ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե դեմարկացիան և դելիմիտացիան ինչ սկզբունքներով է արվելու, ինչ իրավապայմանագրային հիմքերով է անելու, արդյոք կա որոշակի ըմբռնում կողմերի մոտ։
«Այս հարցը հրապարակային քննարկվել է, բայց նորից անդրադառնալու կարիք կա։ Ինչպես նախկինում, հիմա էլ արձանագրեմ․ ՀՀ դիրքորոշումը տրամաբանական է և հետևյալն է․ խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ պետք է հենվենք իրավական որոշումներ վրա, եթե խոսում ենք քարտեզների մասին՝ պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց դրա քարտեզը գեղանկարչություն է։
Մենք ուսումնասիրել ենք, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանների և քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։ Եվ մենք առաջարկել ենք, որ այս հենքի վրա իրականացվի դեմարկացիա և դլիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք ԱՊՀ ձևավորման հռչակագրով և հետագայում համապատասխան վավերագրով, ճանաչվել են։ Եվ պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկու փուլանի ագրեսիա է իրականացրել»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ երբ Ադրբեջանից հնչել էր տեսակետ, որ ոչ թե ԽՍՄ քարտեզների վրա պետք է հիմնվենք, այլ դրան նախորդած շրջանի, մեր ԱԳՆ-ն կես կատակ, կես լուրջ արձանագրել էր՝ նախախորհրդային որ քարտեզների հիման վրա։
«Մեր կարծիքն այն է, որ ԽՄ քարտեզների վրա պետք է հիմնվի։ Եթե Ադրբեջանը չի ճանաչում ԽՄ քարտեզները, չի հասկացվում տրամաբանությունը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս եղել է Խորհրդային Միության շրջանում։
Ադրբեջանը երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը։ Գնում է արևմուտք, ՀՀ-ին ներկայացնում է որպես պրոռուսական պետություն, և արևմուտքում, այսպես ասած, փորձում է առաջ մղել Հայաստանում ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։
Ռուսաստանի հետ հաղորդակցությունում ՀՀ-ին ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, և փորձ է անում ստեղծել ըմբռնում՝ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել արևմտամետ քաղաքականություն վարելու համար ու ՌԴ-ում ըմբռնում ստեղծել ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար։ Չեմ բացառում որ երկու կողմում էլ կան շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս։
Հույս ունեմ և համոզված եմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա, և մենք էլ շատ ինտենսիվացրել ենք մեր շփումները և՛ ՌԴ-ի, և՛ արևմտյան երկրների հետ։ Հայաստանը պռոքսի պետություն չէ և հավատարիմ է իր պարտավորություններին։
Մեր քաղաքական խնդիրը և դիրքորոշումը հետևյալն է․ ՀՀ և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է, և այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանը ասում է, որ նման բան չկա, նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ զրկվում են իմաստից, և որևէ իմնավորում չեն ունենում»,- նշեց Փաշինյանը։
Ռուստամ Բաքոյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է արձագանքել ՌԴ-ն, արդյոք այլ երկրներ էլ են շահագրգռված միջանքցի բացումով՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից։
«Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամբողջականության հարցում ուրիշների տեսակները մեզ շատ չպետք է հետաքրքրի, և մենք ասել ենք, որ ՀՀ տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու։ Այս առումով ուրիշների մեզ հետաքրքրում է երկրորդ հերթին։ Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ այս հարցով ունենք քննարկում և միասնական ըմբռնում, այդ թվում՝ իմ տպավորությամբ միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ խոսում է միջանցքի մասին, և եթե մի երկիր փորձի, մենք չենք քննարկելու»,- ասաց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Ադրբեջանին։
«Այդ առաջարկությունը ես առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին այն ընդունեն, մենք պատրաստ ենք դրա իրագործմանը։ Այդ առաջարկությունը այն մասին, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ»,- եզրափակեց Փաշինյանը։
comment.count (0)