ընդամենը մի քանի օր անց։ Այնտեղ նրանք հայտարարել են խաղաղ համաձայնության հասնելու իրենց մտադրության մասին։ Եվ դա տեղի ունեցավ մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի (միջազգային կառույցը, որին հանձնարարված է վերականգնել խաղաղ գործընթացը)՝ Միացյալ Նահանգների նոր համանախագահը դիվանագիտական այցով ժամանեց Բաքու»:

Ադամ Շիֆը կոչ է արել Պետքարտուղարությանը և Բայդենի վարչակազմին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև մշտական դադարեցնել ԱՄՆ ռազմական անվտանգության աջակցությունը Ալիևի ռեժիմին․ «Քանի դեռ մենք դա չենք արել, Ադրբեջանը կշարունակի ահաբեկել Հայաստանի և Արցախի ժողովրդին, մինչև կհասնի իր ամենասարսափելի նպատակներին»։

Կոնգրեսականը նաև հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ։

«Առաջիկա օրերին ես նախատեսում եմ Կոնգրեսում բանաձև ներկայացնել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության կարևորությունը և պահանջելով լիովին արգելել ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին»,- նշել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել