ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ հայտնեց, որ ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։
Ըստ Թորոսյանի՝ թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։
«ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է ամբողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին։ Ադրբեջանի ՊՆ-ն շարունակելով իր բացահայտ կեղծքի գործելաոճը, փորձելով հիմնավորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ ագրեսիան, հայտարարություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն խախտել է այսօր՝ ժամը 09:00-ից սկսած հրադադար հաստատելու մասին հայտարարությունը՝ հրետակոծելով ադրբեջանական դիքերը։ Ադրբեջանի ՊՆ այս հայտարարությունը բացահայտ անհեթեթություն է, քանի որ կեսգիշերից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն չեն դադարեցրել հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծությունն ու գնդակոծությունը։
Այս կեղծիքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը արհամարհում է միջազգային հանրության կարծիքը՝ բացահայտ ստեր տարածելով Հայաստանի իբր ագրեսիվ գործողությունների մասին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ բացառապես պատասխանել է պաշտոնական Բաքվի սանձազերծած լայնածավալ ագրեսիային»։
comment.count (0)