Մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակով դիմել ենք ՄԻԵԴ․ Եղիշե Կիրակոսյան
22:42 - 13 սեպտեմբերի, 2022

Մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակով դիմել ենք ՄԻԵԴ․ Եղիշե Կիրակոսյան

Ադրբեջանի գործողությունները կոպտորեն խախտում են ՄԱԿ կանոնադրության հիմանարար դրույթները, Ադրբեջանը կիրառում է ագրեսիվ ուժ՝ խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը և սա նորություն չէ։ Այս մասին քիչ առաջ «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
Նա շեշտեց՝ այս ամենը նորություն չէ, քանի որ 2021 թվականի մայիսին  տեղի ունեցած առաջխաղացումը դեպի ՀՀ անվիճելի տարածքի խորք և այնտեղ ադրբեջանական ուժերի տեղակայումը ինքնին ագրեսիա էր և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում։ «Երեկ տեղի ունեցածը այդ ամենի շարունակությունն է։ Դա միջազգային իրավունքի տեսանկյունից դատապարտելի է և առաջացնում է ՀՀ անքակտելի իրավունքը՝ կիրառելու զինված ուժ՝ ի պատասխան այդ խախտման»։

Կիրակոսյանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում պատշաճ ձևով կքննարկվի այս հարցը և ԱԽ-ն ի զորու կլինի ձեռնարկել միջոցներ տարածաշրջանում կայունություն ապահովելու ուղղությամբ։ 

Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Հայաստան ուղարկվեն նոր խաղաղապահ խմբեր, Կիրակոսյանը նշեց, որ, իր կարծիքով, դա կլինի լավագույն լուծումը, չնայած դա բարդ  է կանխատեսել՝ հաշվի առնելով այսօրվա գլոբալ  քաղաքականությունը։ 

«Պետք է նմանատիպ, նոր, միգուցե նաև բազմազգ  ներկայություն, որպեսզի հնարավոր լինի կայունացնել իրավիճակը։ Մենք դիմել ենք նաև ՀԱՊԿ-ին, որը, ցավոք սրտի, մի քանի անգամ արդեն ցույց է տվել, որ որևէ գործում աշխատելու ունակ չէ, բայց, ամեն դեպքում, փորձել կարելի է։ ՄԱԿ հարթակում հնարավոր բոլոր ջանքերը գործադրելը կարևոր եմ համարում»։

Առավոտվանից մենք աշխատանքներ ենք իրականացրել, հավաքագրել ենք ինֆորմացիա և մեկ գերեվարված անձի իրավունքների պաշտպանության նպատակներով դիմել ենք ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը՝ մինչ նրա հայրենադարձումը։

Կիրակոսյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը ևս մեկ դիմում կուղարկի ՄԻԵԴ, որը կվերաբերի ներկա վիճակին․ «Դրանց արդյունքում կան քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ, վիրավոր քաղաքացիներ և այդ ամենը պետք է գնահատվի և իրավական գործիքները գործի դրվեն՝ խախտումները արձանագրելու համար»։

Նա նաև նշեց, որ պատրաստվում են նամակ ուղարկել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան։

Ավելի մանրամասն՝ 1lurer.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել