Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|
22:14 - 14 սեպտեմբերի, 2022

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դադարեցնի մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի դեմ․ Freedom House-ը դատապարտել է Բաքվի ագրեսիան |factor.am|

factor.am: Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ։

Մասնավորապես, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող վայրերին շարունակվող հարվածների, Freedom House-ի նախագահ Մայքլ Ջ. Աբրամովիչը հանդես է եկել հայտարարությամբ: «Ադրբեջանի Զինված ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն մահաբեր հարձակումները Հայաստանի տարածքի վրա և հավատարիմ մնան ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողմից աջակցվող խաղաղ գործընթացին։ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է ընթանան դիվանագիտական և բանակցային ճանապարհով, այլ ոչ թե հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Աբրամովիչը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության ու անվտանգության։ «Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն կանոնների վրա հիմնված միջազգային կարգի մեջ, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավարական երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ հրադադարի կոչ անելու: Մենք ողջունում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին դիտարկել լրացուցիչ քայլեր՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել